Մանանայի արխիվից խորագրի արխիվներ

Քարակերտ հրաշքներից մինչև փրկօղակ Օպերայի համար

Մարգո Ղուկասյան (1927 - 2013), հայ արձակագիր, լրագրող։ ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ։ Աշխատել է «Պիոներ կանչ» թերթում և «Գարուն» ամսագրում: Հրապարակվել են գրողի ստեղծագործությունների մի քանի ժողովածուներ, որոնց մի մասը թարգմանվել են այլ լեզուներով: Վերջին գիրքը կոչվում է «Անվերնագիր…1915 թ.», որը հեղինակել է 80-անց հասակում, երեք տարվա ընթացքում:Նրա անունը գուցե երիտասարդ սերնդին ծանոթ չլինի, մինչդեռ անուրանալի է նրա դերը հայ լրագրողական, հրապարակախոսական մտքի զարգացման գործում: Մարգո Ղուկասյանը պարզ ու անմիջական էր, սիրով էր շփվում հատկապես երեխաների, պատանիների և երիտասարդների հետ, գրում էր հատուկ նրանց համար, փոխանցում իր մասնագիտական հմտությունները: Տարիներ շարունակ «Մանանա» կենտրոնի բարեկամներից մեկն էր, հաճախակի այցելում էր պատանի թղթակիցներին, վարպետության դասեր անում: Այսօր ձեզ ենք ներկայացնում 2006 թվականի հանդիպումը՝ նրա նոր հրատարակված՝  «Քարակերտ հրաշքներ» ակնարկների ժողովածուի կապակցությամբ:

-Ինչքա՞ն ժամանակում եք հավաքել Ձեր վերջին` «Քարակերտ հրաշքներ» գրքի նյութերը և ինչպե՞ս եք հավաքել:

-Մոտ 40 տարի հավաքել եմ այդ նյութերը: Իսկ պատճառն իմ մասնագիտությունն է: Ավարտելով Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` որպես լրագրող աշխատել եմ մանկական «Պիոներ կանչ» թերթում: Իսկ մանկական թերթում աշխատել, նշանակում է` անընդհատ գնալ երկրի շրջանները, ծանոթանալ դպրոցի վիճակին, գյուղին, երեխաներին, բնությանը: Եվ ուր գնում էի, միշտ ուսումնասիրում էի տեղի բնությունը և ճարտարապետական հուշարձանները: Մի գաղտնիք էլ բացեմ. իմ ամուսինը ճարտարապետ է, և մեր տանը ճարտարապետության մասին միշտ շատ է խոսվել: Մենք ունեինք հայկական, ինչպես նաև աշխարհի ճարտարապետության և նշանավոր հուշարձանների մասին շատ գրքեր և ալբոմներ, որոնք անընդհատ իմ աչքի առաջ են եղել, և երբ տեսնում էի մեր հուշարձանները բնության մեջ` չէի կարողանում անտարբեր անցնել դրանց կողքով: Սկզբում պարզապես գրառումներ էի անում, իսկ հուշարձանների մասին գրել սկսել եմ մոտավորապես սրանից 30-35 տարի առաջ:

-Ձեր գրքում նկարագրել եք շատ գեղեցիկ ու հին եկեղեցիներ: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նորակառույց եկեղեցիներին: Արդյո՞ք նույնն են զգացումները թե հինավուրց, և թե նորակառույց եկեղեցիների դեպքում:

-Ճիշտն ասած, ոչ, նույնը չեն: Երբ առաջին անգամ մտա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը, ինձ թվաց, թե մարզահամերգային համալիր եմ մտել: Մեր եկեղեցիները փոքր են, շատ մտերիմ են, երբ մտնում ես, միանգամից ամփոփվում ես պատերին, նայում ես գմբեթին, և այն շատ մեծ է թվում, չնայած որ դրսից փոքր է երևում: Մատուռներ կան, ուր նույնիսկ երկու հոգուց ավել մարդ չի կարող տեղավորվել, բայց երբ մտնում ես ներս, հոգևորի հետ ես շփվում: Երբ առաջին անգամ թոռնիկիս` Շողիկին, տարա Ծաղկաձորի Սուրբ Հարություն եկեղեցին և ասացի. «Շողիկ ջան, սա Սուրբ Հարությունն է»: Ասաց. «Տա՛տ, Սուրբ Հարությունի՞կը»: Այ, այդքան փոքր է: Ներսում 3-4 հոգի հազիվ տեղավորվի: Ես կուզենայի, որ շատ անգամներ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մտնելով` ժամանակի ընթացքում իմ վերաբերմունքը փոխեի, բայց առայժմ, ճիշտն ասած, հարազատությունը դեռ այնքան չեմ զգացել: Նորքի 5-րդ զանգվածում էլ մի նորակառույց եկեղեցի կա` Սուրբ Սարգիսը: Ասեմ, որ դա ինձ ավելի շատ դուր եկավ: Նախ շատ մեծ չէր, հետո` քարերի գույնը մուգ էր: Մեր եկեղեցիների համարյա մեծ մասը մուգ գույնի քարերով են` սև, մուգ շագանակագույն, կարմիր, նույնիսկ Սպիտակավոր եկեղեցի ունենք, որը սպիտակ քարերով չէ կառուցված: Դա հայկական եկեղեցուն բնորոշ չէ:

-Անչափ մեծ են Ձեր ստացած տպավորություններն այս կամ այն հուշարձանը նկարագրելիս: Դուք երկրորդ անգամ գնացել- թարմացրե՞լ եք Ձեր հիշողությունները, թե՞ ուղղակի գրառումներն են օգնել: 

-Գրառումներն, իհարկե շատ են օգնում: Օրինակ` Մակարավանքում հարյուրավոր թռչուններ կան քանդակված, բայց այդ հարյուրավոր թռչուններից ոչ մեկի գլուխը չկա, բոլորինը քարով ջարդել են: Դա մի սարսափելի տեսարան է: Մի անգամ որ տեսնես ու գրի առնես, այլևս երբեք չես մոռանա: Բայց կան հուշարձաններ, ուր բազմիցս եմ եղել, որպեսզի շատ ավելի ճշգրիտ դարձնեմ ուսումնասիրություններս: Օրինակ` Ծաղկաձորի Կեչառիսի հուշահամալիրը. 11 տարի ընտանիքով` հայրը, որդին և թոռը, աշխատել են այդ հուշարձանի վրա, և այդ 11 տարիների ընթացքում մի քանի անգամ հատուկ Ծաղկաձոր եմ գնացել, որպեսզի հետևեմ աշխատանքների ընթացքին: Վարպետների հետ զրուցել եմ, իրենց խոսքերը գրի եմ առել: Այսպիսով, 11 տարի շարունակ ես հետամուտ եմ եղել այդ աշխատանքներին, վարպետների կյանքին, տեսել եմ` ինչպես են քարը մշակում, ինչպես են կառուցում և այլն: Միանգամից հնարավոր չէ ամեն բան տեսնել: Ցանկացած հուշահամալիր 10-րդ անգամ էլ գնաս, միշտ մի նոր բան կտեսնես:

-Հիմա մեր քաղաքի արտաքին տեսքը փոխվում է, Դուք այդ երևույթին ինչպե՞ս եք վերաբերվում, ո՞րն է ճիշտը` նորացնել` պահպանելով հի՞նը, թե՞ ուղղակի նոր հատակագծեր գծել և նոր շինություններ կառուցել: Խոսքը վերաբերում է առաջին հերթին քաղաքի կենտրոնում կատարվող փոփոխություններին` մասնավորապես, Հյուսիսային պողոտային: 

-Այժմ մեր մշակույթն աղավաղվում է: Երբ ինչ-որ մեկը շենքի առաջին հարկը վերցնում է և, ասենք, խանութ է բացում, անմիջապես այն ուրիշ գույնի քարով, ներկով երեսպատում է, որպեսզի ուշադրություն գրավի: Սա պարզապես սարսափելի է: Չէ՞ որ երբ շենքին նայում ես, պետք է ամբողջությամբ տեսնես: Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտային… Օպերայի շրջակայքում չի կարելի ոչինչ կառուցել, Օպերան հայկական ճարտարապետության այնպիսի մի մարգարիտ է, որ չէր կարելի նրա հետ այդպես վարվել: Մի կողմից` այդ գաճաճ սրճարանները, որոնք չորս կողմից վրա են տվել, մյուս կողմից էլ` Հյուսիսային պողոտան, որի կառուցման ոչ մի մասշտաբներ չեն պահպանվում: Չի կարելի Օպերայի հենց հարևանությամբ կառուցել նրանից երկու անգամ բարձր շենք, դրանով իսկ ստորացնելով կոթողը: Օպերայի մուտքի մոտից երբ նայում ես շուրջդ, այնպիսի տպավորություն է, կարծես Օպերան խեղդվում է:

-Քանդվածներից ամենաշատը ո՞ր շենքի համար եք ափսոսում:

-Ես ափսոսում եմ քանդված բոլոր շենքերը և բոլորի համար էլ պայքարում եմ:

-Իսկ ինչպե՞ս կարելի է պայքարել:

-Այ, վերջերս ցույց արեցին երիտասարդները, երբ Աբովյանի վրա մի շենք պիտի քանդեին: Ահա այդպիսի ակցիաներ, ցույցեր են կազմակերպվում: Դուք ինքներդ էլ կարող եք մեծերի դեմ պայքարել: Չէ՞ որ ձեր շրջապատում էլ եք տեսնում: Կարելի է հոդվածներով հանդես գալ, հնարավորության դեպքում, ելույթներ ունենալ ռադիոյով, հեռուստատեսությամբ, մարդկանց ուշադրությունը հրավիրել խնդրի վրա, որպեսզի նրանք էլ ձեզ հետ պայքարեն:

-Իսկ ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը Երիտասարդական պալատը քանդելու գաղափարի վերաբերյալ:

-Գիտե՞ք, դա ուրիշ հարց է: Տարիներ առաջ այն օդանավից լուսանկարվել է, և պարզվել է, որ բլրի տակ ճաք կա: Ասում են, որ այդ շենքի վերանորոգումն ավելի շատ ծախս կպահանջի, քան այն քանդելն ու նորից կառուցելը: Բայց ասեմ, որ մեր ճարտարապետությանը շատ խորթ շենք է դա:

-Դուք ունե՞ք աշակերտներ, հետևորդներ կամ տեսնո՞ւմ եք այսօրվա լրագրության մեջ այնպիսի դեմքեր, որոնք շարունակում են Ձեր գործը: 

-Ի դեպ, ես մի քանի տարի դասավանդել եմ համալսարաններում և իմ փորձը հաղորդել ուսանողներին: Բացի դրանից, որոշ հոդվածներ էլ եմ գրել ժուռնալիստիկայի մասին, թե ինչպես պետք է ուսումնասիրել նյութը, ինչպես մոտենալ, որ չկեղծվի, այլ հնարավորինս ճշգրիտ ու գեղեցիկ լինի: Ճիշտն ասած, շատ լրագրողներ կան, որ խոստովանում են, որ ես ստեղծել եմ մի ուրույն լրագրողական դպրոց, և նրանք համարում են, որ ես իրենց ուսուցիչն եմ: Ես 10 գրքի հեղինակ եմ և մոտ 430 հրապարակում եմ արել: Սկսած 1967-ից` հրապարակել եմ իմ հոդվածները, բացի դրանից, նաև արտասահմանի հայկական մամուլում եմ տպագրվել: Վերջին 10-20 տարում էլ հոդվածներս թարգմանել են ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, վրացերեն: Եվ քանի որ ես այդքան գրել եմ, և մարդիկ էլ, մասնավորապես, երիտասարդ լրագրողներն էլ կարդացել են, կարելի է ասել, որ ես նրանց որոշակի բան կարողացել եմ տալ:

-Իսկ կա՞ն այնպիսի գրողներ, որոնց Դուք եք Ձեր ուսուցիչը համարում: 

-Մենք ունեինք հայազգի ռուս լրագրող` Մարիետա Շահինյան: Մոտ 40 տարի առաջ, երբ Եվպատորիայում հանգստանում էի, գնացի այնտեղի գրադարանից գրքեր վերցնելու, Մարիետա Շահինյան վերցրեցի` «Նամակներ Եվրոպայից»: Այդ նամակներում նա պատմում է այն երկրների մասին, որտեղ եղել է, յուրաքանչյուր երկրի մասին մեծ էսսեներ ու ակնարկներ է գրել, օրինակ` Իտալիայի երաժշտական կյանքի մասին, կամ` մի չեխ կոմպոզիտորի մասին և այլն: Երբ ես գիրքը կարդացի, ապշեցի, թե որքան հետաքրքիր ու խորը հրապարակախոսական գործեր էին դրանք: Ես հասկացա, որ եթե հրապարակախոսը կյանքը լավ ուսումնասիրի և կարողանա իր այդ ուսումնասիրածը լավ ձևով էլ շարադրել, ապա նրա ստեղծագործությունը գեղարվեստական գործի արժեք կունենա: Ընդհանրապես, եթե հրապարակախոսության մեջ մտնում է գեղարվեստականության տարրը, ապա դրա արժեքը մեծանում է: Ես միշտ ուշադրություն եմ դարձրել, թե Մ.Շահինյանը պրոբլեմին ինչպես է մոտենում, ինչպես է ուսումնասիրում այն և ինչպես է լուսաբանում: Պետք է խոստովանեմ, որ նրա բոլոր հոդվածներն էլ շատ մեծ տպավորություն են գործել:

-Այ, ձեր հոդվածներում տեսնում ենք, որ Դուք մեծ մասամբ Ձեր ամուսնու հետ եք ճամփորդել. Դուք` Ձեր նոթատետրով, ինքը` իր լուսանկարչական խցիկով: Չե՞ն պահպանվել, արդյոք, այդ լուսանկարները: 

-Քանի որ իմ ամուսինը ճարտարապետ է, և ինքը ճարտարապետի հայացքով էր նայում, ավելի ճիշտ էր նկարում: Երբ գիրքը հրատարակվում էր, ես շատ էի ուզում, որ մեծ թվով լուսանկարներ տեղ գտնեին այնտեղ, բայց գրքի համար այնքան քիչ գումար էր հատկացված, որ չհաջողվեց: Բայց այդ լուսանկարները կան:

-Ի դեպ, դուք գրում եք ինքնատիպ ոճով և շատ պարզ ու հանգամանալից եք շարադրում Ձեր միտքը: 

-Ես 17 տարի մանկական թերթում եմ աշխատել: Այդ տարիներին ձգտել եմ երեխաների համար ամեն ինչ գրել պարզ, ճշգրիտ, հասկանալի և գրավիչ: Ես դրա վրա հատուկ աշխատել եմ: Եվ հիմա էլ, երբ գրում եմ, իմ ոճի մեջ այդ պարզությունը պահպանվել է: Չէ՞ որ ցանկացած բարդ թեմայի մասին էլ կարելի է հասկանալի, բոլորի համար մատչելի լեզվով գրել: Ես այդպես եմ կարծում:

-Ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից հայ լրագրության մասին:

-Մենք ունեցել ենք և հիմա էլ ունենք շատ լավ լրագրողներ: Բայց ասեմ, որ այժմյան մամուլն այնքան էլ լավ վիճակում չէ: Երբեմն գրում են անհիմն, ոչ շատ մտածված, ցանկանում են ցնցող բաների մասին գրել և տպում են երբեմն շատ տգեղ բաներ: Ես սա չեմ ողջունում: Բայց, համենայնդեպս, ներկայիս լրագրության մեջ ակտիվություն կա:

-Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա լրագրողը: 

-Երբ ես գնում եմ դասախոսելու, ասում եմ, որ լրագրողին նմանեցնում եմ ուսուցչի և բժշկի հետ: Ուսուցիչը մտնում է դասարան, 30 հոգի է նստած, պետք է այնպես անի, որ այդ 30 հոգուն կառավարի, սովորեցնի, իսկ լրագրողը, երբ վերցնում է գրիչը, պետք է իմանա, որ նրան հազարավոր մարդիկ են կարդալու, և պատասխանատու է բոլորի առաջ: Բժիշկն էլ քննում է հիվանդին, նշանակում է անհրաժեշտ բուժումը: Գրողն էլ ինչ-որ մի պրոբլեմի մասին է խոսում, որը ազդում է ընթերցողի հոգու վրա: Ուրեմն, առաջին հատկանիշն այն է, որ լրագրողի պատասխանատվությունը շատ բարձր պետք է լինի: Լրագրողը պետք է լինի սպորտսմենի նման: Պետք է միշտ պատրաստ լինի գնալ այն թեժ կետերը, որտեղ ինչ-որ բան է կատարվել, ուր անհրաժեշտ է: Պետք է միշտ պատրաստ լինի հաղթահարել դժվարությունները: Բացի այդ, լրագրողը պետք է ազնիվ լինի, չխեղաթյուրի փաստերը:

Հանդիպումը կայացել է «Մանանա» կենտրոնում, 2006թ:

arxiv

Մանյակը

Ես մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու է մայրիկը բարկանում: Ես ու Մուշը ընդամենը գնացինք մինչև փողոցի ծայրը, որպեսզի Դավիթին ճանապարհենք: Ուղղակի հինգ րոպեով: Իսկ երկու ժամ հետո, երբ մենք վերադառնում էինք, մայրիկը տակնուվրա էր անում դպրոցը:

Նա մեզ էր ման գալիս, իսկ Մուշի ընկեր Հովիկը հոգեառ հրեշտակի նման գնում էր նրա հետևից: Նա առանց դադարի բուլկիներ էր խժռում և խոսում:

-Կորե՞լ են, Ռուզան մորաքույր: Դե, ոչինչ, մանյակն է տարել, էլի՜: Դրա մասին լսե՞լ եք:

Մայրիկս մի պահ քարանում է, նայում Հովիկի խոշոր, արագ-արագ շարժվող թշերին, փորձում է հասկանալ նրա ասածը: Իսկ Հովիկը շարունակում է:

-Էդ մանյակի վզի վրա մի մեծ ծակ կա: Էհ, Մուշի բախտը չբերեց, լավ տղա էր…

-Հովիկ, սուս մնա, էլի, ի՞նչ մանյակ:

-Ո՞նց թե՝ ինչ: Որ գողացավ՝ վերջ: Էլ չեք տեսնի: Էլ ման մի եկեք:

Մայրիկս փորձում է փախչել, բայց չի ստացվում:

Հովիկը կարծես թե լռեց, բայց մի պահ, ուղղակի պատառն էր կուլ տալիս:

-Դե լավ, Հովիկ: Մնա այստեղ, ես գնամ Մուշի հայրիկին զանգեմ: Որ Մուշենք գան, թող սպասեն:

-Չէ, էլ չեն գա: Մանյակից ո՞վ է փրկվել, որ իրենք փրկվեն: Մեր հայերենի ուսուցիչն էլ չկա, երևի մանյակի գործն է:

Մայրիկիս ոտքերը թուլացան:

-Զգույշ կլինեք,- նրա հետևից բղավեց Հովիկը,- մանյակը գուցե փրկագին ուզի: Բայց երևի բանը դրան չի հասնի: Մանյակներին փող պետք չէ:

Չգիտեմ, մայրիկը վերջին «խելամիտ» խորհուրդները լսեց, թե ոչ: Քիչ անց դպրոց էր սլանում հայրիկը, մեղմ ասած, գլուխը կորցրած:

Երբ ես ու Մուշը վերադառնում էինք, Հովիկը դեռ նստած էր դպրոցի բակում և մեծ ոգևորությամբ ուտում էր:

-Ա՜, եկաք: Դե, էլ արդեն վերջ, ուշացաք: Մամայիդ տարան հիվանդանոց, էլ չեք տեսնի: Հայրիկդ ոստիկանների հետ ձեզ ման է գալիս քաղաքում: Բայց այնքան հուզված էր, որ երևի… Խեղճ երեխեք, ձեզ երևի մանկատուն տանեն: Տատիկդ հո երեք երեխա չի՞ պահի: Հիմա ամեն բան այնքան թանկ է, որ: Մանկատունն իր դպրոցն ունի, երևի հենց էնտեղ էլ սովորեք: Մուշ, քո էն խաղը ինձ կտաս, չէ՞: Մանկատանը մեկ է, ձեռքիցդ կվերցնեն: Գոհ եղեք, որ ձեր ընտանիքից գոնե դուք կենդանի եք մնացել, թե չէ…

Լավ է, մայրիկը ժամանակին եկավ, թե չէ հիմա այս տողերը գրող չէր լինի: Ինչ մեծ երջանկություն, մենք գնում ենք տուն, մեր տուն…

Իսկ Հովիկը դեռ գալիս էր մեր հետևից, ախորժակով կուլ տալով հերթական բուլկին.

-Այս անգամ ձեր բախտը բերեց, բայց մյուս անգամ, որ փողոցային խուլիգանները բռնեն, էլ չեք պրծնի…

Գոռ Բաղդասարյան, 10տ.
1998 թ.

arxiv

Տոնական սեղանի հեքիաթներ

Պարող ճաշը

Մի անգամ իմ հայրիկը սպաս էր պատրաստում, չկարծեք, թե սպասը աղջիկ է: Նա տղա է: Հայրիկս բրինձն էր լցնում, ու բրնձի հատիկներն ասացին.

-Ա՜խ, ինչ լավ ա էսպես…

Նրանք շատ ծույլ էին, բլղուրն էլ էր այդպես, հավկիթն էլ, մածունն էլ, համեմն ու սոխուկն էլ: Բայց ջուրը շատ աշխույժ էր: Ծույլիկներին օգնության հասավ գդալ մայրիկը: Նա խառնեց սպասը, և ծույլիկները պարեցին: Ջուրը շատ հաճույքով էր պարում: Երբ սպասն արդեն պատրաստ էր, ծույլիկները հոգնեցին և քնեցին, իսկ ջուրը՝ ոչ:

Մանե Պետրոսյան, 8 տ.

 

Ծերուկ սոխը

Լինում է, չի լինում մի կծու լեզվով, չար ծերուկ սոխ է լինում: Մայրիկը, երբ սկսեց սոխը կտրատել, ծերուկն ասաց.

-Այս ի՞նչ արեցիք: Իմ թագավորական սիրուն շորը փչացրեցիք, անտաշ կին:

Մայրիկը չդիմացավ և լաց եղավ: Բայց սոխը չէր լռում, հա խոսում էր ու խոսում: Նրա բերանից վատ հոտ էր գալիս: Մայրիկը կարծեց, թե նա փչացել է ու գցեց աղբամանի մեջ: Աղցանն առանց սոխի էլ համով էր:

Տիգրան Դիվանյան, 7 տ.

 

Իմաստուն հավն ու հնդկահավը

Շիրակի գյուղերից մեկում հնդկահավն ապրում էր հավերի հետ՝ հավաբնում: Նա շատ գոռոզ էր և ասում էր.

-Այս զզվելիներն ովքե՞ր են, դո՞ւ ինչ ես արձանի նման ամբողջ օրը նստում բնի մեջ:

-Ես թուխս եմ նստել և հետո ձագեր եմ ունենալու,- նրան պատասխանեց հավը:

-Դու շատ զզվելի ես, չեմ ուզում կողքիդ նստել,- ասաց հնդկահավը:

-Ոչինչ, շուտով Նոր տարին կգա, կտեսնենք՝ ով որտեղ կլինի,- ասաց մայր հավը:

Երբ առաջին ձյունը եկավ, գյուղացի կինը մտավ հավաբուն, կեր տվեց փոքրիկ ճուտիկներին, հետո նայեց հնդկահավին:

-Մեր հնդկահավը շատ է մեծացել, ժամանակն է վաճառելու,- ասաց նա և հնդկահավին տարավ շուկա:

Մայրիկս հնդկահավը գնեց և տուն բերեց: Նա հնդկահավին դրեց գազօջախի մեջ, իսկ հնդկահավն ասաց.

-Վա՜յ, փրկեք, օգնեցեք, խեղդվեցի, շատ շոգ է: Մայրս հետո ջուր ավելացրեց, իսկ հնդկահավը բղավեց.

-Վա՜յ, ես թրջվեցի, խեղդվեցի, չորացրեք ինձ:

Երբ գազօջախից նրան հանեցին, մի քիչ հովանալուց հետո դրեցին սառնարանի մեջ, իսկ նա ճչաց.

-Ո՜ւյ, ես սառում եմ:

Իսկ հաջորդ օրը նրան դրեցին սեղանին և սկսեցին կտրատել: Նա այլևս չդիմացավ ու սկսեց լաց լինել: Հետո հիշեց հավաբունը ու իմաստուն հավին:

Վանիկ Առաքելյան, 10 տ.

 

Սոխն ու լավաշը

Լավաշն ապրում էր խորովածի տակ: Նրա լավագույն ընկերն էր սոխը: Նրանք արդեն սեղանի վրա էին, երբ լսեցին, որ երեխան մայրիկին ասաց.

-Մամ, տոնածառի լույսերը վառի:

Լավաշն ու սոխը երկար մտածեցին, թե դա ինչ է: Հարցրին կանաչուն: Կանաչին ասաց, որ դա սեղանի վրա գտնվող հյութի շիշը կարող է իմանալ. նա բարձրահասակ է:

-Ես գիտեի, բայց մոռացել եմ, ավելի լավ է հարցնեք տոնածառից ընկած խաղալիքին:

-Որ վերևից ընկա, հիշողությունս կորավ,- ասաց խաղալիքը:

-Սպասե՛ք,- ասաց սոխը,- տոնածառ բառը բաղկացած է տոն և ծառ բառերից, իսկ հիմա Նոր տարի է:

Քիչ հետո ընտանիքի բոլոր անդամները նստեցին սեղանի շուրջ, զանգերը հնչեցին, և բաժակները զնգացին:

Ափսեի հատակին շատ մութ էր, բայց ուրախ խոսակցությունները շատ լավ էին լսվում…

Էլիզա Ռուշանյան, 8 տ.

 

Տոնական սեղանի կոտլետները

-Աղացին՝ հերիք չէ, հիմա էլ գնդիկներ են պատրաստում,- փնթփնթաց միսը:

-Էս մարդիկ խիղճ չունեն,, հիմա էլ այդ սև պղպեղը, որ չեմ սիրում, հիմա կսկսեմ փռշտալ: Կանաչու համերն ինձ պետք չեն,- ասաց միսը,- իմ հոտն էլ, համն էլ շատ լավն է: Ինձ ուրիշ մթերքներ պետք չեն,- նա փնթփնթում էր ու փնթփնթում, բայց ոչ ոք նրան չէր լսում:

-Ո՛չ,- բարձր ճչում էր միսը և չէր հասցնում աչքերը փակել, երբ տատիկս նրանց գցում էր ալյուրի մեջ: Միսը նորից փնթփնթում էր,- ա՜խ, ա՜խ, ա՜խ, հիմա աչքերս կմռմռան, փրկեք: Էս մարդիկ ինձ գժվեցրին, աչքե՜րս…

Տատիկս մսե գնդիկները տափակեցրեց և տաք թավայի մեջ դրեց:

Շուտով ոսկեթուշ կոտլետները պատրաստ էին:

-Վա՜յ… Էս ինչ գեղեցիկ եմ… Հաստատ Սուրբ ծննդյան տոնին եմ մասնակցելու… Ուռռաաա՜:

Մարիետա Մարգարյան, 10 տ.

2011թ.

arxiv

Ես և հեռուստացույցը

Կրկնվող պատմություն

Երբ ես դպրոցից տուն եմ գալիս, հաճախ տանը բացի տատիկիցս մարդ չի լինում, բոլորն աշխատանքի են: Ես օգտվում եմ առիթից, պայուսակս գցում եմ բազմոցին, հաց եմ ուտում, նստում հեռուստացույցի առաջ, որպեսզի նայեմ սիրածս սերիալը: Այդ ընթացքում տատիկս մի քանի անգամ գալիս է ու հարցնում.

-Մերի՛ ջան, դասերդ արե՞լ ես:

Ես գլուխս թափահարում եմ՝ հասկացնելով, որ չեմ արել: Նա, բարկությունը զսպելով, գնում է լվացք անելու:

Մոտ երկու ժամ անց ես էլի հեռւստացույցի առջև ֆիլմ եմ դիտում: Բայց տատիկիս համբերությունն անսպառ չէ, նա արագ քայլերով գալիս է սենյակ և ասում.

-Դե, հերիք ա, գլուխս տարար, գնա՛ դաս արա: Ամբողջ օրը սերիալ, սերիալ…

Նրա ճառն ընդհատում է բջջայինիս զանգը: Զանգում է մեր դասարանի Էլենը, ում բոլորը Կոնչիտա են ասում՝ ինձնից ավելի սերիալամոլ լինելու պատճառով:

-Կոնչիտա՞,- զանգին պատասխանում եմ ես:

-Դե, գնա՛ էստեղից,- բացականչում է տատիկս:

Ես շուտ թռնում եմ մյուս սենյակ, քանի ծեծ չեմ կերել, իսկ տատիկս դեռ մրթմրթում է.

-Էս ձեր սերունդը… Բոլորիդ ուշքումիտքը սերիալն ա, տեսնես՝ էս հեռուստատեսությունը չլիներ, դուք ի՞նչ էիք անելու…

Բայց ինքը՝ տատիկս, առանց հեռուստացույցի ապրել չի կարող. դիտում է առավոտվա «Բարի լույս»-ից մինչև մյուս ամսվա պրոֆիլակտիկան:

Մերի Սիմոնյան, 15 տարեկան

***

Իմ վախերը

«1-02» հաղորդումը ես և՛ սիրում եմ, և՛ վախենում եմ, որովհետև տեսածս ամեն պահի կարող է իմ աչքի առջև կատարվել: Ամեն անգամ նայելուց առաջ մտածում եմ. «Արժի՞, նայե՞մ, թե՞ չէ: Եթե չնայեմ, չեմ վախենա, բայց, ախր, շատ հետաքրքիր է»: Եվ, վերջիվերջո, նայում եմ:

Մի անգամ երեկոյան ես տանը մենակ էի: Ես վախենում եմ երեկոյան տանը մենակ մնալուց: Վախենում եմ ոչ թե նրանից, որ հրեշները կամ գողերը կգան մեր տուն, այլ այն փաստը, որ կարող է հանկարծ լույսերն անջատվեն, ինձ սարսափեցնում է:

Շուտով պետք է սկսվեր «1-02-ը»: Ե՛վ վախենում էի լույսերի անջատվելուց, և՛ վախենում էի «1-02»-ը դիտելուց, մանավանդ, որ պետք է մենակ նայեի: Առաջ գոնե տան անդամներից մեկը հետս նայում էր, և այդքան շատ չէի մտահոգվում տեսածիցս: Հաղթահարեցի վախս ու նստեցի հեռուստացույցի առջև: Սակայն հաղորդման կեսին ինձ զանգահարեց դասընկերս, ում հետ վիճել էի դպրոցում: Վիճաբանությունը շարունակվեց հեռախոսով: Մեր վեճից տրամադրությունս շատ ընկավ, բայց ես գտա լավ կողմ մեր վեճի մեջ. ես չնայեցի «1-02-ը», չվախեցա և չմտածեցի լույսերի անջատվելու մասին:

Մանե Արշակյան, 14 տարեկան

***

Չի կարելի, բայց…

Ես սիրում եմ նայել ֆանտաստիկա: Իսկ ծնողներս նախընտրում են սովետական ֆիլմեր: Ինձ էլ շատ են դուր գալիս սովետական ֆիլմերը, օրինակ՝ «Բաղնիքդ անուշը», «3+2»-ը և այլն: Եթե ֆանտաստիկ ֆիլմը շատ վախենալու է, ինձ վտանգավոր է այն նայել, որովհետև միանգամից «գժվում եմ»: Օրինակ, երբ «Ավատարի» մեջ պայքար էր գնում, ավատարներն էլ վայրենի ձայներ էին հանում, ինձ վարակեցին: Ես տեղիցս վեր թռա, սկսեցի ցատկոտել տեղում և տարօրինակ ձայներ արձակել: Ինձ պետք է տեսնեիք: Երբ իմ սիրած սերիալը՝ «H2O»-ն է սկսվում, տանը պետք է կատարյալ լռություն լինի: Այդպես էլ լինում է: Բայց տասը րոպեից գալիս է մայրիկս և ասում.

-Վա՛յ, վա՛յ, վա՛յ, ինչպիսի հիմարություն, ո՞նց ես դու սա նայում:

Ես էլ պատասխանում եմ, որ իմ դուրը գալիս է: Իսկ նա ասում է.

-Առաջ դու լավ ճաշակ ունեիր:

Եվ հեռանում է: Ու այդպես ամեն օր:

Ինձ նաև դուր են գալիս ռոմանտիկ ֆիլմեր, բայց դրանք էլ ինձ չի կարելի նայել, որովհետև եթե տխուր տեսարաններ են լինում, երեք րոպեից ես արդեն շրջապատված եմ իմ ծնողներով, որոնք ինձ հանգստացնում են, արցունքներս մաքրում:

Մարիա Զաքարյան, 11 տարեկան

***

Սերիալների օգուտը

Պատկերացրե՛ք, դուք հոգնած-ջարդված մտնում եք տուն, միացնում հեռուստացույցը, իսկ այնտեղ միայն հեռուստասերիալներ են: Ես երբեք դրանց իմաստը չեմ հասկացել: Մինչև այս ամառ: Այս ամռանը՝ օգոստոս ամսին, ես գնացել էի տատիկիս և պապիկիս մոտ՝ ուրիշ քաղաք: Հենց այդ ժամանակ էլ ես սկսեցի սիրել սերիալները: Չէ՛, ուրիշ բան չմտածեք: Ես սկսեցի սիրել սերիալները, քանի որ տատիկս ու պապիկս ամեն օր սերիալ էին նայում, և ես ինչ ուզում անում էի: Նրանք տեսնում էին, որ սերիալի գլխավոր հերոսուհին գիրացել է, բայց չէին տեսնում, որ ես տուն եմ գալիս կեսգիշերին: Բայց Երևան վերադառնալով՝ ես նորից սկսեցի ատել սերիալները, քանի որ իմ ծնողները սերիալ չեն նայում:

Մերի Շարոյան, 13 տարեկան

***

Պատիժ

«И так, в нашем конкурсе… победил… участник… под номером…»:

-Ջան, լավ ա հասցրի, թե չէ՝ «32 ատամի» ամենահետաքրքիր մասը բաց էի թողնելու,- ուրախ բացականչեցի ես, երբ փոխեցի հեռուստաալիքը՝ չթողնելով, որ քույրս իր ամենասիրած ռուսական մրցույթը նայեր:

-Հա՛յկ, ինչի՞ փոխեցիր ալիքը: Շնորհք գոյություն ունի, չէ՞:

-Հա՛ս, լավ էլի, էդ ռուսական մրցույթներն ո՞ւմ են պետք:

-Ոչ մեկին էլ պետք չեն, բայց որոշ մարդկանց համար հետաքրքիր են: Հա՛յկ, էսօր կռվելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ հավես ունեմ: Էնպես որ, վահանակը հանձնի՛ ու անցի՛ դասերիդ:

-Հա՛ս ջան, ես իմ դասերը շուտվանից եմ վերջացրել, համ էլ մի՛ խանգարի, թող մի քիչ ծիծաղեմ, կյանքս երկարի:

-Ծիծաղի, ծիծաղի, թե ի՞նչ ես տեսել էդ տափակության մեջ ծիծաղելու, չեմ հասկանում,- հեգնանքով ասաց քույրս:

Իհարկե, երևաց, որ նա չի սիրում հայկական հումորային ծրագրերը և առհասարակ հայկական հեռուստաալիքները:

Ես լավ էի զգում ինձ որոշ ժամանակ, քանի որ քույրս ձայն չէր հանում, այլ լուռ նստել և ոչ թե հեռուստացույց էր նայում, այլ պարզապես հեռուստացույցին էր նայում:

-Լավ, Հա՛յկ, հերիք ա նայես, գնա՛, մի քիչ էլ ես նայեմ:

15-20 րոպե ձայն չեմ հանում, մտածում եմ. «Լավ, թող նայի»: Դե, հիմա տո՛ւր ինձ վահանակը:

-Չէ՛, ինձ հանգիստ թող, հենց կտեսնեմ հեռուստացույցով ոչ մի հետաքրքիր բան չկա, կտամ քեզ վահանակը:

-Հա՛յկ, ասացի՝ տո՛ւր:

-Չեմ տալիս:

-Տո՛ւր:

-Չեմ տալիս:

Քույրս զայրացած վեր կացավ, մոտեցավ հեռուստացույցին, որ անջատի, բայց մինչև նրա անջատելը հեռուստացույցն ինքն իրեն անջատվեց: Եվ ոչ միայն հեռուստացույցը. անջատվեց նաև սենյակի լույսը: Մի քանի վայրկյան լռություն տիրեց, որից հետո լսեցի մայրիկիս ձայնը խոհանոցից.

-Հա՛յկ, լույսերը տարան, մի հատ մոմ բեր, վառենք:

-Ո՞նց թե տարան, բա «32 ատա՞մը» …,- լացակումած ձայնով ասացի ես:

-Էս էլ քեզ պատիժ, դե, գնա՛,- ուրախ-ուրախ ասաց քույրս և, բացելով իր նոթբուքը, մտավ ինտերնետ:

Հայկ Սմբատյան, 14 տարեկան

***

Մեր դասարանի «հեռուստացույցը»

-Երեխե՛ք,- գոռալով դասարան մտավ Անիտան,- երեկ ո՞վ է «Բանակում»-ը նայել:

-Հա, իսկականից, աջակցեց նրան Սերյոժան, ես էլ երեկ չեմ նայել, ի՞նչ եղավ:

Հնչեց չարաբաստիկ զանգը, և, իր սովորության համաձայն, ուղիղ 8:31 ներս մտավ մեր ֆուտբոլասեր աշխարհագրության ուսուցչուհին:

-Ընկե՛ր Յավրյան, երեկ «Մանչեսթեր»- «Չելսի» խաղը նայեցի՞ք:

-Նորից սկսվեց… Հիմա՝ ֆուտբոլ, հետո՝ սերիալ, հետո՝ բոքս: Ու մինչև երեկվա բոլոր ալիքների հաղորդումները չքննարկեն, դաս չենք անի,- մրթմրթաց կողքիս նստող դասընկերս՝ Վահիկը:

-Հա՛, լավ,- դինջ ձայնով ասացի ես,- դասը սովորե՞լ ես:

Պատասխանը բացասական էր:

-Ուրեմն հանգիստ նստի՛… Կամ էլ դու ե՞րբ ես դասին ձեն հանում որ…

Հետո դասարանում Դինջ Վհուկ անունով հայտնի Վահիկը և Կատղաքնած Լուսոն, այսինքն՝ ես, ավելի հարմար տեղավորվեցինք և փակեցինք մեր ականջները, որ չլսենք դասարանի «հեռուստացույցը»:

Լուսինե Համբարձումյան, 14 տարեկան

***

Հեռուստացույցի պատճառով

Երբ տուն եմ գալիս, դաս անելու փոխարեն հեռուստացույց եմ դիտում: Իհարկե, հեռուստացույցի պատճառով դասերս չեմ կարողանում անել, բայց ինձ էլ է կարելի հասկանալ: Հեռուստացույց նայելուց հետո էլ ոչ մի կերպ չեմ կարողանում դաս անել: Մի անգամ գիշերը 11-ին մոտ սկսեցի դիտել մի սարսափ ֆիլմ և վստահ էի, որ ֆիլմից հետո դասերս կանեմ: Ֆիլմի ավարտից հետո գունաթափ եղած, վախեցած, դողդողալով գնացի և մեխանիկորեն պառկեցի անկողնուս մեջ և միագամից սարսափած քնեցի: Մի՞թե այսքանից հետո կարող էի դասերս անել:

Մանե Ենգիբարյան, 14 տարեկան

***

Ամեն օր նույնը

-Ժողովուրդ, նայեք, էս ի՞նչ փոշի ա,- ասաց Վարդգեսը դասամիջոցին՝ մատ ցույց տալով,- լավ եմ, չէ՞, հորինել:

-Չես հորինել, «Երևան» կոչեցյալն ես նայում ու կրկնօրինակում ես,- մեջ մտա ես:

-Ի՞նչ ա եղել որ, կարո՞ղ ա լավը չի:

-Չէ՛, ես բան չունեմ ասելու: «Համաշխարհային հայտնագործություն» ա էդ «հումորը»: Դրա համար էլ ժողովրդի մակարդակը շատ «բարձր» ա:

Վարդգեսը, չհասկանալով իմ բարոյախրատական ճառերը, չպատասխանեց և դասարանից դուրս եկավ:

«Քարոզներս միայն ինձ համար եմ կարդում»,- մտածեցի ես՝ հույսս կորցրած, որ ինչ-որ բան կփոխվի դեպի դրականը:

Երբ դպրոցից տուն եկա, հեռուստացույցը միացրած էր. գովազդ էր:

«Շուտով ելույթ կունենան հայ էստրադայի աստղերը»,- խոսում էր հաղորդավարը, իսկ նրա ասածներին հաջորդում էին «ցերեկային աստղերի» (մուղամի) գեղեցիկ կլկլոցները:

Սակայն այս «մութ ու խավարի» հետ մեկտեղ, ես մեծ հաճույք եմ ստանում, երբ դիտում եմ «Հայ սուպերսթարը», որտեղ վերջապես կարող եմ ասել, որ մասնակիցները առանց չակերտների երգում են: Շատ եմ սիրում «Բարի գիշեր, հայեր» հաղորդաշարը, «Ուրվագիծը», «Օտար ամայի ճամփեքի վրա»-ն և այլն:

Ուղղակի մի քիչ դժգոհ եմ, որ իմ հեռուստատեսության հանդեպ մոտեցումը կիսում են ինձ հետ միայն իմ ընտանիքի անդամները, այդ պատճառով էլ երբեմն չեմ դիմանում և ավելորդ խոսում եմ:

Շանթ Հակոբյան, 13 տարեկան

***

Հակամարտություն

Ես նստած հեռուստացույց էի դիտում և մտքումս ասացի. «Ըհը, էս մի սերիալն էլ նայեմ ու գնամ դաս անեմ, շատ հետաքրքիր սերիալ է…»:

«Ո՛չ, դու հենց հիմա պիտի գնաս դաս անելու: Դու շատ լավ գիտես, թե ինչ է լինում, երբ մի րոպե ավել ես նստում հեռուստացույցի դիմաց»,- ասաց իմ ամենավատ թշնամին և միաժամանակ լավագույն ընկերը՝ երկրորդ «ես»-ը:

«Լավ, այս անգամ խոսք եմ տալիս, հենց մի սերիալը պրծնի, միանգամից կգնամ,- պատասխանեցի ես:

«Էհ, դե վերջացրու, ես քո «միանգամից»-ը գիտեմ: Արագ դաս անելո՛ւ»:

Ես այդպես էլ չգնացի: Իսկ երբ նայեցի ժամացույցին, տեսա, որ 15 րոպեի փոխարեն արդեն երկու ժամ հեռուստացույցի դիմաց եմ: Տասը րոպեից էլ գալու էին ծնողներս և քույրս, աղմկեին, այսինքն՝ դաս անել հնարավոր չէր լինի…

Եվ այդպես ամեն օր… Հեռուստացույցը ոնց որ թմրանյութ լինի ինձ համար: Որ կպնում եմ, այլևս պոկ չեմ գալիս: Միգուցե ավելի լավ է ընդհանրապես հեռուստացույց չդիտել…

Իննա Ազնաուրյան, 14 տարեկան

***

Անհույս օրերիս հուսալի իմ ընկեր

-Վե՛ն ջան, մենք հիմա գալիս ենք դպրոցից քեզ վերցնենք, ու ես հիվանդանոց պիտի գնամ, քույրիկդ էլ կուշանա: Մի խոսքով, տանը մենակ ես մնում: Խելոք կմնաս, սեղանին ուտելու բան եմ դրել, միանգամից կուտես, որ չսառչի, ու հետո անպայման դաս կանես,- շարունակում էր այսպես խոսել հորաքույրս, բայց այլևս չէի լսում նրան, որովհետև այնքան էի ուրախացել, որ տանը մենակ էի մնալու, որ քիչ էր մնում գնայի ու ֆիզիկայի ուսուցչիս սիրո խոստովանություն անեի:

Ուրախ-ուրախ գնացի տուն. չէ՞ որ որոշել էի հիանալի ժամանակ անցկացնել: Տուն մտա և, հիշելով հորաքրոջս ասածը, որոշեցի մի քիչ լսել նրան: Հաց կերա: Երբ պատրաստվում էի զանգել ընկերուհուս՝ Մարիամին, որ նա հավաքի մեր ընկներներին, ու գան մեր տուն, հնչեց հեռախոսի զանգը:

-Ալո, Վեն ջան, ես հիվանդ եմ, կարո՞ղ ես գալ մեր տուն, երեխեքը մեր տանն են,- խզված ձայնով ասաց Մարիամը: Այդ պահին հիշեցի, որ հորաքույրս արգելել էր տանից դուրս գալ: Ստիպված էի մնալ տանը: Ինչ-որ ուրախ զբաղմունք էի ուզում գտնել: Հասկացա, որ ինձ շտապ ինտերնետ է հարկավոր: Արագ-արագ միացրի համակարգիչը, բայց ավելի տխրեցի, երբ հասկացա, որ կրկին տեխնիկական խափանումների պատճառով ինտերնետ չկա: Կատարյալ հիասթափություն էի ապրում: Տանն ինչ կար, արդեն կերել էի: Հանկարծ հիշեցի, որ մի բան կա, որ դեռ չեմ արել: Հեռուստացույցը: Այդ օրվանից սկսեցի ավելի շատ հեռուստացույց դիտել ու սիրել, քանի որ հասկացել եմ, որ միակ բանը, որ անկախ իմ տրամադրությունից ու ցանկությունից միշտ պատրաստ է ինձ ընկերակցել, հեռուստացույցն է:

Վեներա Գրիշյան, 13 տարեկան

2008թ.

arxiv

Լավագույնը երեխաներին

«Ինչո՞ւ երեխաների համար ամեն ինչ վատ է արվում: Լավ նկարիչը մեծերի համար է, իսկ ամենաանպետքը՝ երեխաների: Երեխաների համար գրքեր է գրում ամեն ոք, ով չի ծուլանում. և՛ ոտանավորներ, և՛ երգեր: Ում որ մեծերը լսել չեն ուզում, գնում է երեխաների մոտ: Իսկ մենք էլ հենց բոլորից շատ ենք սիրում լավ հեքիաթներ, նկարներ և երգեր»:

Յանուշ Կորչակ

Այդ դեպքում իսկապե՞ս լավագույնը երեխաներինն է…

Պատժաթոռներ

-Տիկի՛ն Կարապետյան, Տիգրանը այսօր չի գալու՝ մեջքն է բռնվել…

Ընդամենը մեկ ամիս է, ինչ սկսվել են դասերը, բայց Տիգրանը արդեն երկրորդ անգամ է բացակայում՝ պատճառը մեջքն է: Խեղճ տղան ամբողջ դասին մեջքը աթոռին չի հենում, քանի որ այնքան չոր է ու կոպիտ, որ մեռնելու չափ ցավեցնում է:

Կարծում եք՝ արդա՞ր է, որ ուսուցիչները նստում են փափուկ և հարմարավետ աթոռին, իսկ մեզ բաժին են ընկել այս չոր և արդեն օգտագործման համար ոչ պիտանի աթոռները: Կամ ինչո՞ւ են գրասենյակներում պահարաններն այդքան լավը, իսկ մեր պահարանը կոտրվում է անգամ մեկ տետրի ծանրությունից… Այո՛, անարդար է:

Ես հաստատ գիտեմ, որ Տիգրանը վաղը նույնպես դասի չի գա…

Դիանա Շահբազյան, 14 տ.

***

Հացի երեք փշրանք

-Երեխաներ, այս գումարը վերցրեք և գնացեք խանութ և ինչ ուզում եք՝ ձեզ համար գնեք,- ասաց մայրս, որպեսզի ես և եղբայրս պարզապես տանից դուրս գանք, և ինքն ու մորաքույրս հանգիստ զրուցեն:

-Մամ, բայց հաստա՞տ ինչ ուզենք՝ կարող ենք գնել,- համենայնդեպս հարցրի ես:

-Հա, հա, ինչ ուզեք,- իմիջիայլոց պատասխանեց մայրիկս:

Ժպիտը դեմքիս, մեծ վճռականությամբ մորաքրոջս որդու ձեռքը բռնեցի և քարշ տվեցի խանութ:

Նրա տրամադրությունը, չգիտես ինչու, ընկած էր: Սակայն դա երկար չտևեց: Ինչքան էլ նա դիմադրում էր, ես հասա իմ նպատակին: Եվ շուտով ժպիտը կախարդական մի շարժումով հայտնվեց նրա դեմքին: Դա այնքան էլ դժվար չէր:

Երբ հասանք խանութ, ես թխվածք գնեցի, հյութ և առաջարկեցի մի բան էլ ինքն ընտրի: Նա ոչինչ չասաց, սակայն ես գիտեի, թե ինչը կարող է նրա տրամադրությունը բարձրացնել: Դրանք, իհարկե, վնասակար, բայց շատ համեղ պաքսիմատներն էին՝ «Հացի երեք փշրանքը», որ մայրիկը երբեք չէր գնի: Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ եմ դրանք սիրում:

Ուրախ-ուրախ հասանք տուն, թխվածքը դասավորեցի ափսեի մեջ, հյութը լցրեցի բաժակները, իսկ պաքսիմատները տոպրակով դրեցի սեղանին:

Երբ մայրիկները ներս մտան, միանգամից նկատեցին արգելված տոպրակը:

-Այս ի՞նչ եք գնել,- զայրացավ մայրիկս:

-Այն, ինչ ուզել ենք: Դու չասացի՞ր՝ ինչ ուզում եք, գնեք,- հանգիստ ձայնով հիշեցրի ես:

-Բայց սա շատ վնասակար է առողջությանը: Հանկարծ չուտեք: Ավելի լավ է՝ մենք ուտենք, որպեսզի դուք առողջ մնաք,- ասաց մորաքույրս և արագ-արագ սեղանի վրայից վերցրեց «վտանգավոր» պաքսիմատները:

Լուսինե Ալեքսանյան, 14 տարեկան

***

Առանց ընկերների

«Դե արի ու հարմարվի էս անհարմարությանը,- մտածում էի ես,- ախր, սենց ո՞նց կլինի, ես չեմ կարա հարմարվեմ էս նոր դպրոցին: Չնայած ուրիշ ինչ կարամ անեմ, հը՞, ի՞նչ: Էս ամենը ինձնից կախված չի»:

Հիմա էլ լուռ նստած եմ նոր դասարանում, բոլորը աղջիկներ են, ոչ ոք չի խոսում, իսկ ես ուզում եմ ծանոթանալ կողքիս աղջկա հետ: «Ի՞նչ անեմ,- նորից մտածում էի ես,- լավ, հաշվում եմ մինչև տասը, եթե մինչ այդ չխոսեց, ես եմ խոսելու՝ 1, 2, 3… 10»:

-Դու այս դպրոցի՞ց ես,- հարցրի ես:

-Հա:

«Այ քեզ մարդ, նենց կոնկրետ պատասխանեց, որ էլ չկարողանամ շարունակել: Բա հիմա էլ ի՞նչ հարցնեմ»:

-Իսկ դպրոցում բուֆետ կա՞:

-Հա, կա, ոնց չկա,- հարցիս քմծիծաղով պատասխանեց նա:

«Հա, կծիծաղես, բա ինչ կանես, ասա՝ էդ հարցը որտեղից եկավ գլուխդ մտավ, մենակ ես կարայի էս րոպեին սենց անկապ հարց տալ: Է՜, լավ հա, ես էլ չեմ խոսելու, պետքս էլ չի»,- հազիվ զսպելով, որ բարձր չասեմ՝ մտածեցի ես: Ու արհամարհական շարժումներ անելով՝ հանեցի մի թուղթ ու սկսեցի նկարել:

-Իսկ դու ո՞ր դպրոցից ես եկել,- խոսեց կողքիս նստած աղջիկը:

-Երկրորդ,- զարմանալով, որ հարցն ինձ էր ուղղված, կամ որ վերջապես որոշեց խոսել, կարճ կոնկրետ պատասխանեցի ես ու էլի հազիվ ինձ զսպելով, որ բարձր չասեմ, մտածեցի. «Ըհը, հիմա էլ դու տանջվի, իզուր քո պատճառով այդքան բարկացա»:

Ո՞վ հնարեց էս ավագ դպրոցները, հը՞: Եթե մեծահասակների փոխարեն մեկը որոշեր, թե ում հետ ընկերություն անեն, ուր գնան սովորելու ու հաշվի չառնեն իրենց կարծիքը, կհամաձայնե՞ն: Մի՞թե մենք իրավունք չունենք ընտրելու այն, ինչ մենք ենք ուզում…

Սիրան Մանուկյան, 14 տարեկան

***

Մեր կյանքի կակտուսները

-Տիկ, Տիկ, կլինի՞՝ ես էլ ձեզ հետ զբոսնելու գամ:

-Չէ, Մաշ, մենք մեծերով ենք գնում: Գաս՝ ի՞նչ ես անելու:

-Էէ, բայց իմ ծնդդյան օրը քո նույն ընկերները չէի՞ն: Համ էլ, ես այդքան փոքր չեմ,- հետո բողոքեցի մայրիկին,- մա՜մ, ինչո՞ւ ինձ էլ իր հետ չի տանում:

-Նա է մեծը, լսիր նրան:

Ես վերցրի իմ արջուկն ու սկսեցի ինքս ինձ հետ խոսել.

-Ինչո՞ւ են մեծերն այսքան անարդար: Ասում են, թե ամեն ինչ մեր օգտին են անում, բայց հակառակն է ստացվում: Ասում են, թե մենք նրանց կյանքի ծաղիկներն ենք, բայց ծաղիկ ասելով հասկանում են կակտուս: Ասում են՝ մենք ենք նրանց կյանքի իմաստը, բայց կյանքի «արգելակների» նման են վերաբերվում: Երբ պետք է՝ նրանց նրանց համար մենք փոքր ենք, երբ պետք չէ՝ մեծ: Օրինակ, երբ ավագ եղբորս խնդրում եմ ինձ էլ կինո տանի, ասում է՝ դեռ փոքր եմ: Իսկ երբ խնդրում եմ, որ հյութ գնի, ասում է՝ մեծ եմ և ինքս կարող եմ գնել:

Մտքիս թելը կտրելով՝ իմ սենյակ ներխուժեց կրտսեր եղբայրս.

-Մաշ, ընկերներդ են եկել, քեզ զբոսնելու են հրավիրում:

-Հա՞… ասա թող ներս գան, ես հիմա կգամ:

-Ինձ էլ քեզ հետ կտանե՞ս:

-Չէ, դու դեռ փոքր ես:

Մանե Ռոստոմյան, 13 տարեկան

***

Վաղվանից՝ երեխաների ժողով

-Վաղը ծնողական ժողով է,- հայտարարեց դասղեկը,- բոլոր ուսուցիչները բողոքեր ունեն:

Այդ ժամանակ մտածեցի. «Ինչո՞ւ է այդքան «անարդար» երեխաների աշխարհը: Ինչո՞ւ չկան երեխաների ժողովներ, որտեղ կբողոքեն ծնողներից և ուսուցիչներից: Եվ ինչո՞ւ մեծերը տնային աշխատանք չեն անում: Ֆիզիկա, քիմիա, պատմություն, լեզուներ…

Վա՜յ, ինչ մեղք ենք մենք՝ երեխաներս»:

Բայց հետո հասկացա: Չէ որ նրանք էլ են երեխա եղել, դաս արել, նստել անհարմար աթոռներին: Ամեն ինչ ունի իր ժամանակը: Հետո էլ մենք կմեծանանք և կգնանք ծնողական ժողովների:

Բայց գոնե իրենց «դաժան մանկությունը» հիշելով՝ չկրկնեն նույնը:

Գևորգ Պողոսյան, 13 տարեկան

***

Ի՞նչ կփոխվեր

Երբ ես տարրական դասարանում էի սովորում, մեր դպրոցը որոշեցին վերանորոգել: Մենք ստիպված եղանք տեղափոխվել ուրիշ դպրոց, և մինչև մեր դպրոցը կվերանորոգեին, պետք է դասի գնայինք երկրորդ հերթով: Դպրոցից անմիջապես հետո ես և քույրս գնում էինք երաժշտական դպրոց: Երբ ես նվագում էի, քույրս էր նստում դասասենյակի բազմոցին և սպասում, իսկ երբ ես վերջացնում էի, մեր դերերը փոխվում էին:

Մի անգամ, երբ սպասողը ես էի, հոգնել էի նստելուց և որոշեցի կանգնել: Հենց կանգնեցի և փոքր-ինչ հեռացա բազմոցից, առաստաղից մի մեծ կտոր պոկվեց և ընկավ բազմոցի վրա: Բոլորս վախեցած շրջվեցինք, հատկապես՝ քույրս և ուսուցչուհիս, որովհետև նրանք կարծում էին, թե ես դեռ նստած եմ բազմոցին: Ուսուցչուհիս, իհարկե, շատ անհանգստացավ, անմիջապես տեղյակ պահեց բոլորին, սակայն ոչ ոք չանհանգստացավ, քանի որ արդեն ուշ երեկո էր:

Իսկ եթե անհանգստանային, դրանից ի՞նչ կփոխվեր:

Մարիամ Նալբանդյան, 12 տարեկան

2011 թվական

arxiv

Հայրենիքը այս է ահա

Առավոտ

Ձեռքս բռնած մի լավ հայրիկ,

Պատշգամբից նայող մայրիկ,

Մանկապարտեզ տաքուկ, սիրուն,

Ուսուցչուհի ինձ սպասող,

Զվարթ, զնգուն աղջիկ, տղա-

Հայրենիքը այս է ահա

Հրանտ Մաթևոսյան

 

Փոքր էի: Մանկապարտեզում հանդեսից առաջ ինձ ասել էին, որ եթե պապիկս Հրանտ Մաթևոսյանն է, թող ինձ համար բանաստեղծություն գրի: Այս օրվանից սկսած՝ երբ գնում էի պապիկիս տուն, խնդրում ու համոզում էի նրան, որ գրի այդ բանաստեղծությունը: Տատիկս ասում էր՝ պապիկը բանաստեղծ չէ: Հայրիկս էլ ասում էր, որ պետք է մանկապարտեզում ասել այդ մասին: Հաջորդ օրը մայրիկս հետս եկավ մանկապարտեզ և խոսեց տնօրենի հետ: Բայց դա ինձ չկանգնեցրեց: Մեկ ամիս շարունակ այնքան խնդրեցի պապիկիս, որ գրեց «Առավոտը»: Ես մինչև հիմա պահել եմ թղթի կտորի վրա ինձ համար գրված նրա երևի միակ բանաստեղծությունը:

Անի Մաթևոսյան, 13 տարեկան

Երբ Անին պատմեց պապիկի՝ գրող Հրանտ Մաթևոսյանի՝ իր համար գրած բանաստեղծության մասին, մտածեցինք. իսկ մեզ համար ո՞րն է հայրենիքը:

***

Դպրոցից շուտ դուրս եկա և սկսեցի արագ քայլել: Երբ ես բարկացած եմ լինում, արագ եմ քայլում՝ չնայելով շուրջս, չլսելով ոչինչ. ես այդպես հանգստանում եմ: Արագ քայլում էի՝ նույնիսկ չիմանալով, թե ուր եմ գնում, ուղղակի քայլում էի: Չգիտեմ՝ այսպես ինչքան կգնայի, եթե… Հանկարծ դիմացս տեսա մի փոքրիկ աղջկա, որը կանգնել և ժպտում էր՝ անդադար ինձ նայելով: Ես էլ ակամա նրան ժպտացի: Չեմ հիշում՝ ինչքան այդպես կանգնած մնացի, բայց երբ ուշքի եկա, աղջիկը չկար: Ես, ամեն ինչի մասին մոռացած, տուն գնացի:

Սիրան Մանուկյան, 13 տարեկան

***

Ընտանիքով տեղափոխվել ենք նոր բնակարան: Չնայած հին ու նոր շենքերն իրարից այնքան էլ հեռու չեն, բայց ես, այնուամենայնիվ, կարոտում եմ իմ հին բակը: Կարոտում եմ կոշկակար Ռուբիկին, ով ամբողջ օրն անցկացնում էր վարսավիր Արայիկի մոտ՝ վիճաբանելով քաղաքական տարբեր թեմաների շուրջ: Կարոտում եմ Արջուկին՝ մեր բակի շնիկին, որն ընդհանրապես նման էլ չէ արջուկի: Կարոտում եմ մեր հարևան տիկին Սուսանին, ով ամեն առավոտ արթնանում և իր համար մի նոր հիվանդություն է հնարում: Կարոտում եմ մեր բակի տաղավարը, որտեղ ամեն երեկո հավաքվում ու խաղեր էինք խաղում առանց տարիքային սահմանափակման: Բայց այն ժամանակ, երբ այնտեղ էի ապրում, նույնիսկ ուշադրություն չէի դարձնում այդ ամենի վրա:

Տեսնես հիմա ինչո՞ւ եմ կարոտում:

Գայանե Մարտիրոսյան, 16 տարեկան

***

Մենք ընտանիքով ամեն տարի ամռանը գնում ենք հանգստանալու: Երբ վերադառնում ենք տուն, ամեն անգամ ցանկություն եմ ունենում վազելու տան մեջ, որպեսզի վերհիշեմ մեր բնակարանը: Քաղաքից դուրս ես կարոտում եմ իմ տունը: Տեսնես՝ ինչի՞ց է: Ինձ թվում է՝ ես կարոտում եմ իմ մահճակալը, հեռուստացույցը և տան մյուս իրերը: Ես այնքան եմ մտերմացել մեր տան հետ… Արդեն աչքերս փակ կարողանում եմ տան մեջ քայլել:

Արամ Մնացականյան, 9 տարեկան

***

Լույսը բացվեց: Ես, դեռ լրիվ չարթնացած, լսեցի աղբի մեքենայի ձայնը, որից նորից դժգոհեցին մեր հարևան Սերոբ պապիկը և նրա շունը…

Քայլում էի փողոցով: Անցա կանգառի մոտով, որտեղ կանգնած քնաթաթախ մարդիկ սպասում էին իրենց երթուղայինին…

Դասարանում խոսում էի իմ դիմաց նստած Կարենի և Դավթի հետ…

Պատմության ժամին դասից մի փոքր շեղվելով՝ հիշեցի մեր բակի վարդենին, որն ամռանը պատված է լինում կանաչ տերևներով և ալ կարմիր վարդերով: Հետո հիշեցի ընկեր Սարգսյանի պատմած պատմությունները, և զանգը հնչեց…

Դպրոցից դուրս գալիս ականջիս հասավ մեր պահակի՝ պարոն Զորիկի մշտական հարցը.

-Փիլիպոսյանի դասարանն է, չէ՞:

Եվ այդ հարցի մշտական պատասխանը.

-Այո՛…

Նորայր Բարոյան, 13 տարեկան
***

Հայրենիքը իմ տունն է, իմ մանկությունը, հիշողությունները, բոլոր այն դեմքերը, որոնք տեսնում եմ ամեն օր: Ամռանն առավոտյան բացում եմ խոհանոցի պատուհանը, իսկ աջ կողմից Արարատն է ասում. «Բարի լույս»: Երեկոյան էլ ծիծեռնակների ձայնը հիշեցնում է, որ կարելի է դուրս գալ բակ՝ զբոսնելու: Հայրենիքը տատիկիս գյուղի տան սպիտակ թթի ծառն է: Փոքր ժամանակ, երբ բարձրանում էի գոմի տանիքին և վայելում թթի քաղցր համը, մայրիկս և տատիկս ներքևից բղավում էին.

-Նանե՜, զգո՛ւյշ, չընկնես, վտանգավոր է:

Նանե Աբելյան, 15 տարեկան

***

-Իջի՛ր, շո՛ւտ արա, իջի՛ր, վա՜յ, հիմա կընկնես,- դեռ չիմանալով, որ կատուները կարողանում են ծառ բարձրանալ, բղավում էի ես:

-Վա՜յ, դե, իջի՛ր, ուզում եմ մոտս լինես,- արդեն իմանալով, որ կատուները կարողանում են ծառ բարձրանալ, բղավում եմ ես:

Ու կատվիս գրկելով՝ գնում նստում եմ տաղավարում ու կարդում իմ սիրելի գրքերից մեկը: Գյուղում էի…

Հիմա էլ եմ նստում տաղավարում ու գիրք կարդում, բայց այն ժամանակ ուրիշ էր: Կատուս էլ հետս չի:

Մարիամ Նալբանդյան, 12 տարեկան

***

Շատ եմ սիրում նրանց, նրանք այնքան լավն են… Երբ ես նեղված եմ լինում կամ էլ ուրախացած, միշտ կարողանում եմ նրանց հետ կիսվել: Մենք շատ ենք սիրում երաժշտություն լսել, մանավանդ՝ ռեփ, սիրում ենք խենթություններ անել: Երբ ես ցանկանում եմ մենակ մնալ կամ էլ կիսվել ինչ-որ մեկի հետ, նրանք միշտ ինձ հետ են լինում, լսում են ինձ և երբեք չեն դավաճանում: Ես առանց նրանց չեմ կարող… Շատ եմ սիրում իմ նկարչական և բանաստեղծությունների տետրերը, բջջայինս և ֆոտոխցիկս, իմ մահճակալը, որի պատերի շուրջ տարբեր նկարներ ու պաստառներ են փակցված: Նրանք ինձ ավելի լավ են հասկանում, քան ընկերուհիներս:

Հայաստան Ապրեսյան, 16 տարեկան

***

«Էհ, ե՞րբ է գալու կիրակին: Գնամ, հասնեմ «Յոթն աղբյուրի» մոտ, կանգնեմ և կես ժամ սպասեմ Ջուլիետին, Դինջ Վհուկին, Գոգուշին և մյուս ընկերներիս: Ու երբ նրանք կհավաքվեն, կշարժվենք «Մեռյալ պողոտայով» դեպի «Վերածննդի պոնչիկանոց»: Ես Դինջի տեղը հաշիվ կփակեմ ու կլսեմ «Հաջորդ անգամ ես եմ վճարելու» նախադասությունը: Բայց ավելի շուտ ես ականջներս կհասցնեմ մինչև բերանս, քան Դինջը հաշիվ կփակի: «Վերածննդի պոնչիկանոցի» մոտից կհասնենք «Կասկադի վերին հարկ», Ջուլիետը կնստի ու իմ հաշվին կանի կերպարվեստի տնայինը: Ամբողջ Կասկադով մեկ կլսվի մեր աղմուկը: Հետո կգնանք Օպերայի բակ, որտեղ հաստատ կհանդիպենք Սերինեին, ու արագ քայլքով կգնանք Հանրապետության հրապարակի մետրո…»:

Այսպիսի անուշ երազանքների գիրկն էի ընկել, քանի որ մինչև հաջորդ կիրակի դեռ վեց դպրոցական օր կար:

Լուսինե Համբարձումյան, 15 տարեկան

***

Երբ մեր տան ժամացույցը չի աշխատում, ես անպայման առաջինն եմ իմանում այդ մասին: Ձեզ տարօրինակ կթվա, բայց իմ սիրած գործերից է գնալ ու մարտկոց գնել: Հետո էլ մեծագույն հաճույքով տեղադրում եմ այն ինձ հարազատ դարձած ժամացույցի մեջ: Սիրում եմ պատուհանից դուրս նայել դեպի մեր բակը և, տեսնելով ավտոտնակներն ու աղբը, պատկերացնել, որ մի օր այդ բակը կլինի մաքուր՝ ծաղկած ծառերով ու ծաղիկներով:

Փորձում եմ համակերպվել «քյառթուների» հետ և հուսալ, որ մի օր նրանք էլ բազմազբաղ կդառնան (միայն պատի տակ չեն նստի):

Սիրում եմ երազել և ապա տեղափոխվել իրականություն. այն իրականություն, որի մեջ ես ապրում եմ, և որն էլ իմ հայրենիքն է:

Շանթ Հակոբյան, 14 տարեկան

***

Ինքնաթիռը դանդաղ իջնում էր:

-Հեսա կհասնենք, մի քիչ էլ դիմացի,- ասաց մայրիկս:

Հանկարծ մենք մի ձայն լսեցինք.

-Սիրելի՛ ուղևորներ, մեր ինքնաթիռը վայրէջք է կատարում «Զվարթնոց» օդանավակայանում:

Ես չէի կարողանում զսպել ուրախությունս: Մի թխկոց լսվեց. ինքնաթիռը վայրէջք կատարեց: Ես ինքնաթիռից դուրս վազեցի և խորը շունչ քաշեցի:

-Իմ հայրենիքը այս է ահա,- ասացի ինքս ինձ:

Նելլի Հարությունյան, 10 տարեկան

***

Առավոտյան վաղ զարթնում էի, դեռ մութ էր լինում: 6:30-ին միայն թռչունների և թութակիս ձայնն էր լսվում: Հավաքում էի պայուսակս, նախաճաշում և դուրս գալիս տանից: Փողոցները դատարկ էին լինում: Բարձր տրամադրությամբ քայլելով հասնում էի դպրոց: Շատ էր դուրս գալիս առավոտյան շուտ տանից դուրս գալը: Դպրոցից վերադառնալիս պայուսակս միշտ նետում էի ծառի տակ և վազում դեպի ցայտաղբյուրը…

Բայց հիմա մի բան այն չէ: Արթնանում եմ ժամը ութին և վազում դպրոց: Հոգնած տուն եմ վերադառնում և զբաղվում տնային հանձնարարություններով: Օրս տխուր է անցնում առանց հարազատներիս: Նրանք մեկնել են Կանադա:

Դավիթ Բաղդասարյան, 12 տարեկան

***

-Մա՛մ, էսօր ի՞նչ ենք ուտելու,- ժպիտը դեմքիս հարցրի:

-Արի՛, քո սիրելի ուտելիքներն են՝ հավ, պիցա, սալաթ:

-Վա՜խ, գալիս եմ: Արագ ուտեմ ու Ռոնիին տանեմ դուրս,- ասացի ես և վազեցի ձեռքերս լվալու:

Երբ զգացի, որ կշտացել եմ, կանչեցի դուրս:

Կապելով նրա պարանոցակապը՝ տարա դուրս: Ես գիտեի, թե ինձ ինչ էր սպասվում դրսում: Դեռ դռնից դուրս չեկած՝ զգացի, որ կորցնում եմ կառավարումս, քանի որ ուզում էի գնալ դեպի ձախ, իսկ նա՝ այդ չարաճճին, քաշեց ինձ աջ: 15 րոպե անդադար ես վազում էի նրա հետևից և «խելոք» գնում այնտեղ, ուր տանում էր ինձ Ռոնին: Ես նույնսիկ մի պահ մտածեցի, որ նա է ինձ դուրս տարել՝ ման տալու: Վերջում, երբ արդեն սկսեց հանգիստ քայլել իմ կողքով, հասկացա, որ շա՜տ է հոգնել: Մենք գնացինք տուն, և Ռոնին անմիջապես գնաց քնելու, իսկ ես՝ ծնողներիս հետ ֆիլմ դիտելու և հանգստանալու:

Շանս ուրախ հաչոցը և վազվզոցը, մայրիկիս ուտեստները, ընտանեկան ուրախ տրամադրությունը, իմ սովորական և արտասովոր առօրյան. հայրենիքը այս է ահա:

Ինեսա Մանուկյան, 14 տարեկան

***

Եղբորս ձայնն արթնացրեց ինձ առավոտյան:

-Բարի առավոտ,- ասաց նա:

-Բարի առավոտ,- պատասխանեցի ես:

Եղբայրս գնաց դասի, իսկ ես մնացի անկողնում և սկսեցի մտածել: Մտածմունքներիս թեման ամեն օր նույնն է: Մտածում եմ, թե ինչ լավ է, որ արթնանում եմ իմ անկողնում, մեր տանը, գնում դպրոց, որտեղ ժամանակ առ ժամանակ հաճելի եմ անցկացնում ժամանակս, հետո՝ պարապմունքների գնալն էլ հաճելի է… Սակայն, ինչպես միշտ, դարձյալ չի հաջողվում մտածել մինչև վերջ, քանի որ գալիս է մայրիկս և ինձ վերջնականապես արթնացնում:

Ալեքսանդր Սարգսյան, 13 տարեկան

2011թ.

arxiv

Իմ Երևանը

Իմ Երևանը իմ ընտանիքն է: Իմ պատուհանից բացվող տեսարանը, նստարանը զբոսայգում, ամառվա զով քամին, մեր դպրոցի ծանոթ արահետը, Աբովյանով զբոսնող աղջիկներն ու տղաները, Կասկադի աստիճանները, Օպերայի բակը, երթուղայինում փիլիսոփայող ծերունիները… Այն ամենը, ինչը տեղի է ունենում Երևանում…

Երեք խորհուրդ

Այս անգամ իմ 8-ամյա համակարգիչն այնքան լսեց Զեմֆիրայի «Я хочу повеситься» երգը, որ ամեն օր կախվում է: Ի տաբերություն համակարգչիս, նման մտադրություններ չեմ ունեցել, ուղղակի մեկ-մեկ մտածել եմ, թե ինչի համար կարելի է մեռնել: Հիմա կասեք, թե մտածելու ուրիշ ախմախ բան չկա՞ր: Ըհը՛, կար, ու լավ էլ մտածել եմ: Վերջում էլ հասկացա, որ պարապությունը վտանգավոր է ու նման բաների մասին մտածելու հանճարեղ նախադրյալ է: Սկսեցի պարապ չմնալ: Հաճախ գնում էի այգի: Այնտեղ էլ հասկացա, որ այգում մթնոլորտը մեղմ է, գրելու հավես է ներշնչում, ու այնտեղից երկնքին նայելիս իրոք մխիթարվում ես:

Երբ երկինքը կատարեց իր մխիթարական առաքելությունը, ես հասկացա երրորդ ամենակարևոր բանը՝ բազմաթիվ անգամ հնչած, արդեն հոգնեցրած «Don’t worry, be happy» արտահայտությունը: Ու հիմա ես երևի ուրախ եմ և առանց նույնիսկ մի կաթիլ արցունքի, լիքը-լիքը ժպիտներով հասցնում եմ ապրել:

Վեներա Գրիշյան, 15 տարեկան

***

Իմ սիրելիները

Դասերն ավարտվելուն պես սկսվեց անձրևը: Երբ դպրոցից դուրս եկա, քայլերս դանդաղեցրի:

-Մա՛ր, արա՛գ քայլիր, կթրջվենք,- անընդհատ ինձ շտապեցնում էր ընկերուհիս՝ Լիդան:

-Ես էլ դա եմ ուզում,- պատասխանեցի ես: -Լի՛դ, նայի՛, տես՝ ի՜նչ լավն ա,- հիացած բացականչեցի ես՝ տեսնելով դպրոցի ցանկապատի անկյունում կուչ եկած կատվին:

Նա անձրևից չէր փախչում, երևի ինձ նման անձրև շատ էր սիրում:

-Մարիա՛մ, դրա ի՞նչն ա լավը, հետո՝ հերիք ա դրան կանչես:

Տեսնելով, որ չեմ պատրաստվում կատվից հեռանալ, Լիդան շարունակեց.

-Ես գնացի:

Նա ինձ չսպասեց, իսկ ես 15 րոպե շարունակ կախարդված նայում էի կատվին: Ի վերջո անձրևը հորդացավ, և կատուն փախավ: Երևում է՝ այնքան էլ անձրև չէր սիրում, այնուամենայնիվ: Ես շարունակեցի ճանապարհս: Փորձում էի ինչքան հնարավոր է դանդաղ քայլել: Երբ տուն հասա, քույրս արդեն եկել էր:

-Մարիա՛մ, «որբերդ» եկել են,- ինձ տեսնելով՝ ասաց նա:

«Որբերը» երկու անտուն կատուներն են, որոնք գալիս են, մեր պատուհանի տակ նստում և մլավում: Ես ամեն անգամ նրանց կերակրում եմ:

-Չէ՛, հիմա անձրև ա գալիս, հենց անձրևը վերջանա, կգան,- ասացի ես և շտապեցի սառնարանից հանել նրանց համար պատրաստած ուտելիքը:

Քույրս շարունակեց բողոքել.

-Առաջ մեկն էր, հիմա՝ երկուսը: Շուտով կատուների որբանոց ա բացելու…

Հիմա էլ կատուները գալիս նստում են պատուհանի տակ և, ինչպես քույրս է ասում, սերենադ են երգում, իսկ ես նրանց կերակրում եմ: Երևի արդեն եկել են: Արագ իջեցնեմ իրենց համար նախապատրաստած ուտելիքը, հանկարծ սոված չմնան:

Մարիամ Նալբանդյան, 12 տարեկան

***

Իմ ծառը

Մի օր, երբ ես բակ իջա, տեսա իմ ընկեր Վանիկին և իր հայրիկին: Նրանք ծառ էին տնկում: Ես ասացի.

-Կարո՞ղ եմ ես էլ օգնել:

-Արի՛:

Նրանք ինձ մի բահ տվեցին և մի ծառ, որ տնկեմ: Ես սկսեցի տնկել իմ ծառը: Ձեռքերս մի քիչ կեղտոտվեցին, բայց ես շատ հպարտ եմ, որ ծառ եմ տնկել մեր բակում:

Դավիթ Խանզադյան, 8 տարեկան

***

Խաղ

Մի անգամ ես ու ընկերս բակ իջանք, որոշեցինք բադմինտոն խաղալ: Մենք միասին երկու ժամ խաղացինք: Ընկերս այնպես խփեց գնդակին, որ այն ընկավ իմ գլխին:

-Վա՜յ, էս գնդիկն ինչքա՜ն ծանր ա, քիչ էր մնում գլուխս վրայիցս ընկներ,- ասացի ես:

Քիչ հետո էլ ես խփեցի նրա գլխին, և մենք շարունակեցինք մեր խաղը:

Վանիկ Առաքելյան, 10 տարեկան

***

Հեռանում եմ ես

Շուտով ես հեռանալու եմ Հայաստանից և կարոտելու եմ Երևանը: Ես Երևանում ամենաշատը սիրում եմ ընկերներիս հետ խաղալ բակում: Շատ կկարոտեմ իմ բակը և իմ ընկերներին: Նաև կկարոտեմ Հանրապետության հրապարակը, շատ եմ սիրում այնտեղի պարող շատրվանները:

Զարուհի Սարգսյան, 7 տարեկան

***

Սրճարանի «մշտական հաճախորդը»

Ես այգում եմ, ավելի ճիշտ՝ շատերն են այն այգի անվանում, բայց ես վաղուց արդեն հակառակ մտքին եմ: Ես երկաթից եմ պատրաստված, բարձրահասակ եմ (քչից-շատից), երկու գլուխ ունեմ, որոնք գիշերվա ժամերին լուսավորվում են: Ինձնից ձախ գտնվում է բացօթյա սրճարանը, իսկ աջ կողմում՝ կրկին սրճարան, այսինքն՝ կարելի է ասել, ես սրճարանում եմ գտնվում և շրջապատված եմ ծառերով ու ծաղիկներով: Ես օրվա ընթացքում զննում եմ, թե ինչ կա իմ շուրջը, ովքեր են ճաշում, միգուցե ծանոթ մարդկանց տեսնեմ, ովքեր հաճախ են գալիս այստեղ, միգուցե նրանք չզգան էլ, որ ես իրենց իմ ծանոթն եմ համարում: Երբեմն ես էլ եմ ուզում փորձել այդ ուտեստները՝ մոռանալով, որ այդ հնարավորությունը չունեմ ու բնավ կարիքն էլ չունեմ: Հաճախ ինձ թվում է, որ մատուցողը նոր տաքացրած ֆրին բերելու է և ինձ տա, բայց նա փոխում է իր ուղղությունը և տանում ուտեստը դեպի հաճախորդի սեղանը: Երևի այդպես ավելի լավ է, որ ես չեմ փորձում այդ ֆրին. իսկ ի՞նչ պետք է վճարեի, եթե մատուցողը հաշիվը բերեր:

Ամեն դեպքում, իմ կարգավիճակը բավականին լավ է, քանի որ գտնվում եմ ծառերի տակ, որտեղ զովացնող քամի կա, ստվերի տակ եմ: Իսկ ի՞նչ անեն այն նստարանները, որ արևի տակ խաշվում են: Ես կուզենայի նրանց ինչ-որ ձևով օգնել, եթե ոտքերս հողի տակ չլինեին: Գոնե լավ է, որ այդ նստարանների ստվերի տակ թաքնվում են տատրակները, որ ամեն վայրկյան ուտել են ուզում: Հուսով եմ՝ նրանք էլ մի օր կկարողանան օգտվել սրճարանից, հաստատ հաճախորդի պակաս չի լինի:

Բայց տվյալ պահին ես նայում եմ խաշվող նստարանին նստած տղային, որն ինձ է նայում և ինչ-որ բան գրում: Եվ ես ուրախ եմ: Ուրախ եմ, որ ինձ ինչ-որ մեկը նկատեց ու անտարբեր չանցավ իմ կողքով:

Շանթ Հակոբյան, 15 տարեկան

***

Չկա չարիք՝ առանց բարիք

Գրեթե ողջ ամառն անցկացրել եմ մայրիկիս և փոքր եղբորս՝ Դավթի հետ: Նրա մեկ տարին նոր էր լրացել և ամբողջ օրը գոռգոռում ու լացում էր: Ամբողջ օրը միայն լսում էի «Կաթի շիշը բե՛ր», «Տակդիրը գցի՛ր», «Խաղացրո՛ւ» և նման շատ այլ արտահայտություններ: Առաջին անգամն էր, որ ասացի.

-Ե՞րբ է գալու սեպտեմբերը, որ հանգստանամ:

Իսկ հիմա, երբ արդեն գալիս է սեպտեմբերը, ուզում եմ, որ հետ գան տակդիրները: Իմ աշխարհագրության ուսուցիչը միշտ ասում է. «Չկա չարիք՝ առանց բարիք»: Ես սովորեցի տակդիր փոխել:

Քրիստինա Սարյան, 16 տարեկան

2010թ.

arxiv

Երբ ես փոքր էի. մաս 2

Որտե՞ղ ես, հայրի՛կ

Երբ ես շատ փոքր էի, առավոտյան ամենավերջինն էի արթնանում: Աչքերս բացելուն պես տեսնում էի հայրիկիս, ով միշտ բարձր տրամադրությամբ գալիս էր, ինձ բարի լույս ասում ու բարձրացնում անկողնուց: Դա ինձ շատ էր դուր գալիս: Մի օր էլ, երբ քնած էի, հանկարծ աչքերս բացվեցին, և նկատելով, որ հայրիկս կողքիս չէ, ես առանց երկար-բարակ մտածելու բարձր բղավելով կանչեցի նրան.

-Պա՜պ:

Ու աչքերս նորից փակեցի: Մի վայրկյան անց լսվեց հայրիկիս շշնջացող ձայնը.

-Ի՞նչ ա եղել:

Ես աչքերս բացեցի, տեսա հայրիկիս՝ քնաթաթախ աչքերով, հոնքերը կիտած, մի փոքր խառնված մազերով ու ամենակարևորը՝ գիշերային հագուստով: Խառնված շուրջս նայեցի ու տեսա, որ դեռ մութ գիշեր է: Հայրիկս սպասում էր իմ պատասխանին, որը պետք է, որ շատ կարևոր բան լիներ, բայց իրականում ոչինչ էր:

-Լավ, հեչ,- շվարած պատասխանեցի ես ու անմիջապես փակեցի աչքերս:

Երևի խեղճ հայրիկս այդպես էլ չկարողացավ նորից քնել:

Եվա Հախվերդյան, 15 տարեկան, 2010

***

Չարաճճին

Երբ ես փոքր էի, շա՜տ-շա՜տ չարաճճի էի, բայց, միևնույն ժամանակ, շատ բախտավոր էի: Օրինակ, մի անգամ ես մեր հեռուստացույցի սեղանին էի խփում իմ խաղալիք ավտոմեքենայով: Հանկարծ սեղանի ոտքերը ջարդվեցին, հեռուստացույցը թռավ իմ գլխավերևով սեղանին, հետո ընկավ ինձնից մի միլիմետր հեռու՝ գորգի վրա, ննջարանի ծաղկամանն էլ եկավ հասավ հյուրասենյակ իմ մեջքի հետևից: Բայց ինձ բան չեղավ: Եվ, իհարկե, ես ոչ մի բանում մեղավոր չէի:

Կամ՝ մի անգամ մենք ընտանիքով մեկնել էինք Ֆրանսիայի ծովափնյա քաղաքներից մեկը՝ Լա Սիոտա: Մայրիկս մտավ ծովը՝ լողալու: Արդեն քանի օր էր՝ հանգստանում էինք այնտեղ, իսկ մայրիկս առաջին անգամ էր ջուրը մտնում, որովհետև նրա ձեռքը միշտ շղթայված էր լինում իմ ձեռքին, թե չէ՝ ինձ բռնել չէր լինի: Ինձ դեռ տասն ամսեկանից չէին կարողանում բռնել: Իմ կողքին էին հայրս, քույրս, հորեղբայրս, երեք հորաքույրներս  և նրանց հինգ տղաներն ու մեկ աղջիկը: Մայրիկս դեռ նոր էր խորացել ծովի մեջ, արդեն բարձրախոսով հայտարարում էին. «Գտնվել է մի երեխա, թող ծնողները ներկայանան»: Բայց մայրիկս ուշադրություն չդարձրեց՝ մտածելով, թե ես բարեկամներիս հետ եմ: Իսկ այն «ամբոխը», որն իմ կողքին էր, չէր նկատել, որ ես չկամ: Ջրից դուրս գալով՝ մայրիկս նկատեց իմ բացակայությունը և հասկացավ, որ հենց իմ մասին էին հայտարարում բարձրախոսով:

Ահա թե ինչպիսին էի, երբ փոքր էի:

Նաիրի Արեգ Հացպանյան, 9 տարեկան, 2010

***

Արդարության պաշտպանը

Ես մանկությունս անցկացրել եմ քեռուս տղայի՝ Արամի հետ, ով ինձնից վեց ամիս մեծ է: Ի տարբերություն ինձ, Արամը շատ խելոք և հանգիստ երեխա էր:

Մի օր, երբ ես երեք տարեկան էի, Հասմիկ մորաքույրս ինձ և Արամին տարել էր իր ընկերուհու տուն, ով ուներ ինձանից երեք տարով մեծ տղա: Տղայի անունը Խաչիկ էր: Խաչիկը գնում-գալիս էր՝ Արամին նեղացնում էր, իսկ Արամը նվնվում էր: Երբ Խաչիկը հյուրասենյակից դուրս եկավ, ես վազեցի նրա հետևից և ձեռքիս հովանոցով սկսեցի հարվածել Խաչիկին՝ ասելով.

-Դե, լացի՛, դե, լացի՛…

Մի կերպ Խաչիկին փրկեցին իմ ձեռքից, և մենք գնացինք տուն:

Վերջերս հանդիպեցի Խաչիկին, և բարևից առաջ նա ինձ հարցրեց.

-Դու դեռ այդքան չա՞ր ես…

Գայանե Մարտիրոսյան, 15 տարեկան, 2010

***

Շատ ուրախանալու արդյունքը

Եբ ես փոքր էի, շատ էի սիրում իմ ծննդյան օրերը: Հինգ տարեկան դառնալուս նախօրյակն էր: Շատ էի ուրախացել, որ հաջորդ օրը ստանալու եմ շա՜տ նվերներ: Արդեն կեսգիշեր էր, սակայն ես չէի էլ պատրաստվում քնել, որովհետև շա՜տ էի ուրախացել և ուրախությունից վազվզում էի տնով մեկ: Հանկարծ գլուխս հարվածեցի մեծ սեղանին, իսկ հետևանքները… Ես հայտնվեցի հիվանդանոցում: Ինձ վիրահատեցին: Հետո պարզվեց, որ իմ ծննդյան օրը բժշկիս ծննդյան օրն էլ էր: Եվ մենք սկսեցինք բողոքել: Նա բողոքում էր, որ իր ծննդյան օրը պետք է հերթապահի գիշերը, իսկ ես բողոքում էի, որ իմ ծննդյան օրը անցկացնելու եմ վիրակապած ճակատով:

Լուսինե Ղազարյան, 14 տարեկան, 2010

***

 «Ո՛չ» ուտելուն

Երբ ես փոքր էի, ուտել ընդհանրապես չէի սիրում: Մայրիկս ասում է, որ ես անգամ սովի զգացում չունեի:

Մի անգամ ինձ զոռով տոլմա էին կերակրում: Վերջապես վերջին կտորը զոռով բերանս դնելուց հետո ուղարկեցին քնելու: Ես այդ ժամանակ չորս տարեկան էի: Երբ զարթնեցի, տատիկս նկատեց, որ բերանիս մեջ ինչ-որ բան կա: Տոլման էր, որ մինչև այդ պահը բերանումս էր մնացել:

Հետո, փոքր ժամանակ ես շատ համառ էի: Եթե երեխաների մեծ մասի առաջին բառը եղել է «մամա», իմը եղել է ռուսերենով «ո՛չ» բառը: Դրա համար էլ իմ անունը դրել էին «девочка-неточка»:

Իննա Ազնաուրյան, 15 տարեկան, 2010

***

Տրամաբանություն

Փոքր ժամանակ շատ էի սիրում քիթս մտցնել մեծերի գործերի մեջ: Երբ մեծերը սուրճ էին խմում, գնում էի մայրիկիս մոտ և ասում.

-Ես էլ եմ ուզում:

Մայրիկս ասում էր.

-Ո՛չ, եթե երեխաները փոքր հասակից սուրճ են խմում, նրանց մաշկը սևանում է:

Մի անգամ մայրիկիս հետ զբոսնում էինք, և ես նկատեցի մի սևամորթ կնոջ: Սկսեցի մատով ցույց տալ նրան և ասել.

-Մա՛մ, մա՛մ, նայի՛, էս մորաքույրը շատ ա սուրճ խմել:

Իսկ այդ կինը, չհասկանալով, թե  ինչ եմ ասում, պարզապես նայում էր ինձ և ձեռքով անում: Տեսնես ի՞նչ էր մտածում:

Քրիստինա Սարյան, 15 տարեկան, 2010

***

Վեճերի պատճառը

Փոքր ժամանակ ես եղել եմ շատ քնկոտ և ցերեկային ժամերին հինգից յոթ ժամ քնել եմ: Շատ անգամ մայրս մոտենում էր և կամաց մատը մոտեցնում քթիկիս՝ համոզվելու համար, որ շնչում եմ:

Երբ փոքր էի, նաև սիրում էի լինել շատ մարդկանց շրջապատում: Ինձ ավտոբուսում տեսնելով՝ մարդիկ միշտ ասում էին.

-Վա՜յ, ի՜նչ համով բալիկ է…

Եվ ես ոգևորված սկսում էի ծայրից ծայր  «Մկների ժողովն» արտասանել մինչև մեր իջնելու կանգառը:

Հիմա, երբ մայրիկս էլի ինչ-որ բաներ է պատմում իմ մանկությունից, անպայման վերջում ավելացնում է.

-Տե՛ս, է, փոքր ժամանակ ինչ խելոք երեխա ես եղել, իսկ հիմա…

Հենց այդպես են ամեն անգամ սկսվում իմ ու մայրիկիս միջև վեճերը:

Տաթև Հակոբյան, 15 տարեկան, 2010

***

Ո՞վ կհասնի առաջինը

Առաջ մայրիկիս ոչ մի կերպ չէի թողնում առանց ինձ ինչ-որ տեղ գնալ: Ամեն անգամ, երբ լսում էի, որ մայրս պետք է տանից դուրս գա, արագ հագնվում էի և պատրաստ սպասում նրան, անկախ նրանից, թե նա պատաստվում էր ինձ տանել իր հետ, թե՝ ոչ: Մի օր, երբ դեռ հինգ տարեկան էի, մայրիկս պետք է գնար ընկերուհու տուն: Ես նրան հարցրեցի.

-Մա՛մ, կլինի՞ ես էլ գամ:

Նա ասաց.

-Ո՛չ:

-Մա՛մ, գոնե իջնեմ բակ խաղալու, հա՞,- համարյա լաց լինելով ասացի ես:

Մայրս թույլ տվեց: Ես արագ-արագ հագնվեցի և դուրս եկա բակ, բայց ոչ թե խաղալու, այլ մայրիկից շուտ նրա ընկերուհու տուն հասնելու:

Երբ հասա, տիկին Անահիտն ասաց.

-Բարև, Շուշա՛ն ջան: Բա մաման ո՞ւր է:

-Հիմա կգա,- պատասխանեցի ես:

Երբ մայրիկս եկավ, կարծում էի՝ կբարկանա, բայց նա ինձ տեսնելուն պես սկսեց ծիծաղել:

Շուշան Աբրահամյան, 15 տարեկան, 2010

arxiv

Երբ ես փոքր էի

Պլաստիկ վիրահատություն

-Մա՛ն, կուզե՞ս քիթդ փոքրացնեմ, սիրուն քիթիկ ունենաս,- հարցրեց քույրս ինձ, երբ ես վեց տարեկան էի:

-Հա՛, հա՛, փոքրացրո՛ւ, խնդրում եմ, փոքրացրո՛ւ,- միամտորեն համաձայնեցի ես:

-Մի քիչ կարող ա ցավա, ոչի՞նչ,- զգուշացրեց քույրս:

-Հա՛, հա՛, ոչինչ, վիրահատություն ես անելո՞ւ,- փայլփլող աչքերով հարցրի ես:

-Վիրահատելու եմ, ճիշտ ես: Մի րոպե, սարքերը բերեմ:

Քույս բերեց հղկաթուղթը և սկսեց աշխատել:

Հաջորդ օրը մանկապարտեզի դայակս, ինձ տեսնելով, սարսափահար հարցրեց.

-Մանե՛, այս ի՞նչ է եղել քիթդ: Վառե՞լ ես, ընկե՞լ ես…

-Չէ՛, չէ՛, մի՛ անհանգստացեք, ընկե՛ր Գոհար, ուղղակի քթի պլաստիկ վիրահատություն եմ արել, վաղը կանցնի:

Համենայնդեպս, քույրս ինձ այդպես էր ասել:

Մանե Ենգիբարյան, 14 տարեկան, 2010

***

Փաստորեն, խառնակիչ եմ եղել

Մի անգամ ընտանիքով գնացել էինք մեր ծանոթի տուն: Նա նոր էր ամուսնացել և ծանոթացրեց իր կնոջ հետ: Բոլորը սկսեցին գովել այդ աղջկան, անիմաստ շողոքորթում էին: Մեկ էլ այդ տղան՝ Արամը, հարցրեց ինձ.

-Հը՞, ճաշակս լավն ա, չէ՞:

-Հա՛, լավն ա, բայց սկզբից մտածեցի, որ մամադ ա,- հանգիստ ձայնով պատասխանեցի ես:

Արամի կինը զայրույթից կարմրել էր: Անհարմար վիճակից դուրս գալու համար՝ քույրս ասաց.

-Վե՛ն, բայց ինչքան շատ ես տափակ հումորներ անում:

-Ես հումոր չեմ անում, ոնց որ մեծ կին լինի, համ էլ դու չես տեսնո՞ւմ,- վիճակն ավելի բարդացնելով և կատակի ոչ մի նշույլ չթողնելով՝ պատասխանեցի ես:

Խեղճ աղջիկը լացակումած գնաց իր սենյակ:

Հիմա, երբ տեսնում եմ նրան փողոցում, անմիջապես ճանապարհս փոխում եմ ամոթից:

Վեներա Գրիշյան, 14 տարեկան, 2010

***

Չկայացած ընկերություն

Երբ մենք նոր տուն էինք տեղափոխվել, ես վազեցի բակ՝ նոր ընկերներ ձեռք բերելու: Տեսա մի փոքրիկ աղջկա՝ միայնակ նստած: Սկզբից ամաչեցի մոտենալ, բայց մտածելով, որ եթե հիմա ինչ-որ մեկի հետ չընկերանամ, հետո կարող է ուշ լինել, ինքս իմ մեջ ուժ գտա և քայլերս ուղղեցի առաջ: Քայլեցի, քայլեցի և նորից կանգնեցի, պտտվեցի և փորձեցի ևս մի րոպե մտածել՝ որոշում կայացնելու համար: Երկու րոպե մտածելուց հետո քայլեցի աղջկա մոտ: Բայց դեռ նրան չհասած՝ չդիմացա, նորից կանգնեցի: Որոշեցի մի անգամ ևս մտածել, վերջին անգամ, ևս մեկ անգամ, որ հետո չփոշմանեմ իմ կայացրած որոշման համար: Եվս մեկ րոպե մտածելուց հետո ես ոչ թե քայլեցի, այլ վազեցի, որ ճանապարհին նորից միտքս չփոխեմ: Վազեցի առաջ, բայց դեռ տեղ չհասած՝ նորից կանգնեցի՝ այս անգամ ոչ թե մտածելու, այլ հիասթափություն ապրելու. աղջիկը հեռացել էր…

Սիրան Մանուկյան, 13 տարեկան, 2010

***

Դավադիրը

-Նարեն շատ լավ, խելոք երեխա էր, այնքան քիչ էր լացում,- ասում է միշտ մայրս քրոջս մասին:

-Իսկ ե՞ս: Ես ինչպիսի՞ն էի,- հարցրի մայրիկիս, երբ հերթական անգամ նա սկսեց Նարեի գովքը:

-Վա՜յ, Մանե՛, դու ահավոր էիր՝ լացկան ու կամակոր: Ամբողջ օրն ինձնից կպած էիր: Երբ ես մեկի հետ զրուցում էի, երեսս թեքում էիր դեպի քեզ և չէիր թողնում ոչ ոքի հետ խոսել,- հիշեց մայրս:

-Երևի դեռ այն ժամանակ էլ խանդոտ էի,- նկատեցի ես:

Այդ պահին Նարեն՝ քույրս, հիշեց.

-Մանե՛, իսկ մի անգամ դու ինձ համոզում էիր. «Նարե՛, արի՛ ինձ խփիր, խնդրում եմ»: Ես զարմացած պատասխանեցի. «Չէ՛, Մա՛ն ջան, ինչի՞ խփեմ, պետք չի»: Բայց դու համառորեն պնդեցիր. «Չէ՛, չէ՛, լավ էլի, խնդրում եմ, արի՛ խփիր»: Շատ համոզելուց հետո ես եկա ու խփեցի: «Չէ՛, Նարե՛, մի քիչ ավելի ուժեղ խփի՛ր»,- խնդրեցիր դու: «Է՜, պետք չի, ինչի՞ համար ուժեղ խփեմ»,- ասացի ես, բայց, դու շատ համառեցիր, և ես խփեցի: Դու էլ սկսեցիր լացելով գոռալ. «Մա՜մ, էս Նարեն եկավ, ինձ անտեղի խփեց»: Ուզում էիր, որ մաման պատժի ինձ:

-Երևում է՝ դեռ մանկուց դավադիր դեմք էի,- ինձնից գոհ ու ծիծաղելով ասացի ես:

Մանե Արշակյան, 14 տարեկան, 2010

***

Ուշացած մանկություն

Մի օր, երբ ես ութ տարեկան էի, իմ ծնողները հասկացան, որ ես ոչ մի անգամ կարուսել չեմ նստել, և ինձ տարան առաջին պատահած զբոսայգին: Ես նստեցի առաջին պատահած կարուսելը: Այն մի սարսափելի բան չէր, բայց ես շատ էի վախեցել, քրտնել էի, կարմրել: Մայրիկս և հայրիկս ստիպված եղան ինձ կեսից իջեցնել: Իմ գլուխը պտտվում էր, սիրտս խառնում: Ինձ տուն տարան և իմ սիրած կերակուրները գնեցին, որպեսզի ես չտխրեմ: Հաջորդ օրն էլ դասի չգնացի:

Հովնան Բաղդասարյան, 15 տարեկան, 2010

***

Մանկությունից չես փախչի

-Հիշո՞ւմ ես, թե փոքր ժամանակ ինչպես էիր ուշանում մանկապարտեզից,- հարցրեց մայրիկս:

-Մա՛մ, ժամանակ գտա՞ր հիշելու,- բարկացա ես,- հա՛, հիշում եմ… Երբ ուշացած մտնում էի սենյակ, դաստիարակչուհին ինձ «քնած գեղեցկուհի» էր անվանում:

-Ճիշտ է,- հիշեց մայրիկս:

-Հիշո՞ւմ ես, թե փոքր ժամանակ ինչքան էիր «էծիկե» բառն ասում:

-Այո՛,- նորից զզվանքով պատասխանեցի,- բայց էդքան «էծիկե» ասելուց հետո էլ էթիկետի կանոնները չէի սովորում:

Որպեսզի չպատասխանեմ մայրիկի հաջորդ հարցերին, մի բան հիշեցի.

-Մա՛մ, շուտով քո սիրած հաղորդումն է սկսվելու:

-Վա՜յ, լավ հիշեցրիր: Ոչինչ, հարցերիս հետո կպատասխանես:

Խորամանկությունս չստացվեց:

Շանթ Հակոբյան, 14 տարեկան, 2010

***

Կամակորը

Ինձ բոլորն ասում են, որ մինչև երկու տարեկանը շատ խելոք երեխա եմ եղել, միայն ուտում էի, քնում և լացում, երբ սոված էի, իսկ դա շատ հաճախ էր լինում, համարյա անընդհատ: Իսկ հետո ես դարձա ավելի կամակոր և չսլող: Եթե ես չէի ուզում որևէ բան անել, ինձ ո՛չ համոզել, ո՛չ էլ ստիպել էր լինում: Իսկ եթե մայրիկս բարկանում էր վրաս, ես նրա վրա էի շպրտում իմ խաղալիքները, իսկ հետո խիղճս տանջում էր, ու սկսում էի լացել, բայց մայրիկիս հետ երկար չէի հաշտվում: Երբ ես նեղանում էի, միշտ պառկում էի և քնում: Քնում էի որտեղ պատահի՝ գետնին, աթոռի վրա… Մի անգամ էլ նեղացած մտել էի մահճակալի տակ և քնել: Հետո ստիպված էին եղել մահճակալը բարձրացնել և տեղափոխել, որ կարողանան ինձ տակից հանել:

Դավիթ Սողոյան, 11 տարեկան, 2010

***

Հուշ

Մայրիկս և հայրիկս պատմում են, որ փոքր ժամանակ ես շատ ակտիվ էի և անընդհատ բանաստեղծություններ էի արտասանում: Երբ մայրիկս ինձ համար «Չարի վերջն» էր կարդում ու ասում. «…բնի մեջ երեք ձագ ու վրան՝ կկու», ես չէի հասկանում, որ կկուն թռչուն է, ու ինձ թվում էր, թե դա նշանակում է «կծու»: Հետո, երբ ինքս էի արտասանում «Չարի վերջը», ասում էի. «…բնի մեջ երեք ձագ ու վրան՝ բիբար»:

Նաև շատ էի սիրում խոսել և անընդհատ ինչ-որ բանից բողոքում էի: Օրինակ, ինձ պատմում են, որ երբ ես և եղբայրս՝ Դավիթը, առաջին անգամ էինք գնացել Սևան, Դավիթն ընդամենը մեկ տարեկան էր, իսկ ես՝ երկու: Դավիթն անընդհատ մտնում էր ջուրը, իսկ ես մայրիկին բողոքում էի, որ ջուրը թաց է, հողը՝ չոր, իսկ քարերը ծակում են:

Լիլիթ Սողոյան, 12 տարեկան, 2010

arxiv

Ի՞նչն է պակասում իմ կյանքում

Ամենալավ ելքը լռությունն է

Արդեն աստիճանների վրայից լսում էի դասարանցիներիս ձայները, միաժամանակ կողքի դասարանցիների ձայները, երրորդ դասարանցիների բղավոցները, որոնք իրար հետևից վազում էին ու աղմկում: Մտնելով դասարան՝ երեխաների ավելի ուժեղացած ձայներին ավելացավ նաև գնդակի դոփյունը, որն աղմուկ առաջացնելով՝ ցատկում էր Ռաֆիկի և Դերենիկի միջև: Դասամիջոց էր… Հայոց լեզվի ու մնացած մյուս դասերի ընթացքում գնդակը դադարում է ցատկոտել, բայց երեխաների ձայները չեն լռում… Արդեն ամեն ինչից հոգնած՝ հասնում եմ տուն ու… Վերջապե՜ս, իմ սիրելի լռությունը: Այն շարունակվում է այնքան, մինչև քույրս որոշում է երաժշտություն լսել: Հետո մտածում եմ գիշերվա մասին ու հիշում, որ նորից միանալու է ինչ-որ մեքենայի ազդանշանը, դիմացի շենքից մի փոքրիկ շուն սկսելու է վնգստալ, և նրան են միանալու շենքերի բարեկեցիկ կյանք վարող ու փողոցում թափառող շները: Եվ միայն մեկ մխիթարանք կա. լինում են դեպքեր, երբ ես տանը գտնում եմ այդ լռությունը: Առաջին՝ երբ քույրս հասկանում է, որ ես սիրում եմ կատարյալ լռություն, ու անջատում է երաժշտությունը: Երկրորդ՝ երբ քույրս հոգնած է լինում և ուզում է լռության մեջ հանգստանալ:

Մարիամ Նալբանդյան, 12 տ.

***

Ուրիշ ժամանակներ

Չգիտեմ ինչու, բայց ես միշտ շփվելու կարիք եմ զգում: Հատկապես շաբաթ, կիրակի օրերին և արձակուրդներին: Սովորաբար այդ օրերին ես բոլորից շուտ եմ արթնանում և, դեռ աչքերս չբացած, սկսում եմ հերթով արթնացնել իմ ընկերուհիներին: Գիտեմ, որ նրանք քնած են, և ես իմ զանգով արթնացնում եմ նրանց, բայց երբ հարցնում եմ. «Հո քնա՞ծ չէիր», քնաթաթախ ասում են.

-Չէ՛, արդեն ուզում էի վեր կենալ:

Դա արդեն սովորություն է դարձել:

Երբ սկսում է կոկորդս ցավել, հասկանում եմ, որ խոսել էլ չեմ կարող: Նստում եմ համակարգչի դիմաց, ինտերնետ եմ մտնում և սկսում լեզվիս տեղը մատներս աշխատեցնել: Կարող եմ ամբողջ օրն այդպես անցկացնել և չձանձրանալ: Մեկ-մեկ կարոտում եմ այն օրերը, երբ ընկերուհիներս էին ինձ համոզում, որ դուրս գամ զբոսնելու: Ժամերով այնպես էինք ծիծաղում, որ չէինք կարողանում կանգ առնել: Ժամանակն էլ այնքան արագ էր անցնում, որ թվում էր, թե հինգ րոպե ենք իրար հետ անցկացրել, ոչ թե հինգ կամ վեց ժամ:

Մի անգամ կենսաբանության ժամին իմացանք, որ երբ անընդմեջ ծիծաղում ես, և չես կարողանում կանգ առնել, պետք է ականջները պինդ փակել, որպեսզի չուշաթափվես: Ու երբ հերթական անգամ հավաքվել էինք և անընդմեջ ծիծաղում էինք, փորձեցինք իրար ականջներ փակել, բայց դա մեզ ավելի շատ զվարճացրեց:

Իսկ հիմա, ինչքան էլ իրար ինտերնետով գրում ենք և մեկ-մեկ էլ ծիծաղում, չենք լսում ծիծաղի ձայները: Արդեն հեռացել ենք իրարից: Հոգնել եմ նրանց համոզել հանդիպել, դրա համար էլ անում եմ այն, ինչ անում են իրենք: Ինձ էլ ոչինչ չի մնում. համակարգիչն ու հեռախոսը դարձել են իմ կյանքի անբաժանելի մասը, և արդեն ես եմ մերժում ընկերուհիներիս, երբ դուրս են կանչում…

Լուսինե Ալեքսանյան, 14 տ.

***

Ամեն օր նույնը

Լույսը բացվեց: Ես վեր կացա, լվացվեցի և գնացի դպրոց: Ինչպես միշտ, դպրոցում անցկացրի 7 դասաժամ: Տուն վերադառնալու ճանապարհին ընկերոջս հետ քննարկում էինք տարբեր թեմաներ: Տուն մտնելուց հետո ճաշեցի և նստեցի համակարգչի դիմաց: Մի քանի տնային անելուց հետո մի ֆիլմ դիտեցի և գնացի քնելու: Եվ ամեն օր նույնը. արթնանում եմ, գնում եմ դպրոց, գալիս եմ տուն, տնային եմ անում և քնում եմ: Ինձ պակասում են օրվա մեջ փոփոխությունները, ավել շատ հետաքրքրությունները և կյանքի այլ ընթացքը, թե չէ՝ այս կրկնությունից արդեն հոգնել եմ:

Նորայր Բարոյան, 14 տ.

***

Քնի անհագ ծարավ

Ինձ միշտ տանջել է քնի պակասը: Զարմանալի է, բայց մեր դասարանում ես ամենաշուտը քնողներից եմ, սակայն միշտ առաջին երկու դասաժամն անցկացնում եմ գլուխս գրքերի և տետրերի մի կույտի վրա դրած, երրորդ ժամին մի փոքր արթնանում եմ, սկսում հասկանալ, որ դպրոցում եմ գտնվում, հիշել, որ պետք է դաս պատասխանել: Այդ տրամադրության տակ անցնում է նաև չորրորդ ժամը: Հինգերորդ դասին ես վերջնական եմ արթնանում, ակտիվանում, դաս պատասխանում, բայց գալիս է վեցերորդ ժամը, ակտիվությունս անցնում է, և ես հետ եմ վերադառնում քնիս: Ժամանակ առ ժամանակ իմ հաճելի երազներն ընդհատում են ուսուցիչները. ոմանք ուզում են, որ ես դաս պատասխանեմ, իսկ ոմանք կարծես թե ինձ արթնացնելուց հաճույք են ստանում:

Ալեքսանդր Սարգսյան, 13 տ.

***

Նամակ ծնողներիս և եղբայրներիս

Սիրելի՛ ծնողներ և եղբայրներ իմ,

Ո՞նց եք դուք ինձ այսքան տարի դիմանում: Ո՞նց էիք դուք ինձ այդքան խաղալիք գնում, երբ ես փոքր էի, որովհետև ես ջարդում էի դրանք միանգամից, հենց ձեր աչքի առջև: Հետո էլ վերցնում էի ձերը, ի՛մ թանկագին եղբայրներ: Կամ՝ ո՞նց եք այսքան տարի դիմանում իմ առևանգումներին: Ես արդեն քանի տարի է՝ վերցնում եմ ձեր շալվարները: Խե՜ղճ իմ ծնողներ, դեռ ինչքա՞ն եք ինձ զոռով տանելու խանութ՝ աղջկական զգեստներ գնելու: Միևնույնն է, ես միշտ գնում եմ տղայի շալվարներ:

Գևո՛րգ, ի՛մ սիրելի եղբայր, ինչքա՞ն դու դեռ կհանդուրժես այն, որ ուտում եմ ճաշի քո բաժինն էլ և քեզանից ամեն մի գործողությանս համար փող վերցնում:

Կարապե՛տ, դու ինչքա՞ն դեռ կդիմանաս իմ գժություններին և շատ մեծ ականջակալներին, որոնցից դու ամաչում ես, հատկապես, երբ մենք միասին քայլում ենք փողոցում:

Բայց չշարունակեմ այս ցանկը, այն շատ երկար է: Հույս ունեմ՝ ձեր համբերությունը կբավարարի ևս հինգ տարի առանց ինձ ամուսնացնելու մտքի:

Ձեր դուստր և քույր Լուսինե:

Հ. Գ. Հույս ունեմ՝ դուք ինձնից չեք նեղանա, եթե չամուսնանամ: Վերջերս հաճախ եք դրա մասին մտածում:

Լուսինե Համբարձումյան, 15 տ.

***

«Ո՛չ» միանմանությանը

Այնպես է ստացվել, որ ավագ դպրոցում իմ դասարանում տարիքով ամենամեծ աշակերտը ես եմ, մյուսներն ինձանից մեկ-մեկուկես տարով փոքր են: Ուղղակի ես յոթ տարեկանից եմ գնացել դպրոց, իսկ նրանք՝ ավելի շուտ: Թվում է, թե տարբերությունը փոքր է, բայց մեծանալով՝ զգում եմ, որ դա բավականին մեծ ազդեցություն է թողնում ինձ վրա, հատկապես՝ այս տարի: Առաջ այնքան էլ ցավագին չէի ընդունում այդ փաստը, և թվում էր, թե ինձնից մեծերի հետ անելիք չունեմ: Իսկ հիմա շատ ժամանակ նյարդայնանում և մտածում եմ, որ ես ավելիին եմ ընդունակ և ավելին կարող եմ հասկանալ ու զգալ, քան դասարանցիներս, որոնց համար դասը «ուսուցչի գլխին օյիններ խաղալու և դրանից հաճույք ստանալու ժամանց է»: Օրինակ, ֆիզիկայի ժամին մեկը հազում է, ու բոլորը պայմանավորված սկսում են ծիծաղել՝ ուսուցչուհուն շեղելու և զայրացնելու համար: Նրանք ունեն մի ընդհանուր կարգախոս, որը ես երբեք չեմ ընդունի. «Լինել այնպիսին, ինչպիսին կողքիններս են, և գժվել Ջասթին Բիբերի համար, ինչպես ընդունված է այս տարի»:

Ձանձրալի է լինել միանման:

Նանե Աբելյան, 16 տ.

***

Մանրուքներ

Ես շատ բանի կարիք եմ զգում: Ամենից շատ ուզում եմ պլանշետային համակարգիչ կամ համակարգչային խաղերի սարք: Բայց ավելի հաճախ մտածում եմ մանրուքների մասին: Օրինակ, երբ մայրիկս խանութից տուն է վերադառնում՝ մթերքներով տոպրակները ձեռքին, ես միանգամից վազում եմ նրան ընդառաջ, վերցնում տոպրակները և սկսում դատարկել դրանք՝ հուսով, որ մայրիկս հատուկ ինձ համար էլ մի բան գնած կլինի: Բայց սովորաբար հատուկ ինձ համար ոչինչ էլ չի լինում այնտեղ…

Հետո, ես արձակուրդների կարիք ունեմ: Դրանք այնքան քիչ են: Օրինակ, գարնանային կամ աշնանային արձակուրդներն ընդամենը մեկ շաբաթ են. այդ ընթացքում հազիվ հասցնում եմ տնային աշխատանքներս կատարել: Բա ե՞րբ հանգստանամ: Իսկ ինչ վերաբերում է ամառային արձակուրդներին, չեմ էլ ուզում հիշել, թե ինչքան են հանձնարարում ամռան համար:

Բայց իրականում սրանք մանրուքներ են: Ես աստիճանաբար հարմարվում եմ այս ամենին: Ես ամեն ինչ էլ ունեմ:

Մերի Վարդանյան, 11 տ.

***

Չհասկացվածը

Դասերս ուշ էին վերջացել: Ընկերուհիներով հոգնած դուրս եկանք դպրոցից և որոշեցինք սրճարան մտնել՝ մի բան ուտելու, հետո էլ մի քիչ զբոսնել: Այնքան լավ արևոտ օր էր, որ չնկատեցինք էլ, թե ինչպես երկու ժամ անցավ: Ես լավ տրամադրությամբ տուն գնացի: Ամեն ինչից շատ գոհ էի: Բայց երբ տուն հասա, հասկացա, որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ: Մայրիկս մի լավ բարկացած էր իմ ուշացման պատճառով: Նա չհասկացավ ինձ, առանց լսելու բացատրություններս, գոռգոռաց վրաս և տնային կալանքի ենթարկեց: Իսկ հետո ասում է, թե ծնողներից լավ ոչ ոք չի հասկանա զավակներին:

Թագուշ Բաղդասարյան, 16 տ.

***

Մարդավարի քուն

MP3 նվագարկիչի երգերն արդեն երկրորդ անգամ կրկնվում են, իսկ լուսնի լույսի տակ գիրք կարդալուց աչքերս հոգնել են: Ցավող աչքերով գիշերն անցկացնելը նույն լարվածությունն ու անհանգստությունն է, ինչ դասի գնալ առանց որևէ բան անելու:

Չգիտեմ ինչու, քունս ինձ միշտ հիշում է առավոտյան ժամը հինգին, ու մինչ ես մուշ-մուշ քնած եմ, ժամը յոթին հնչում է իմ ու քրոջս ամենահարազատ ու ամենաճշգրիտ կարգավորումով զարթուցիչի՝ հորաքրոջս ձայնը: Բայց դա դեռ ինձ համար չէ, քրոջս համար է միայն, չէ՞ որ նա ունի երկար մազեր, որ պիտի հարդարի: Եվ քանի որ ես չեմ հանդուրժում վարսահարդարիչի ձայնը, ստիպված եմ լինում վեր կենալ, հինգ րոպե կռիվ անել քրոջս հետ և ուղարկել նրան ուրիշ սենյակ: Հետո տասը րոպե տանջվում եմ, որ իմ քնելու ցանկությունը նորից հետ գա: Եվ մինչ այն բարեհաճում է այցելել ինձ, դրա հետ գալիս է նաև զարթուցիչի, ավելի շուտ՝ հորաքրոջս ձայնը…

Այդպես էլ չեմ կարողանում մարդավարի քնել:

Վեներա Գրիշյան, 15 տ.

***

Իմ երազածը

-Մա՛մ, նայի` ինչ լավ շոր ա, միշտ ուզում էի էս շորն ունենալ,- ասացի ես՝ ցույց տալով մի գեղեցիկ զգեստ:

-Լավ, գնա՛ փորձի,- հոգոց հանելով՝ ասաց մայրիկս:

-Մա՛մ, վրայովս ա, կառնես, չէ՞:

-Լավ, լավ, բե՛ր դրամարկղի մոտ:

Եվ մայրիկս նորից ինձ համար զգեստ գնեց:

Մենք գնացինք տուն, և ես վերջապես նստեցի դաս անելու:

-Մա՛մ, տես ինչ լավն ա, արի առնենք,- հաջորդ օրը մայրիկիս հետ խանութ մտնելով՝ ասացի ես:

-Չէ՛, Նե՛լ, էս անգամ չեմ կարող գնել:

Ամեն անգամ շատ տխրում ու դժգոհում եմ, երբ լսում եմ այս խոսքերը, մտածում եմ, որ հենց այդ զգեստը միշտ կպակասի իմ կյանքում:

Նելլի Հարությունյան, 10 տ.

***

Ուզում եմ

-Սա էլ չէ, էս մեկն էլ չէ, էս մեկն ինձ չի սազում, հըմ… Էս մեկը մեծ ա… Վա՜յ, ինչ փոքր ա վրաս, չէ՜… Էս մեկի ասեղնագործած ծաղիկը դուրս չի գալիս… Վա՜յ, էլի ոչինչ չկա,- այսպես զգեստապահարանի առջև կանգնած՝ երկար ինձ համար զգեստ էին ընտրում:

Երբ չգտա ինձ դուր եկող ոչինչ, չհանելով քրոջս շապիկը, որը հագել էի փորձելու համար, սակայն վրաս մեծ էր, արագ գնացի հյուրասենյակ՝ մայրիկիս մոտ:

-Մա՛մ,- դժգոհ տոնով ասացի ես,- մա՜մ, մա՜մ, լսո՞ւմ ես,- փորձելով գրավել նրա ուշադրությունը՝ խոսում էի ես:

-Ասա տեսնեմ՝ հիմա՞ փորացավդ որն ա,- հոգոց հանելով՝ ասաց նա:

-Մա՜մ, նոր շոր եմ ուզում,- բացականչեցի ես:

-Բայց քո հագի շապիկն ինչո՞վ ա վատը:

-Սա իմը չի, ու ինձ չի սազում,- մրթմրթացի ես:

-Ի՞նչ տարբերություն՝ քոնն ա, թե քրոջինդ,- ասաց մայրս,- քույրդ ընդամենը մի անգամ ա հագել, հո դեն չե՞մ գցելու:

-Չեմ ուզում: Ես իմն եմ ուզում: Չեմ հասկանում, ուզում եք, որ ամբողջ կյանքում քույրիկիս շորերը հագնե՞մ կամ էլ նրա հին պայուսակը բռնե՞մ: Ես չեմ ուզում հագնել նրա շորերը, նրա շապիկը, չեմ ուզում նրա պայուսակը… Չեմ ուզում: Ուզում եմ ի՛մ շորերը, շապիկները, պայուսակը,- բարկացած պահանջում էի ես:

Մայրիկս ուշադիր ինձ էր լսում: Ես էլ խորամանկորեն շարունակեցի.

-Հա՜, իմիջիայլոց, խանութում նե՜նց սիրուն կոշիկներ եմ տեսել…

Հայաստան Ապրեսյան, 17 տ.

2010թ.