Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

Արտենի` անջուր և մոռացված

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Արտենին գտնվում է Արագածոտնի մարզում: Թալինից մոտավորապես կես ժամվա ճանապարհ է դեպի Արտենի: Սակայն ամբողջ ճանապարհը, ավելի ճիշտ՝ մեծ մասը, փոսեր են, որի պատճառով ճանապարհը 15 րոպեով երկարում է: Բայց դա մի կողմ: Ես բնակվում եմ Թալինում: Մեր ջուրը շատ համեղ է: Այստեղ ծառերը, ծաղիկները և դաշտերը ջրվում են մեր խմելու ջրով: Սակայն կան գյուղեր, որոնք զրկված են խմելու ջրից, օրինակ Արագածը, Արտենին և այլն: Իմ մայրիկը ծնվել է Արտենիում, և ինձ այդ հիմնախնդրի մասին շատ բաներ է պատմել: Երբ նա դպրոցական էր (8-րդ դասարան), իրենց դասարանում մի աղջիկ կար, որը ծնողազուրկ էր և ապրում էր մի տնակում իր 77-ամյա տատիկի հետ: Տատիկը ստանում էր չնչին թոշակ (մոտ 15000 դրամ) և չէր հասցնում լուծել իր թոռան հարցերը: Նրանք գումար չունեին, որ ջուր գնեին և օգտագործեին, և մայրիկս ասում է, որ նրանք հարևաններից էին խնդրում, բայց նրանք միշտ չէ, որ կարողանում էին օգնել այդ ընտանիքին, որովհետև իրենք էլ ջուրը գնում էին:

Այս պատմությունը տեղի է ունեցել մոտ 25 տարի առաջ, բայց մինչ այժմ Արտենին զրկված է խմելու ջրից: Ջրի մեքենաներով ջուր են հասցնում գյուղ, և մարդիկ գնում են ջուրը:  Այնինչ այդ ջուրը մենք օգտագործում ենք ոչ միայն խմելու, այլև՝ լողանալու, լվացվելու, աման լվանալու համար:

Մենք ամեն շաբաթ, կիրակի գնում ենք գյուղ, և երբ մեքենայով ենք գնում, մեզ հետ ամաններով ջուր ենք տանում: Այնտեղ այդ ջուրը տալիս ենք ոչ միայն տատիկենց, այլև նրանց հարևաններին: Մենք որոշ չափով օգնում ենք արտենցիներին, սակայն դա քիչ է:

Հիմա Արտենիում Թալինի ջուրը տանում են ցիստերներով և մեկ լիտրը բաժանում են 170 դրամով: Չնայած նրան, որ հիմա էլ այդպիսի անապահով ընտանիքներ հաստատ կան, որոնք դժվարությամբ այդ գումարը վաստակում են ու տալիս են ջուր գնելու համար: Եթե այդքան գումար ջրին տան, ապա մնացած բաները ինչպես գնեն:

Բացի ջրից Արտենիում չկա նաև գազ, եկեղեցի, մանկապարտեզ, ոստիկան և բուժկետ: Հուսով եմ, որ մի օր պետությունը կլուծի արտենցիների վաղեմի երազանքը: Գոնե ջուր կունենան խմելու:

Զոդի փոշին

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Ես  ապրում եմ Զոդի  բանավանում: Մի փոքրիկ տարածք, որտեղ կա երկու գործարան: Դրանք իրենց վատ ազդեցությունն են թողնում մթնոլորտի եւ շրջակա  միջավայրի վրա: Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչպես կարելի է օրը մի քանի անգամ հագուստ փոխել, կամ տան փոշիները մի քանի անգամ սրբել: Միջավայրին վնասակար այդ օդը վատ է անդրադառնում նաեւ երեխաների վրա, եւ պատահական չէ, որ այստեղ  ապրող մարդիկ հիվանդանում են թոքային եւ սրտային հիվանդություններով: 

Իմ նշած գործարանները՝ Ոսկու կորզման ֆաբրիկան  եւ «Արարատ ցեմենտ»-ն են: Կարծում եմ, որ վերջինում պետք է տեղադրվեն փոշին կլանող սարքեր, որոնց բացակայության պատճառը երևի թե գումար  խնայելն է:

Գուցե խնդիրը այդքան մտահոգող  չլիներ, եթե տարածքը կանաչապատ լիներ: Մենք՝ Արարատ քաղաքի ապագա երիտասարդներս, պետք է  խնամքով եւ հոգատարությամբ վերաբերենք մեր բնակավայրի նկատմամբ, շատ կանաչ այստեղ աճեցնենք,  եւ թույլ չտանք, որ գործարանները վնասեն շրջակա միջավայրը և մեզ:

Ես չեմ հասկանում` ինչու

Լուսանկարը՝ Հենրիկ Շախտանյանի

Լուսանկարը՝ Հենրիկ Շախտանյանի

Ինձ հուզում է, թե ինչու են մարդիկ գնում արտագնա աշխատանքի: Ես երբեք չեմ հասկացել, թե ինչի պատճառով է, որ մարդիկ իրենց պետությունում չեն կարողանում իրենց համապատասխան աշխատանք  գտնել: Հիմա ես ինքս էլ գտնվում եմ այդ նույն իրավիճակում, արդեն վեց ամիս է, ինչ ծնողներս` հայրս և մայրս, գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում: Այստեղ չունենալով միջոցներ, որ կարողանային մեզ ապահով պահել, մեկնել են արտագնա աշխատանքի: Հիմա մենք ապրում ենք տատիկիս ու պապիկիս հետ, ուրախ եմ, որ նրանք իմ կողքին են: Ամեն անգամ դպրոց գնալիս մայրիկս դուրս էր գալիս և ճանապարհում էր ինձ, իսկ հիմա, երբ դպրոց եմ գնում, ամեն անգամ հետ եմ նայում և հիասթափություն եմ ապրում, երբ տեսնում եմ, որ մայրս էլ չի ճանապարհում ինձ դպրոց: Երբ դպրոցում բոլորը խոսում են իրենց ծնողներից, ես շատ լավ եմ կարողանում իմ ծնողների մասին խոսել, կարծես թե ամեն օր իրենց տեսնում եմ: Շատ դեպքեր են լինում, երբ ես ցանկանում եմ լսել խորհուրդներ իրենցից, բայց չեմ կարողանում: Նրանք մեզ տեսնում են տարին ընդամենը մեկ անգամ: Եվ այդ մեկ անգամը տեսնելուց նրանք էլ են զարմանում, թե ինչպես ենք մենք այդ մի տարվա ընթացքում մեծացել և փոխվել: Ամեն անգամ մեծ հույսեր ենք ունենում, որ նրանք կգան ու էլ հետ չեն գնա ուրիշ երկիր, բայց ամեն անգամ հիասթափություն ենք ապրում, երբ գալիս են ու նորից հետ են վերադառնում: Ափսոս, որ մենք չենք կարողանում գնալ իրենց մոտ, որովհետև դեռ սովորում ենք դպրոցում, և նաև, տատիկս ու պապիկս մեծահասակ են, չենք ցանկանում միայնակ թողնել նրանց:

Ես շատ կուզենայի, որ բոլորը իրենց երկրում աշխատանք գտնեին և դուրս չգային ուրիշ երկիր` ապրուստ հայթայթելու համար:

Ինչն է ինձ հուզում

Լուսանկարը՝ Ալիսա Հարությունյանի

Լուսանկարը՝ Ալիսա Հարությունյանի

Վերջին ժամանակաշրջանում նկատել եմ, որ մարդիկ դարձել են անտարբեր ամեն ինչի նկատմամբ: Ամեն երրորդ մարդ փողոցում  քայլում է իր սմարթֆոնի մեջ խորացած: Վերացել է հարգանքը մեծերի հանդեպ: Երեխաները սկսել են չսովորել, ավելի շատ կարևորում են իրենց համակարգիչներն ու սմարթֆոնները, քան գիտելիքը: Ազատ ժամանակ սոցցանցերում անցկացները շատերն ավելի են գերադասում, քան ընկերների հետ բակում խաղալն ու զբոսնելը կամ կարդալը: Փոքր տարիքի երեխաները մեծերի հետ խոսում են այնպես, կարծես իրենց տարեկիցները լինեն: Իհարկե, այս ամենը ցավալի է, սակայն կարծում եմ` դեռ կան այնպիսինները, որոնք կարող են վերջ դնել այս ամենին: Անցկացնելով հետաքրքիր միջոցառումներ և դասընթացներմեդիա դասընթացներ, նաև հենց  խաղերի տեսքով, կարելի է փոխել շատերի հայացքը գեղեցիկի, բարու և կյանքի հետաքրքիր կողմերի նկատմամբ: Չէ՞ որ դրա մի մասն էլ կազմում ենք հենց մենք:

Մերի Վարդանյան

Հայաստանում աշխատատեղերը շատ քիչ են, ինձ դա շատ է հուզում: Եթե առաջին չէ, ապա երկրորդ ընտանիքում հայրը Հայաստանում չէ, գնացել է արտագնա աշխատանքի, որ կարողանա ընտանիք պահել: Իմ հայրը նույնպես գնացել է արտագնա աշխատանքի, և ես շատ կցանկանայի, որ հայրս կողքիս լիներ:

Ինձ նաև շատ է հուզում մարդկանց մեջ հարգանքի պակասը: Հատկապես վատ եմ զգում, երբ մարդիկ սկսում են ծաղրել մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց: Շատ եմ նկատել, թե ինչպես են երեխաները ծաղրում իրենց այդպիսի հասակակիցներին ու չեն շփվում նրանց հետ: Այդ երեխաների ծնողները վատ են զգում դրա համար, և աշխատում են այնպես անել, որ երեխան տանից դուրս չգա:

Զինա Սարգսյան

Իմ շրջապատում մարդիկ ընդհանրապես չեն մտածում բնության մասին: Ինչքան կարող են, աղտոտում են շրջակա միջավայրը: Իրենց թափած աղբը հավաքում են միայն այն ժամանակ, երբ քաղաքապետարանը, դպրոցը կամ որևէ այլ կառույց կազմակերպում է շաբաթօրյակ: Մնացած դեպքերում մարդիկ միայն վնաս են հասցնում բնությանը, բայց անխնա օգտագործում են դրա բարիքները: Ինձ անհանգստացնում է ջրի հարցը, բայց ոչ թե մեր բնակավայրում, այլ գյուղերում: Մեր գյուղում` Արտենիում, խմելու ջուրը մարդիկ գնում են: Այնտեղ կան մարդիկ, ովքեր անապահով են և ջուրը չեն կարողանում գնել, այլ խնդրում են հարևաններից, ովքեր ամեն անգամ չէ, որ կարողանում են օգնել նրանց, ծաղրում են և թողնում նրանց ծարավ:

Լիլիթ Հարոյան

Առաջիկայում ունեմ բազմաթիվ նպատակներ, որոնց իրականացման համար խոչընդոտներ ունեմ հաղթահարելու, որի համար, ըստ իս, ժամանակ է անհրաժեշտ:

Մխիթար Գասպարյան

Ինձ հուզող խնդիրները շատ-շատ են: Նախ այն, որ իմ գյուղում չկա երաժշտական դպրոց, գեղարվեստի ուսումնարան, և դա շատ ցավալի փաստ է: Կրթական և գիտատեխնիկական առումով, իհարկե, զարգացվածությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, բայց երեխաները ծուլանում են կարդալ գեղարվեստական գրքեր: Կուզենայի, որ բարենպաստ պայմաններ ստեղծվեին, որպեսզի երեխաները ստանային բարձրորակ կրթություն: Ես հանդիսանում եմ այդ խնդրի վառ ապացույցը:

Սուսաննա Պետրոսյան

Ինձ հուզում է Թալինի ասֆալտապատումը, քանի որ վաղուց չեն ասֆալտապատել փողոցները, բայց հուսով եմ, որ մի օր կասֆալտապատեն: Ինձ հուզում է, որ այստեղ շատ տրանսպորտային երկաթուղային միջոցներ չկան, և շատերը օգտվում են տաքսի ծառայություններից: Ես կուզեմ ստեղծվի այս բոլոր պայմանները, որպեսզի մարդկանց կյանքը մի քիչ բարելավվի: Ինձ հուզում է նաև ջրամատակարարումը. Մենք ամեն օր ժամ-ժամուկես ենք ջուր ունենում: Ինձ հուզում է նաև ծառերի հատումը, աղտոտվածությունը: Աղտոտվածության պատճառով  ոչ միայն մարդիկ են տուժում, այլ նաև կենդանական ու բուսական աշխարհը:

Հայկ Հակոբյան

Մեկ երթուղային տաքսու մեջ երկու ավտոբուս մարդիկ. նրանց մեջ եմ նաև ես

Լուսանկարը՝ Զավեն Մելքոնյանի

Լուսանկարը՝ Զավեն Մելքոնյանի

Մեր գյուղին տրամադրված է մի փոքրիկ լուցկու տուփ, որի մեջ տեղավորվում է մի ամբողջ գյուղ: Սարսափելի և վտանագվոր իրավիճակի մեջ ես հայտնվում եմ, կարելի է ասել, ամեն օր: Այդ փոքրիկ լուցկու տուփը մեր ամբողջ գյուղին կապում է քաղաքի հետ, բայց ցավն այն է, որ օր է լինում` չես կարողանում դպրոց հասնել,  շատ շատերը համալսարան, աշխատանքի, որովհետև երթուղային տաքսին իրավունք չունի այդքան մարդու տեղափոխել, բայց…  Բայց շատ վարորդներ համաձայն են, որ տեղափոխեն 30-ից ավելի հոգի` 17-ի փոխարեն: Վախը սրտումս ամեն անգամ նստում եմ այդ երթուղային տաքսին` իմ կյանքը վտանգելով, որովհետև ես այլ ընտրության հնարավորություն չունեմ:  Իհարկե, իմ համագյուղացիները կարող են այլ տրանսպորտային միջոցից էլ օգտվել, բայց ավելի թանկ է պետք վճարել: Եթե շաբաթը մեկ անգամ ես գնալու քաղաք, ոչինչ, սակայն ով ամեն օր է օգտվում տրանսպորտային միջոցից, չի կարող վճարել 150 դրամ: Այս էլ մի խնդիր է իմ գյուղի բնակիչների համար: Հուսով եմ, որ մի օր այս հարցին լուծում կտրվի, և ես էլ վախը սրտումս չեմ գնա դասի: Հաճախ եմ սկսել լսել երթուղային տաքսիների ավտովթարների մասին տարբեր վայրերում: Ես արդեն հասկանում եմ պատճառը. հին մաշված փոխադրամիջոց, թույլատրելիից երկու անգամ շատ ուղևոր, քանդուքարափ եղած ճանապարհ, որ ձմեռները ծածկվում է սառույցով… Սակայն մարդիկ ամեն օր վտանգելով իրենց կյանքը գնում են աշխատանքի, դասի… Նրանց մեջ եմ նաև ես:

Ամբողջ գերդաստանից ընդամենը մեկը

Լուսանկարը՝ Մարինա Հարությունյանի

Լուսանկարը՝ Մարինա Հարությունյանի

-Իմ պապան էլ ա փրկվել Եղեռնից,- լսեցի տատիկիս ձայնը, երբ մտա սենյակ,  որտեղ հեռուստացույցով մի հաղորդում էր, և խոսում էր Եղեռնից փրկված պապիկի թոռնուհին:- Դե իրան աղջկա շորերով են պահել, որ թուրքերը ձեռք չտան,- շարունակեց տատիկս:- Իրենց ընտանիքն ու հարևաններից մի քանիսը թաքնվել են իրենց նկուղում,  բայց  թուրքերը բացի տները, մտել են նաև նկուղները ու ստուգել:  Նրանց էլ գտել են, դուրս հանել:

-Իսկ հետո՞,- հարցրեցի ես, չնայած շատ էի լսել այդ պատմությունը:

-Նրա հոր ու եղբոր վիզն են կտրել իր աչքի առաջ,- շարունակեց պատմել տատիկս հուզվելով,- փոքր քրոջն էլ կապել են մոր մեջքից և դեպի Արաքս քշել` սպանելու: Պապաս միշտ ասում էր, որ այդ ժամանակ Արաքսը արյունից ամբողջովին կարմիր ա եղել: Հետո նրան ուժեղ խփել են: Նա հարվածից ընկել ա, և թուրքերը, կարծելով որ նա մահացել ա, այդպես էլ թողել են նրան: Հետո երբ վեր ա կացել, տեսել ա ռուսական զորքը գալիս ա, մտածել ա, թե թուրքերն են: Գնացել ա իրանց նկուղ, որտեղ ուրիշ մարդիկ են դեռ թաքնված եղել, ասել ա, թե թուրքերը կարմիր պոպոզավոր գլխարկներով գալիս են ձիերով: Էդ ժամանակ էլ մարդիկ ասել են, որ դրանք ռուսներն են, ու դուրս են եկել: Ռուսական զորքը փրկել ա նրանց, պապաս հայտնվել ա Ստեփանավանի որբանոցում,- ավարտեց պատմությունը տատիկս և աչքերը սրբեց անձեռոցիկով:

-Նա Մշից էր, չէ՞,- հարցրեցի ես:

-Հա, Մշից էր,- հաստատեց նա:

Մի քանի րոպե տիրած ծանր լռությունը խախտեց տատիկս.

-Պատկերացնու՞մ ես, մարդն իր ազգանունը չիմանա: Դե պապան փոքր ա եղել, իր ազգանունը չի իմացել, հետագայում չգիտեմ, թե ով է նրան ազգանուն տվել: Ես ու երկու քույրս էլ ենք էդ ազգանունով գրվում, բայց չգիտենք, թե մեր իսկական ազգանունն ինչ ա:

Մի քանի րոպե լռելուց հետո ասացի.

-Ամենավատն են ա, որ չենք կարող պարզել, թե ձեր իսկական ազգանունն ինչ պիտի լիներ: Հենց էդ էլ եղել ա թուրքերի նպատակներից մեկը` եթե չկարողանան բնաջնջել, գոնե պատմությունը ջնջեն:

-Ինչքան դաժանություն են տեսել հայերը…- տատիկիս միտքը կտրեց հեռախոսազանգը, և ես դուրս եկա սենյակից` հեռախոսը վերցնելու: Բայց  մտքերս դեռ 1915 թվականում էին, և ես պատկերացնում էի կարմիր Արաքսին նայող մանկահասակ Իլիաս պապիկին:

Մենք վերապրողներ ենք

Լուսանկարը՝ Գեւորգ Պողոսյանի

Լուսանկարը՝ Գեւորգ Պողոսյանի

Մոտենում է ապրիլի 24-ը, շատանում են ցեղասպանության մասին նյութերը, պատմությունները։ Կամա, թե ակամա ինքս դառնում եմ դրանց մասնակիցը։ Հետաքրքրվում եմ, թե ինքս որտեղից եմ, որտեղից են իմ արմատները։ Հարցնում եմ պապիկներիս, տատիկիս, լսում եմ նրանց պատմությունը, թե որտեղից են եկել նրանց ծնողները։ Ահա և ևս մի այդպիսի օր մոտեցա պապիկիս՝ մայրիկիս կողմից՝ Արտավազդ պապիկին։ Նա ծնվել է Երևանում, բայց գիտի իր ամբողջ ընտանիքի պատմությունը։ 

«Իմ պապան ծնվել ա 1916թ-ին, Էրզրում գավառի Սարիղամիշ գյուղում։ Սարիղամիշը շատ հայտնի գյուղ ա, այնտեղ շատ ճակատամարտեր են եղել, հարուստ պատմություն ունի։ Ցեղասպանությունը, դու շատ լավ գիտես, մի տարում, մի օրում չի եղել։ Այն շարունակվել է տարիներ։ Իմ պապայիս ընտանիքը Էրզրումից գաղթել է 1918 թ.-ին։ Գյուղում այդ տարիներին ինչ-որ երկաթուղի էին սարքում, որի շինարարությունը այդպես էլ անավարտ մնաց, որովհետև ռուսական զորքերը հանկարծակի հետ քաշվեցին։ Ամբողջ գյուղը մնաց անպաշտպան։ Բնակչությունը չէր կարող գնալ զորքերի հետ։ Դե ինքդ պատկերացրու։ Այդքան կին, երեխա, տարեց մարդիկ, եզներ, սայլեր։ Նրանք շատ դանդաղ կշարժվեին, զորքի հետ չէին հասցնի։ Բայց գյուղում մնալն էլ էր վտանգավոր։ Ու իմ պապիկը՝ Մինաս պապը, նրա եղբայրը ու եղբոր տղան հավաքում են իրենց ընտանիքներին ու ոչ միայն ընտանիքներին՝ հարևաններին, ու որոշում գնալ Արևելյան Հայաստան, Արաքսը անցնելու։ Շարժվում էին մոտավոր Ղարսի ուղղությամբ։ Նրանց համար Արաքսն անցնելը կյանքի տվյալ պահի միակ հույսն էր, կանցնեին Արաքսը` կլինեին խաղաղության մեջ։ 1918թ-ին Սարիղամիշ գյուղից մեծ թափոր գնում է Արաքսը անցելու, մարդիկ շարժվում էին շատ դանդաղ։ Դանդաղ գնալու պատճառներից մեկը իրենց հետ գնացող սայլերն էին ու կենդանիները, իսկ մյուսը՝ այն, որ նրանք շարժվում էին գիշերով, որ ոչ ոք նրանց չտեսնի։ Ու այդպիսի մի գիշեր, երբ թափորը շարժվում էր առաջ, զգացվեց ջրի պակաս։ Մինաս պապը ու Աղասար ամին՝ պապիս եղբայրը, գնում են ջուր բերելու։ Երևի գնում էին իրենց արդեն ծանոթ վայրերով, որովհետև գիշերը չէր լինի գնալ անհայտ ուղղությամբ ջուր բերելու։ Գնալուց մի քանի րոպե հետո լսվում է կրակոցի ձայն, ավելի ուշ Աղասար ամին է վերադառնում, առանց ջուր ու առանց Մինաս պապ։ Ամենայն հավանականությաբ թուրքերը նկատել էին իրենց ու կրակել, կրակել էին մոտիկից, ու երևի պապս միանգամից մահացել էր։ Չեմ կարծում, որ պապիս եղբայրը ուղղակի վնասված եղբորը կթողեր այնտեղ, թեկուզ քաշ տալով կբերեր, բայց երևի տեղում էր մահացել պապս։ Կրակոցից հետո երկամյա պապայիս, իր երկու մեծ քույրերին և մեկ եղբորը խնամում է Տիրուն տատը։ Ի դեպ, պապայիս եղբայրը այդպես էլ չտեսավ Մինաս պապին, քանի որ դեռ այդ տեղաշարժումների ժամանակ Տիրուն տատը նրանով հղի էր։ Այդ գիշեր եղավ միայն այդ կրակոցը, և հետո էլ մեծ հարձակումներ չեղան։ Մինչև սահմանն անցնելը թափորը հանդիպում է Անդրանիկի զորքին։ Նրանք Անդրանիկի զորքի հետ անցնում են սահմանը և գնում են Սյունիք։ Գնում են, որովհետև Անդրանիկի հետ իրենց պաշտպանված էին զգում, գիտեին, որ իրենց հետ ոչինչ չի լինի։ Անդրանիկը գնում է Սիսիան, իսկ դրանից հետո էլ որոշված էր գնալ Ղափան։ Բայց դե ոչ բոլոն էին ուզում գնալ ու այդտեղ արդեն թափորը մասնատվում է։ Ոմանք գնում են Անդրանիկի հետ, ոմանք մնում Սիսիանում, իսկ ոմանք էլ Սևանով դուրս են գալիս Դիլիջան, Ստեփանավան։ Բայց այդ ամենը մեկ ամսում չի լինում, լինում է մեկ տարում, երևի նույնիսկ ավել։ Ստեփանավանից էլ իմ պապայի ընտանիքը հաստատվում է Լենինականի Ղալիջա գյուղում։ Այնտեղ նրանց տալիս են տուն, ապաստան։ Ես այնտեղ եղել եմ, տեսել եմ իմ հոր տունը։ Այն հողի մեջ փորված փոքրիկ տնակ էր։ Բայց իմ տատը աշխատանք չուներ, փող չուներ, շատ հաճախ ուտելիք էլ չէր ունենում։ Եվ որոշվում է իմ երկու հորաքույրերին տանել մանկատուն, որ սովից չմահանան։ Մի մորաքրոջս անունը Աղուն էր, մյուսինը՝ Ֆլորա։ Մանկատնից հետո նրանց մասին այլևս ոչինչ չգիտենք։ Այդ ժամանակ տարածված էր տիֆ հիվանդությունը, միգուցե վարակվել էին և մահացել, միգուցե մյուս որբերի հետ տեղափոխվել Ամերիկա։ Համենայն դեպս, նրանցից էլ տեղեկություն  չունեցանք։ Ինչ վերաբերվում է հորեղբորս՝ Խաչիկին, նա անհայտ կորել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։ Այսպես ասած «Սև թուղթ» չէր եկել, նրան համարել էին անհայտ կորած։ Իսկ պապաս՝ Հակոբը, մինչև Հայրենական Մեծ պատերազմը մասնակցել է Ֆիննական պատերազմին և վիրավորվել։ Ստացած վեքերի պատճառով նրան էլ բանակ չզորակոչեցին։ Նա վերադարձավ Հայաստան, կազմեց ընտանիք և կարծես վերսկսեց մեր ցեղը։ Իրենց ընտանիքից միայն ինքն էր ողջ մնացել։ Որպես նոր սկիզբ նա ունեցավ հինգ երեխա՝ Մինաս պապին, ինձ, Կարիկ պապին, Մայրանուշին և Սեդային։ Իսկ այ էս պատմությունը դու արդեն լավ գիտես, դրան ականատես ես, ինչպես և ես»։

Ահա և իմ ընտանիքի պատմությունը, ցեղասպանության ևս մի ապացույց։ Եղեռնը սկսվեց, որպեսզի ես հիմա չլինեմ, իսկ ես այժմ հայերեն տառերով գրում եմ ցեղասպանության մասին, թե ինչպես իմ ապուպապը ողջ մնաց, փրկվեց և շարունակեց  իր տոհմի գոյությունը։

Գարուն է Կալավանում

Լուսանկարը՝ Սիրան Մանուկյանի

Լուսանկարը՝ Սիրան Մանուկյանի

Վերջապես իր ջերմ դռները բացեց գարունը:  Մեր փոքրիկ գյուղում՝ Կալավանում, արդեն սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները: Բոլորը շտապում են այգի հող մշակելու, ծառ տնկելու և ուրիշ այլ աշխատանքներ կատարելու: Բայց հող մշակելը ծանր աշխատանք է, և տեխնիկայի պակասը էլ ավելի է դժվարեցնում գյուղացիների աշխատանքը: Բնակիչների մի մասը կարողանում է հողը փորել տրակտորի օգնությամբ, բայց ոչ բոլորը ունեն այդ հնարավորությունը: Շատ ցանքատարածություններ չեն մշակվում, հենց տեխնիկայի պակասի պատճառով: Գյուղացիները մշակում են միայն իրենց հարակից հողատարածքները: Չնայած այդ խնդրին՝ նրանք աշխատանքը կատարում են սիրով ու ջանասիրությամբ : Ու հույսով, որ մի օր կունենան գյուղատնտեսական տեխնիկա և դրանց օգնությամբ կկենդանացնեն շատ ու շատ հողատարածքներ: 

Ճանապարհը մեկուսացնում է գյուղը

Լուսանկարը՝ Էլեոնորա Բալյանի

Լուսանկարը՝ Էլեոնորա Բալյանի

Մեր գյուղը՝ Կալավանը, շատ փոքր է, բայց դա չի խանգարում ունենալ խնդիր, որը լուծում է պահանջում:

Ճանապարհները դժվարանցանելի են և վտանգավոր՝ ձմռանը երթևեկելու համար: Բնակիչների համար դժվար է 7 կիլոմետր անցնել գյուղից դուրս գալու համար: Մոտ 6 տարի առաջ աշխատում էր ավտոբուս, և մարդիկ իրենց բերքն ու բարիքը տանում էին քաղաքում վաճառելու:

Հիմա ամեն ինչ փոխվել է, անցուդարձը պակասել է, գյուղը կամաց-կամաց մեկուսանում է՝ չունենալով ելքի և մուտքի ավելի լավ ճանապարհ: Իսկ ճանապարհների վիճակը օր օրի ավելի ու ավելի է վատանում ձնհալքների և անձրևների պատճառով:

Մի որոշ ժամանակ առաջ անընդհատ գալիս ու խոստանում էին վերանորոգել ճանապարհները: Բնակիչները սրտի տրոփով սպասում էին շինարարական աշխատանքներին, բայց դրանք այդպես էլ մնում էին թղթերի վրա և իրականություն չէին դառնում:

Ամեն ինչ փոխվել է, մարդիկ արդեն չեն հավատում սուտ ու փուչ խոսքերին, որոնք թղթից դուրս ընդամենը անձրևի կաթիլներ են, որ արևի ջերմությունից գոլորշիանում են:

Երբ սկսեմ աշխատել

Լուսանկարը՝ Նարե Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նարե Խաչատրյանի

Երբ սկսեմ աշխատել, պատրաստվում եմ ֆինանսական աջակցություն ցույց տալ աղքատներին: Մի անգամ խանութում ականատես եմ եղել, թե ինչպես է վաճառողուհին կոպտել ֆինանսապես անապահով երեխային, շատ եմ ազդվել և որոշել եմ, որ առաջին կտավս վաճառելուց ստացված եկամուտով փակելու եմ այդ ընտանիքի պարտքերը և հոգալու եմ, որ այդ վաճառողուհին զրկվի իր աշխատանքից: Շատ եմ նյարդայնանում, որ մարդկանց հագուստով են գնահատում: Մտածում եմ, որ վատ հագնված մարդու հոգում ավելի շատ մարդկային հատկանիշներ կարող են լինել թաքնված, քան թանկարժեք հագուստների մեջ քողարկված ինչ-որ մեկի: Ինձ հուզում է իմ համայնքի գործազրկությունը, աշխատավարձերի չափը, անապահով ընտանիքների կեցության մակարդակը, մարդկանց անտարբերությունը: