milena barseghyan

Ամանորը դեկտեմբերի 31-ը չէ

-Ո՞ր գումարտակ, ո՞ր վաշտ

Հայրս այդպես էլ չսովորեց եղբորս ծառայության գումարտակի ու վաշտի համարը։ Դա պետք է գալիս ամեն անգամ ծանրոց ուղարկելիս, երբ արկղի վրա փակցնում ենք հորս ասած «ալբոմի թուղթը» ու վրան գրում, այսինչ գումարտակ, այսինչ վաշտ ու Արտյոմ Բարսեղյան։ Սկզբում եզրագծում է տառերը, պարտադիր տպատառ ու մեծատառ, հետո զգուշությամբ, դանդաղ, մի ժամի նման, չափ, աննկատ, հաճույքով, որպես թե ամենալավ զբաղմունք՝ ներկում է։ Ծանրոցն ուղարկելուց երկու շաբաթ շուտ գնում է չհնացող իրերը, դասավորում, ամեն օր նայում, հաշվում, հանկարծ մի բան շարժված չլինի։ Ախր, հասկացի՛ր, որ զինվորական հագուստեղենը բանակից բացի ուրիշ ոչ մի տեղ շարժվել չգիտի։

Միայն այդքանը չէ ծանրոցի արարողության մասին, բայց մնացածը երևի չեմ կարողանա նկարագրել։ Միայն կասեմ, որ ինչպես աշխարհն է տեղավորվում մայրիկի սրտում, այդպես էլ եղբորս սիրած բոլոր բաները մի ուղղանկյունանիստ արկղում։

Հիմա ուզում եմ պատմել, որ մեր Նոր տարին արդեն եկավ ու գնաց։ Նոյեմբերի 30-ին եկավ մեր տոնը, տոնածառը, Ամանորը, հացը, սեղանը, բլինչիկը, լույսը, ամենասպասված հյուրը և գնաց դեկտեմբերի 4-ին։

Եղբայրս․․․ Եկավ «օտպուսկ», ու մենք նշեցինք այդ օրերն այնպես, ինչպես դուք բոլորդ Ամանորը։ Չէ, խաբում եմ, ոչ բոլորդ։ Արդեն չգիտեմ՝ բոլորն ի՞նչ է։ Այդ օրերին ու միշտ, ինձ համար «բոլոր» կլինի եղբայրս ու մեր լիարժեք ընտանիքը։ Դեկտեմբերի 31-ին մենք կիսատ ենք լինելու, ու դրա համար մեր Նոր տարին իմաստը կորցնելու է։

Ուզում եմ, շատ եմ ուզում, սիրելի ընթերցո՛ղ, որ Ամանորն ընկալես որպես լիարժեքություն, որպես բավարարվածություն, որպես ամենասպասված իրադարձություն, ոչ թե դեկտեմբերի 31։ Ես այդպես եմ ընկալում, դրա համար էլ իմ Նոր տարին արդեն անցել է։ Թող քո Ամանորը պարտադիր նշանակված օր չլինի․ երբ չլինի՝ կհասկանաս իմաստն ու հաճելի լինելու աստիճանը։ Թե չէ ստացվում է խոզի բուդ, ու «Ձերն է՜լ, ձերն է՜լ», որն արդեն սպառել է իր հետաքրքրությունը։

-Պապ, 3-րդ գումարտակ, 7-րդ վաշտ։ Շնորհավոր Ամանոր։