Մանանայի արխիվից խորագրի արխիվներ

arxiv

Ինչ է պետք Հայաստանի երեխաներին

Արդեն մի քանի տարի է, ինչ ես իմացել եմ իմ իրավունքների մասին: Շատ գրքեր են տպագրվել երեխաների համար այդ թեմայով, բայց, իմ կարծիքով, ոչ միայն երեխաները պետք է իմանան իրենց իրավունքները, այլ նաև ուսուցիչները, մարզիչները, մանկավարժները, ծնողները` բոլոր մեծերը: Բայց գիտենալը դեռ ամբողջը չէ: Իմանալը քիչ է, նաև պետք է ունենալ հնարավորություն` դրանք օգտագործելու: Չէ՞ որ ես ու իմ հասակակիցներն ունենք իրավունք` սովորել լավ պայմաններում, հանգստանալ, սպորտով զբաղվել, մեր առողջությունը պահպանել, լավ սնվել և այլն, և այլն: Երեխաների իրավունքներն ուղղակիորեն կախված են մեծերի իրավունքներից:

Երբ ծնողներն աշխատում են ու չեն ստանում աշխատավարձ, կամ ընդհանրապես աշխատատեղեր չկան, ու նրանք չեն աշխատում, ինչպե՞ս կարող են իրենց երեխաներին ապահովել սննդով, հագուստով, սպորտով զբաղվելու իրավունքով… Օրինակ, սպորտով զբաղվելու համար մեզ պետք է սպորտային հագուստ գնել, վճարել վարձը, ճանապարհածախս տալ… Այդ պատճառով էլ առանց այն էլ քիչ սպորտային ակումբները փակվում են, քանի որ երեխաները չեն հաճախում: Ոչ թե որ ցանկություն չունեն, այլ ուղղակի մեծերն ի վիճակի չեն վճարել: Նաև ես մտածում եմ, որ մեծերն էլ պետք է իմանան երեխաների իրավունքները, որ չխախտեն դրանք:

Մի հարց էլ կա. ո՞ւր պետք է դիմի երեխան, երբ նրա իրավունքները ոտնահարվում են: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ ամեն մի քաղաքում, գյուղում, ամեն տեղ պետք է լինեն մարդիկ, որոնց կարելի լինի դիմել: Իհարկե, կլինեն երեխաներ, որոնք կդիմեն, երբ, օրինակ, ծնողները նրանց վրա մի փոքր ձայնը կբարձրացնեն, կամ մի բան կարգելեն, դրա համար էլ ես մտածում եմ, որ այն մարդիկ, որոնց մենք կդիմենք, նախ լավ կիմանան մեր իրավունքները, ու նաև, լուրջ խախտումը կտարբերեն ուղղակի երեխայի չարաճճիությունից:

Ահա թե ինչ կուզենայի լիներ այս հինգ տարվա ընթացքում:

Կոնստանտին Բեգիջանյան 11տ., 1999թ.

arxiv

Պատերազմի փիլիսոփայությունը

Մարդը մկներին ոչնչացնում է, քանի որ ինչքան էլ նրանց բացատրի, որ չծակեն պարկերը և կրեն ցորենը, միևնույն է, քանի որ մկները ոչ մեզ են հասկանում, ոչ էլ՝ պատրաստվում են սովից սատկել: Մարդն էլ «ստիպված» ոչնչացնում է մկներին (չնայած, կարող էր օգտագործել նրանց որևէ մի աշխատանքում և փոխարենը՝ առատ կերակրել նրանց, բայց երևի ինքը՝ մուկը, չցանկանար այդպես ապրել):

Մարդը սպանում է փղերին, աղվեսներին, կովերին, թռչուններին (և էլի շատ կենդանիներ կան, որոնց սպանում է), քանի որ նրանցից օգուտ ունի: Փղից ստանում է փղոսկր, որը շատ թանկարժեք է, աղվեսից՝ մորթի, կովից՝ միս, թռչուններից՝ փետուր: Օգուտ ունենալը մարդու համար արդարացում է:

Ինչքան էլ ցավալի է, բայց մարդը սպանում է մարդուն, ազգը ազգ է բնաջնջում: Ախր, նրանք կարող են, չէ՞, իրար հետ խորհրդակցել ու լեզու գտնել: Էհ, խորհրդակցում են, բայց լեզու չեն գտնում: Եվ այսպես է սկսվում մարդկային պատմության մեջ ամենացածր արարքը՝ պատերազմը: Բայց այստեղ էլ պատճառաբանություններ են գտնում:

Պատճառաբանությունները շատ են. մեկը նավթ է ուզում, մեկը՝ ելք դեպի բաց ծով, մեկը պատճառ է բռնում, թե եթե ինքը չհարձակվի, իր վրա կհարձակվեն… Եվ բոլորը պատճառաբանություն ունեն, նպատակ, որի կատարման համար ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առնի:

Ահա հիմա մտածում եմ այդ պատճառների մասին ու ինքս էլ չգիտեմ, թե որն է ճիշտ, որտեղ է ավելի ապահով: Պետությունները մեծ ու փոքր են, հզոր ու թույլ, հարուստ ու աղքատ: Ով թույլ է, մի հարվածով կուլ է գնում, ով հզոր է՝ նրա վրա էլ վախից են հարձակվում: Որ պետության ընդերքում «համով» բաներ կան, ապա նրա երգն էլ երգված է: Ում աշխարհագրական դիրքն է լավ, ապա նրա վիճակն էլ լավ չի լինելու: Ու եթե այսպես նայենք, ապա ոչ մի տեղ մարդն իրեն ապահով չի կարող զգալ: Գուցե այսօր բոլոր ազգերը հենց այս մասի՞ն մտածեն ու կա՞նգ առնեն:

Մանե Տոնոյան, 14տ, 2003 թ.

arxiv

Մեր հին փողոցի հին բնակիչները

Մեր փողոցի ամենամեծ բնակիչը Անիկ տատիկն է, որն ապրում է մեր դիմաց՝ առվի մյուս կողմում: Այդ առուն բաժանում է մեր փողոցը երկու մասի: Փողոցի բնակիչներից շատերը հիշողություններ ունեն կապված առվի հետ: Ես չեմ կարող պատկերացնել մեր փողոցը առանց այդ առվի, ինչպես նաև առանց Անիկ տատիկի: Առուն, տատիկը և նրա նստարանը մի ամբողջություն են՝ փողոցի մի մասը: Ես Անիկ տատիկին միշտ նմանեցնում եմ իր բակի թթենուն: Նրա դեմքն ու ձեռքերը նման են թթենու կեղևին՝ դարչնագույն ու կնճռոտ: Անիկ տատիկը մենակ է ապրում, բայց նրան հաճախ հյուր են գալիս նրա երեխաները, թոռներն ու ծոռները:

Անիկ տատիկից մի քիչ հեռու ապրում են Ժորա պապիկն ու Օլգա տատիկը: Ժորա պապիկը Հայաստան է եկել 27 տարեկանում: Նա իր մանկությունն ու երիտասարդությունն ապրել է Հունաստանում: Ժորա պապիկենք ունեին մի կով, որի մի եղջյուրը ջարդված էր, որովհետև ընկել էր առուն: Մի անգամ առուն էր ընկել Օլգա տատիկը, սակայն ջուրը նրան չէր քշել, որովհետև նա շատ գեր էր: Մի քանի տղամարդ հազիվ էին կարողացել նրան դուրս հանել առվից:

Առվի այս կողմում ապրում է Երան քույրիկը: Ճիշտն ասած, նա արդեն մորաքույր է ու նույնիսկ, տատիկ, բայց բոլորին ստիպում է, որ իրեն քույրիկ ասեն: Երան քույրիկը ապրում է մենակ, ավելի ճիշտ՝ 9-10 կատուների հետ: Կատուների նախամոր անունը քույրիկիս անունից էր՝ Մանե, բայց կատուն քույրիկիցս առաջ էր ծնվել: Երբ Մանեն սատկեց, Երանը նրան թաղեց, գերեզմանաքար դրեց վրան և ամեն անգամ, երբ տեսնում էր քույրիկիս, իր Մանեին հիշելով, սկսում էր լաց լինել: Երան քույրիկի կատուներից մի քանիսը խեղդվել էին առվում, այդ պատճառով էլ նա այդ առուն չէր սիրում:

Մեր փողոցում են ապրում նաև Երվանդ քեռին ու Լիլիկ մորաքույրը, որոնց հորթուկների հետ ես խաղում էի, երբ փոքր էի, իսկ այժմ, կով դարձած հորթերը մեզ կաթ են տալիս: Մեր փողոցում է ապրում նաև Սամվել քեռին իր ընտանիքի ու Վանդա շան հետ, որը մի անգամ ինձ շատ վախեցրեց, ես էլ՝ իրեն: Դրանից հետո շանը հանում էին զբոսանքի, երբ մենք այնտեղ չէինք լինում:

Սա էլ պապիկս է, որը համարյա ամեն օր, տատիկիս հետ, առավոտյան գալիս է մեր տուն, իսկ երեկոյան՝ վերադառնում: Պապիկիս ձեռքից ամեն ինչ գալիս է, դրա համար էլ նա վայելում է բոլորի սերն ու հարգանքը: Հեռախոսը փչացավ՝ Արծրունը կսարքի: Պետք է խեղդվող շանը, կատվին, իսկ մի անգամ էլ երեխայի փրկել՝ Արծրունը կանի: Եղբորս հեծանիվի անիվն է իջել՝ պապիկը կփչի, երեխաներն ուզում են ճոճվել, պապիկը ճոճանակ կսարքի: Երբեմն լինում են պահեր, երբ ինձ թվում է, թե աշխարհում լավ մարդ չկա: Այդպիսի պահերին ես հիշում եմ պապիկիս: Նա աշխարհի ամենաբարի մարդն է:

Ահա այսպիսին են մեր հին փողոցի հին բնակիչները:

Լուսինե Հակոբյան 12տ., 2002թ.

arxiv

Այն ժամանակ մեր տանը

Այն ժամանակ մեր տան մթնոլորտն ուրիշ էր: Ապրում էինք երեքով՝ հայրս, մայրս և ես: Ամեն ինչ խաղաղ էր, մեր այգին` կանաչ-կանաչ: Ամեն օր մորաքույրս իր աղջկա հետ հյուր էր գալիս: Նստում էինք խոտերի վրա՝ մեր այգում, ու զրուցում: Այն ժամանակ մեր տանն աշխուժություն էր տիրում: Հաճախ բարեկամներով հավաքվում էին մեր տանը, քանի որ այն շատ մեծ էր, համարյա բոլոր ուրախ առիթներն այնտեղ էինք նշում: Օրերը թռչում էին: Նույնիսկ չէի նկատում, թե ինչպես անցավ օրը կամ ինչպես վերջացավ գիշերը: Այդպես անցան շատ տարիներ…

…Որոշ ժամանակ տանն ապրում էինք ես, հայրս և մորաքույրս: Համարյա բոլոր մեր բարեկամները հեռացան Հայաստանից: Մորաքրոջս աղջիկն ամուսնացավ: Այլևս ամեն օր հյուրեր չէին գալիս մեր տուն: Օրը ձանձրալի էր անցնում: Դպրոցից գալիս էի տուն, նստում դաս անելու: Մորաքույրս ամբողջ օրը գործ էր անում, իսկ հայրիկս շատ ուշ էր վերադառնում, այնպես, որ նրան համարյա չէի տեսնում:

Հիմա մեզ հետ է ապրում քույրիկս, բայց իմ առօրյան շատ է փոխվել: Դպրոցից գնում եմ պարապմունքների, հետո՝ տուն: Այնքան ուշ եմ վերադառնում, որ չեմ էլ հասցնում դասերս անել: Հիմա շատ հյուրեր են գալիս, բայց գալիս են՝ գործնական զրույցներ տանելու հայրիկիս կամ քույրիկիս հետ:

Հիմա էլ լավ է, բայց այն ժամանակ մեր տանն ավելի լավ էր:

Ծովինար Տալյան
12տ., 2003թ.

arxiv

Պատմվածքի փորձ

Ես հարմար նստել եմ աթոռին և փորձում եմ փոքրիկ պատմվածք գրել: Իմ կյանքում շատ-շատ բաներ են պատահում, և ես բազում պատմվածքներ կարող եմ գրել: Բայց կարևորն այն է, որ հիմա իմ մտքով ոչինչ չի անցնում: Զարմանալի է, չէ՞, որ ասում եմ, թե չեմ կարող պատմվածք գրել, բայց դա էլ՝ պատմվածքի տեսքով: Ըստ իս, հիանալի է, երբ ուզածդ միտքը կարող ես վերածել պատմվածքի:

Իմ ուսուցչուհին ասում է, որ պետք չէ գրել միայն տպագրվելու հույսով, այլ թեկուզ միայն նրա համար, որ գրելը, խոհերը թղթին հանձնելը արդեն հաճելի է:

Մորաքույրս հոգնեց մեզնից, նա հիմա անկյունում նստած թել է կծկում: Նրա տղան, տեսնելով, որ ես գրում եմ, թուղթ վերցրեց ու սկսեց խզբզել: Այդպիսին է իմ եղբայրը, նա նույնիսկ պատրաստ է ուտել իր չսիրած կերակուրը, եթե ես էլ ուտեմ: Ես երեսով տալու հավես չունեմ, որովհետև գրում եմ:

Տատիկս, պապիկս և հարևանուհին նստած զրուցում են: Պապիկս ինչ-որ բան է պատմում գարեջրի մասին, իսկ տատիկս ու հարևանուհին երևի չեն էլ լսում նրան, քանի որ հեռուստացույցի ձայնը շատ բարձր է:

Եթե արդեն ձանձրացաք, այլևս մի կարդացեք, բայց իմացեք, որ մեծ բան եք կորցնում: Ես իհարկե գլուխ չեմ գովում: Մեծ գրողին վայել չէ ինքն իրեն գովել: Ես գրում եմ խելացի մարդկանց համար և հուսով եմ, որ ինձ կհասկանան:

Ահա վառարանի վրա հացեր դրվեցին և տարածվեց տաք, խրթխրթան հացի հաճելի բուրմունքը: Ա՜խ, ինչքան եմ սիրում այս պահերը: Ամեն մեկն իր գործով է զբաղված, ոչ ոք ինձ վրա ուշադրություն չի դարձնում, իսկ ես երջանիկ եմ, որ նրանք կան և այսպես խաղաղ նստած են:

Ես պատմվածք եմ գրում և հույս ունեմ, որ ինչ-որ մեկը կարդալու է սա:

Աշխեն Գրիգորյան
12տ., 2000թ.

arxiv

Թախանձագիր

(Ֆելիետոն)

Պապ ջան, հուսով եմ, որ դու ավելի շուտ կարթնանաս, քան Ջեկոն, որովհետև անցյալ անգամ էլ նամակս հողաթափերիդ մեջ էի դրել, ու երևի հիշում ես` ինչ եղավ… Երբ դու սա կարդալու լինես, ես արդեն դպրոցում կլինեմ: Խնդրում եմ, նստած կարդաս ու Էվելինային ասես` քեզ մի քիչ ջուր բերի: Ուզում եմ քեզ ներկայացնել այն ամենի ցուցակը, ինչ ինձ հարկավոր է վերջին զանգի ու ավարտական երեկոյի համար: Նախ` ինձ երեկոյան զգեստ է պետք, բոլորն արդեն գնել են, իսկ ես մնացել եմ «անշոր»: Ընկերուհիներս ասում են, որ լավ զգեստի գինն սկսվում է հարյուր հիսուն դոլարից, բայց լավ, ինձ հարյուր դոլարանոցն էլ բավական է: Նոր շորի հետ նոր կոշիկ է պետք, դրա համար խնդրում եմ դրամապանակիցդ մի հիսուն դոլար էլ առանձնացնես դրա համար: Բոլորն արդեն իրենց համար գեղեցիկ զարդեր են գնել: Իմ հավանած շորի հետ կսազի այն ոսկե շղթան, որ տեսանք ոսկերչական կատալոգում, և այն երեսուն դոլարանոց ականջօղերը: Վատ չէր լինի համապատասխան մատանի ու թևնոց գտնել: Ընկերուհիներս կատակում են. «Վերջին զանգի պայուսակ առե՞լ եք, իսկ ակնո՞ց, «վիպուսկնոյի» համար նոր ներքնաշորեր են պետք, նոր զուգագուլպաներ…»:  Կատակը՝ կատակ, բայց դրանք ինձ իրոք հարկավոր են: Կարծում եմ, մի քառասուն դոլարում կտեղավորվենք: Վերջին զանգից առաջ պետք է գնամ եղունգներս մշակելու, «առաջին անգամ կյանքում», մի սրահում շատ գեղեցիկ նկարում են եղունգների վրա: Ռեստորան գնալուց առաջ պետք է մազերս հարդարեմ «առաջին անգամ»: Դիմահարդարման համար մի քիչ կարելի է տնտեսել, Սուսիկը կանի, միայն թե անհրաժեշտ թարթիչաներկը, շրթներկը, մատիտները պիտի գնվի: Դեռ չեմ հաշվել` ինչ կնստի, երբ որ հաշվեմ` կասեմ: Միջոցառման ժամանակ բոլորը պետք է սպիտակ ու սև հագնեն: Ես դրանցից ոչ մեկն էլ չունեմ: Քանի որ սպիտակ վերնաշապիկ ու սև կիսաշրջազգեստ երբեք չեմ հագնում, ուրեմն, ստացվում է, որ դրանք ինձ ընդամենը մեկ անգամ են պետք գալու: Թող դրանք լինեն միակը և անկրկնելին: Դպրոցում ավարտական երեկոյի համար քսանական դոլար են հավաքում` ռեստորանում պիտի անցկացնենք: Ձեզ հրավիրում եմ, դու ու մաման էլ կարող եք գալ ռեստորան, միայն թե դրա համար յուրաքանչյուրդ քսանական պիտի մուծեք: Այսօր դասղեկը պիտի գա ու ասի, թե ինչքան ենք հավաքելու զանգակների, հրավիրատոմսերի, ուսուցիչների նվերների, դահլիճի, միջոցառման սցենարի համար: Այն, երևի պատվիրեն, դասի ոչ ոք չի գալիս` հազիվ մասնավոր պարապմունքներն են հարցնում, թե չէ` ինքներս կգրեինք:

Եթե կարդալով մինչև այստեղ հասել ես, ուրեմն, լավ է, այս դեղերի ցուցակը քեզ պետք չի գա: Այնուամենայնիվ, այն կցում եմ սրա հետ, որովհետև վերոհիշյալ ցուցակը դեռ կեսի կեսն է: Լրիվ չհասցրի գրել` քննությունից ուշանում էի: Ի դեպ, քննության համար ծաղիկների ու քննական հանձնաժողովի հյուրասիրության համար փող են հավաքել: Իմ տեղն ուրիշն է տվել, ես ասացի, որ մյուս քննությանը կբերեմ: Գումարը կճշտեմ, հաջորդ քննությունը վաղը՝ չէ, մյուս օրն է: Հա , մեկ էլ ուզում եմ հիշեցնել, որ դասախոսների վարձը պետք է վճարել մինչև ամսվա վերջ:

Հ.Գ. Պապ, մի՞թե չես ուզում, որ քո դստեր ավարտական երեկոն անմոռանալի լինի: Չկարծես, թե սա ասում եմ, որ լուսանկարչական ժապավեն ու դատարկ տեսաերիզ գնես…

Քո դուստր` Արփինե Գրիգորյան, 16տ., 2000թ.

arxiv

Ծերանոց

-Բարև ձեզ, ինչպե՞ս եք այսօր: Շատ գեղեցիկ զգեստ եք հագել:

-Կներկե՞ս իմ եղունգները:

-Այո՛, իհարկե: Բայց հիմա լոտո ենք խաղալու, այնպես որ, հարմա՛ր տեղավորվեք: Ահա, ձեր աթոռը, կարող եք մոտեցնել նրա աթոռին, որ իրար օգնեք:

-Այդ դուռը միշտ այնքան հեռու է թվում: Ոտքերս ցավում են:

-Ցանկանու՞մ եք մեզ միանալ և լոտո խաղալ:

-Սուրճ եմ ուզում, մի բաժակ տաք սուրճ` փոքրիկ, շագանակագույն բաժակի մեջ: Ինչքա՞ն պետք է դուռը ծեծեմ, որ բացեք:

-Ի՞նչ որոշեցիք, չե՞ք ուզում խաղալ:

-Արդեն ասացի, որ ոչ, բայց այստեղ կկանգնեմ ու լուռ կնայեմ: Ինչո՞ւ եք այդքան ցածր խոսում բոլորդ: Ուզում եք ասել, որ ե՞ս եմ վատ լսում:

-Ի՞նչ ես այստեղ կանգնել ու մի գլուխ փնթնփնթում:

-Գլուխս ցավում է ու ոսկորներս էլ կարծես հազար տեղից կոտրված լինեն: Բուժքո՛ւյր, ես էլ եմ սուրճ ուզում:

-Ձեզ չի կարելի: Հիշե՛ք, թե քանի անգամ արթնացաք գիշերը: Եթե ուզում եք, կարող եմ նարնջի հյութ բերել:

-Այստեղ հնարավոր չէ լոտո խաղալ: Այլևս չեմ սպասում ոչ մեկին: Կարդում եմ թիվը` 47` չորս, յոթ:

-Ո՞վ պիտի եղունգներս ներկի:

-Սպասե՛ք, սպասե՛ք, այդքան արագ մի՛ կարդացեք:

-52` հինգ, երկու: Հաղթում է նա, ով լրացնում է շարքը:

-Ահա, նայի՛ր: Ես ունեմ քո սիրած թիվը` 25:

–Ո՛չ, հինգը պիտի առջևում լինի:

-Ես էլ էի այդպես կարծում, ճիշտ ես ասում: Չգիտեմ, թե ինչու եմ ամեն անգամ սխալվում:

–Մի՛ շարժիր սեղանը քո հիմար աթոռով, առանց որի մի քայլ էլ չես կարողանում անել: Ի՞նչ ես այդպես վրաս նայում:

-Այդքան դաժան մի՛ եղիր: Չե՞ս տեսնում, որ չի կարողանում խոսել: Վերջապես քեզանից 3 տարով մեծ է:

-93` ինը, երեք:

-Ինը, զրո: Կրկնիր մի անգամ ևս:

-Ասացի` ինը, երեք:

-Այդպես էլ կարծում էի:

-Տես, է, բուժքույրն էլի է գալիս: Վախենում եմ: Ասեղներ է բերում: Էլի մատս ծակելու է:

-Դրանք զատիկներ են: Տե՛ս, բուժքույրը զատիկ է դնում մատիս վրա: Չգիտեի, որ զատիկները կծում են:

-Ուզո՞ւմ ես ներկել եղունգներս: Այդ գույնը չեմ ուզում: Ներկի՛ր վառ կարմիր: Ուշադի՛ր եղիր, մատներիս ես քսում:

-Հրամաններ մի՛ տուր: Ես ի՞նչ մեղավոր եմ, որ ձեռքերդ անընդհատ դողում են:

-Հաղթեցի, հաղթեցի: Տվե՛ք իմ քսանհինգ սենթը:

-Ես չեմ հավատում, որ նա հաղթել է: Կստուգե՞ս իրեն:

-Այո՛, ճիշտ էլ կարծում էիր: Ես չեմ կարդացել «22»:

-Տվե՛ք իմ քսանհինգ սենթը:

-Ո՞վ շարժեց սեղանը: Լոբու հատիկներն իրար խառնվեցին: Նայի՛ր նրան, անկյունում նստել և ձայն չի հանում, իրեն էլ երևակայում է:

-Տեսե՛ք իմ եղունգները: Կանաչ եմ ներկել, որովհետև շորս էլ է կանաչ:

-Դու ինքդ էիր ասում, որ դա կարմիր է: Էլ չեմ կարող դիմանալ այստեղ: Նույնիսկ օդն է ծեր ու հին, ինչպես ձեր բոլորի դեմքերն ու շորերը:

-Ուզու՞մ ես նստել իմ կողքին, հանգստանալ: Գիտեմ, որ հոգնած ես:

-Թողե՛ք ինձ, մի՛ քաշեք: Դուրս եմ ուզում գալ այստեղից: Օդ եմ ուզում: Այդ ի՞նչ կարմիր լույս է փայլում այնտեղ:

-Դա կանաչ է, ոչ թե կարմիր:

-Էլ լոտո չե՞նք խաղալու:

–Ո՛չ, կմնա վաղը:

Լուսինե Զեյթունյան, 16տ, 1999թ.

Հայրս

arxivՎերջերս «Գործընկեր» ամսագրում լույս տեսավ հարցազրույց Լևոն Ջավախյանի հետ: Ամսագրի ընթերցողներին հետաքրքրեց, թե ով է Լևոն Ջավախյանը: Նախ ասեմ, որ նա իմ հայրն է: Երբեմն անում է այնպիսի բաներ, որ առաջացնում է իմ և ընտանիքիս մյուս անդամների զայրույթը: Օրինակ` իր գլխավոր հերոսների դերերը վերագրում է մեզ:

Հիշում եմ, թե ինչպես մի անգամ հայրս որոշեց պատկերել մի սովորական հանգստյան առավոտ մեր ընտանիքում: Երբ նա գրեց իր պատմվածքի առաջին էջը, ինձ հետաքրքրեց, թե ինչ է նա այդպիսի ջանասիրությամբ գրում: Խնդրեցի նրան կարդալ իր գրածը: Սկզբից հայրիկն ասաց, որ չի կարող կարդալ չվերջացրած պատմվածքը: Ես կարդալուց հետո հասկացա, թե ինչու էր նա հակառակվում: Պատմվածքում ես օրն սկսում էի լաց լինելով և ինչ-որ բան պահանջելով: Եղբայրս հավանեց պատմվածքի սկիզբը և պահանջեց, որ գրվի նաև շարունակությունը: Բայց երկար պայքարից հետո ես հասա իմ նպատակին, և պատմվածքը մնաց անավարտ:

Հայրս շատ ցրված է: Երևի այդպիսին են բոլոր գրողները: Նա շատ է սիրում հարցեր տալ, բայց պատասխանները, չգիտես ինչու, նրան այնքան էլ չեն հետաքրքրում:

Մանկությունից հիշողությանս մեջ է մնացել նաև մեկ այլ դրվագ: Քնելուց առաջ եղբայրս համոզում էր հայրիկին` կարդալ Թումանյանի «Գիքորը»: Դա մեր ամենասիրած ստեղծագործությունն էր: Հայրս ոգևորված սկսում էր կարդալ, և ամեն անգամ, երբ հասնում էինք պատմվածքի այն հատվածին, երբ հայրը գալիս է հիվանդ որդու մոտ, ես սկսում էի լաց լինել:

Ինձ հաճախ են հարցնում, թե արդյո՞ք ես կցանկանայի, որ հայրս ունենար ուրիշ մասնագիտություն: Ես չեմ կողմնորոշվում` այո՞ պատասխանել, թե՞ ոչ, որովհետև համոզված եմ. լիներ նա պատմաբան թե հաշվապահ, միևնույն է, էլի գրելու էր…

Աննա Ջավախյան, 17տ., 1998թ.

Վաղը պատերազմ չի լինի

arxivԶանգի զիլ ձայնը խախտեց լռությունը: Դասամիջոցն սկսվեց: Բարձր դասարանցիները հավաքվեցին իրենց սիրած անկյունում: Այնտեղից ամեն բան երևում է, բայց խանգարող չկա:

-Հոգնել եմ էս դասերից,-ասաց Էդգարը:

-Նամանավանդ էս քիմիան,-համաձայնվեց Արամը:

Պատասխանելու անգամ հավես չկա: Զրույցը չէր ստացվում:

-Էն Կարենը ո՞ւր կորավ, է,- կարծես սրա համար էլ Կարենն է մեղավոր:

-Սիրահարվել է,-պարզաբանեց Միքայելը:

-Ու՞մ:

-Զուգահեռ տասերից մի աղջկա: Անունն Աննա է:

-Հա, ճանաչում եմ: Ըհը, գալիս է, էլի երևի չկարողացավ բացատրվել,- մրթմրթաց Էդգարը, հետո դիմեց մոտեցող Կարենին:

-Ճի՞շտ է:

-Ի՞նչը:

-Սիրահարվե՞լ ես:

-Աաա~, եսի՞մ: Դեռ ոչ մեկին բան մի ասեք: Ի՞նչ եք էստեղ ցցվել, եկեք մի քիչ դուրս գանք դպրոցից:

Էդգարը ծխախոտ հանեց:

-Երեկ ֆուտբոլը նայեցի՞ք:

-Չէ, մեր թաղում լույս չկար: Երեկ էլեկտրակայանն են պայթեցրել:

Արձագանքող չեղավ: Չգիտես որտեղից, հայտնվեց Կարենի կրտսեր եղբայրը, տագնապած նայեց եղբոր ծխախոտին: Հանկարծ նրանց հայացքները խաչվեցին:

-Մամային չասես:

Արմենը լռեց:

-Դասի գնալու հավես չկա, ուզում եմ տուն գնալ,-լռությունը խախտեց Էդգարը:

-Այսօր դաս չպետք է լիներ, մարդկանց չեն ուզում դուրս թողնել: Երևի այդպես են անում, որ մարդկանց խուճապի չմատնեն,- ասաց Կարենը:

-Ի՞նչ կապ ունի, տանը, թե՝ այստեղ:

-Ո՞նց, դպրոցը ամեն երկրի ապագան է: Կենդանի թիրախ…

-Ամենադաժան թշնամին էլ խիղճ ունի, ի վերջո, հանգստացիր:

-Ես լսել եմ, որ Հյուսիսային պողոտայում փակ խանութներ էին թալանում,-ասես ինքն իրեն խոսեց Միքայելը:

-Փողոցում գրեթե մարդ չկա:

-Մաման չէր ուզում Արմենին դպրոց թողնել…,-ասաց Կարենը:

-Հորիցդ դեռ նամակ չկա՞,- անհանգստացած հարցրեց Էդգարը:

-Չէ:

-Նրան էլ ե՞ն տարել,-հարցրեց զուգահեռ դասարանից մի տղա:

Արմենը գլուխը թաքցրեց բարձրահասակ տղաների հետևում:

-Ես չգիտեի: Հուսով եմ կվերադառնա, Կար ջան,- փորձեց մխիթարել նա:

Մինչդեռ երեկ հենց այս նույն տեղում ծեծկռտվում էին:

-Դու ինչո՞ւ ես մեծերի կողքին կանգնել,- Կարենը փորձեց հուզմունքը թաքցնել և բղավեց եղբոր վրա,- գնա դասարան:

-Ավելի լավ է՝ տուն գնանք,- էլի սրտնեղեց Էդգարը,- Հիմա նորից պիտի ստիպեն հակագազ հագնել, հետո՝ թե ինչպես թաքնվել ռմբակոծության ժամանակ: Ինչ լինելու է՝ կլինի: Չեմ ուզում վախեցած ապրել:

Մուտքի մոտ տղաները բաժանվեցին Էդգարից:

-Հաջող,-ասաց նա,- հուսով եմ, վաղը կհանդիպենք:

-Ըհը,- ասես իր ասածին չհավատաց Կարենն ու շրջվեց:

-Կարեն,-ձայն տվեց Էդգարը:

-Ի՞նչ:

-Աննային ասա, որ սիրում ես, անպայման ասա: Գուցե վաղը…

Էդգարը խոսքը կիսատ թողեց: Կարենը նայում էր նրա հետևից, գիշերային ռմբակոծությունից հետո դեռ մխացող փողոցում նա մենակ էր:

Արսեն Բաբաջանյան, 16. 2003

Խճանկար

arxivՍա մեր բակն է: Լավն է, չէ՞: Հետո՞ ինչ, որ ճոճանակները ժանգոտած են, ու եթե երևակայությանդ զոռ էլ տաս, էլի չես իմանա նախկին գույնը: Ճոճանակներից մնացել են միայն երկաթյա ծռված ձողեր: Բայց ես սիրում եմ իմ բակը: Սիրում եմ նրա հին ծառերը, որոնք, բացի թթենուց, ցավոք այլևս բերք չեն տալիս, իսկ ոչ պտղատուները գրեթե չեն էլ բողբոջում գարնանը: Բայց դե թթենին ամռանը լա՜վ բերք է տալիս: Մենք էլ երեխաներով հավաքվում ենք ու մեծ ծածկոց բռնում:

-Կըտ, կըտ, կըտ-կըտ-կըտ-կըտ,-սկզբից՝ հատիկ-հատիկ, հետո անձրևից էլ արագ թթերն ընկնում են շորի վրա, մեզ վրա, գետնին…

Իմիջիայլոց, մենք՝ երեխաներս, հպարտանալու շատ բան ունենք. ինքներս ենք ծանոթացել ու ընկերացել: Այդ հարցում մեծերն օրինակ չեն ծառայել մեզ: Նրանք այնքան էլ շփվող ու մարդամոտ չեն: Միայն պապիկներն են ամռանը հավաքվում բակում և նարդի խաղում: Մեր մուտքում, եթե նույնիսկ սիրտդ ու փորդ լեզու առնեն, քեզ աղաչեն, ձվածեղ ուզեն, բայց տանը ձու չլինի, երբեք չես խնդրի հարևանից: Ինչպե՞ս կարելի է, ամոթ է, չէ՞:

Մեր բակը լիքն է տարօրինակ ու հետաքրքիր մարդկանցով: Օրինակ՝ տեսնո՞ւմ եք աղբարկղի մոտ կանգնած այն բարձրահասակ տղամարդուն: Նա ժանգոտած թիթեղի կտորներ է որոնում, որպեսզի հանձնի գունավոր մետաղների ընդունման կետ: Բացի դրանից՝ նա վերանորոգում է մեր բակի գրեթե բոլոր ավտոմեքենաները:

Հնամաշ կոստյումով այն մարդը մեր մուտքից է: Նա միշտ քաղաքավարի կբարևի, եթե անգամ դու չհասցնես առաջինն անել այդ: Երբեմն ինձ թվում է, որ ինձ չի սիրում և ծաղրում է. եթե նրան հայերեն բարևեմ, կպատասխանի ռուսերեն, իսկ եթե ռուսերեն բարևեմ, կարծես վիրավորվում է. «Ի՞նչ է, հայերեն չգիտե՞ք»:

Լսո՞ւմ եք հոսող ջրի ձայնը: Մեր հարևանն է, դարձյալ իր ավտոմեքենան է լվանում: Նա իր մեքենան ավելի հաճախ է լվանում, քան վարում: Նա շատ խիստ է և միակ մարդն է, ով կարողանում է սաստել մեր բակի չարաճճի տղաներին:

Սա էլ մեր «շատ սիրելի» Գերասիմ պապիկն է: Նա մի քիչ տարօրինակ է, և դա միայն երեխաները չէ, որ նկատել են: Ամեն օր գնում է մի օրաթերթ և քառածալ դնում թևի տակ: Ցածրահասակ է, քայլում է առաջ թեքված, ժպիտը դեմքին և, չնայած իր ծեր տարիքին, եռանդուն աչքեր ունի: Զարմանալի չէ, որ նրան տեսնելիս բոլորս ձգվում ենք, հարգալից բարևում, իսկ հետևից՝ ծաղրում: Գիտեմ, մեր արարքն այնքան էլ գեղեցիկ չէ, բայց նա մեզ փոքր երեխայի տեղ է դնում, դե մենք էլ երեխայություն ենք անում:

Մի խոսքով՝ լավն է մեր բակը:

Անուշ Մուրադյան, 14 տ., 2003թ.