tina maqoyan

Գիտեմ, չեք կարդալու

-Ապեր, ինձ կթողնե՞ս Թումո գնամ:

-Գնաս՝ ի՞նչ անես, քույրիկս:

-Ախ, դե էնտեղ տարբեր բաներ են սովորեցնում: Դե, օրինակ՝ մուլտերի ստեղծում, անիմացիա, դե, մի խոսքով տենց բաներ: Ապեր, անվճար ա, ինձ ընդամենը ճանապարհածախս եք տալու ու վերջ:

-Քույրիկս, դու հլը պուճուր ես, գիտես լա՞վ ա հիմիկվանից քաղաք ընկնելը: Մենք էլ հեռու՝ միշտ մտածելու ենք՝ ոնց հասար, ոնց հետ եկար: Դպրոցդ կավարտես՝ որտեղ կուզես, էնտեղ էլ կսովորես: Դասերիդ մասին մտածի, խելոք գնա դպրոց, արի տուն:

-Թին, կուզե՞ս նկարչական գնաս: Ափսոս ա տաղանդդ կորի,-հարցնում է մայրս:

-Հա, մամ, ո՞նց չեմ ուզում:

-Դե էն ծանոթդ որտե՞ղ ա սովորում: Իմացի՝ դու էլ կգնաս:

-Մամ, Դավթաշենում ա:

-Դե Հայաստան հենց գանք՝ կտանեմ էդ դպրոց:

-Ապրես, մամ ջան:

Երկու ամիս հետո.

-Մամ, բա չե՞մ գնալու նկարչական:

-Աղջիկ ջան, ամբողջ օրը էդ հիմարություններն ես նկարում: Քեզ ո՞վ կընդունի էդ դպրոց: Ավելի լավ ա խոսամ՝ ջութակի գնա:

-Ես ոչ մի ջութակ էլ չեմ ուզում՝ նկարչական եմ ուզում:

-Դե չես ուզում՝ նստի տանը: Գումար չկա: Բացի վարձից հազար ու մի ծախս կա: Նկարչական նյութեր ա, ճանապարհածախս ա:

-Միշտ ամեն ինչ սենց եք անում:

-Ձենդ չբարձրացնես, դու ես իմ էրեխեն, ոչ թե՝ հակառակը:

-Մամ, էսօր կարա՞մ «Մանանա» գնամ:

-Չէ, աղջիկ ջան:

-Մամ, լավ էլի, թող գնամ: Տեղից էլ ոչ մի տեղ չեք թողնում:

-Դե եթե դա ավելի կարևոր ա, քան ես՝ գնա:

-Մամ, նկարչական չտարար, գոնե Թումո գնանք էլի, խնդրում եմ:

-Թումո գնաս՝ ի՞նչ անես, աղջիկ ջան:

-Էն, ինչ մնացածը՝ սովորեմ:

-Լավ, վաղը կգնանք:

-Մխիթարը կարո՞ղ ա ջղայնանա:

-Ես կխոսեմ ապերի հետ:

-Ապրես, մամ:

-Քուրիկս, բարև, ո՞նց ես: Էդ ի՞նչ Թումո ես ուզում գնաս:

-Բարև, Արթ: Դե, Թումո, էլի: Չգիտե՞ս էդ ինչ ա:

-Քուրիկս, էդ անկապ տեղ ա: Ով ասես՝ գնում ա:

-Անկապ տեղ չի: Ես էդ «ով ասես»-ի համար չեմ գնում: Գնում եմ՝ սովորեմ:

-Թին ջան, ապերները ասում են՝ պետք չի Թումոն: Թող դասերով զբաղվի:

-Կլինի՞ մի անգամ ես որոշեմ ինձ ինչ ա պետք, ինչ՝ չէ: Մի անգամ մի բան թող իմ ուզածով լիներ: Միշտ ձեր ասածով պիտի լինի՝ անկախ նրանից՝ ճիշտ եք, թե չէ: Ինձ համար ոչ մի բան չեք ուզում անել: Մամա, հետո չասեք, թե ինչի մարդկանց հետ չեմ շփվում, սենյակիցս դուրս չեմ գալիս: Դու եք ինձ փակում՝ թույլ չեք տալիս դուրս գալ, մարդկանց հետ շփվել, զարգանալ: Մենակ դպրոցի տվածը ինձ հերիք չի:

 

Գիտեմ, մամ, չեք կարդալու սա, ոնց մնացած նյութերս: Հենց էնպես, ոնց չեք լսում, էդպես էլ չեք կարդալու: Բայց ես կասեմ՝ շնորհակալ եմ, որ թույլ եք տալիս զարգանալ: Իմ սենյակում: Առանց ընկերներ: Առանց ընտանիքի անդամների

Ես չունեմ ոչ մի բանի իրավունք՝ հա դե ես աղջիկ եմ, չէ՞: Էդպես ո՞նց կլինի. ես 17 տարեկանից մենակ Երևան գնամ: Փոքր եմ, ախր

Իմ արտահայտվելու միակ միջոցը գրելն է: Հա դե, շատ-շատ փոքր տարիքից ինձ բարդույթներով են մեծացրել: Ներսս մտել է, որ իմ կարծիքը միշտ սխալ է՝ ես երեխա եմ ու չեմ հասկանում: Ինձ միշտ ասել են՝ երբ մեծերը խոսում են, դու սուս մնա: Ու ես սուս եմ մնացել: Մինչև օրս: Ու էդ բարդույթով ապրել եմ համարյա 17 տարի

Ոչ ոքի հուզելու մտադրություն չունեմ, ոչ էլ ուզում եմ խղճահարություն առաջացնել: Բարձրաձայնեցի, որովհետև կողքիս նման օրինակներ շատ ունեմ: Գիտեմ, որ ընտանիքս սա չի կարդալու, բայց գրում եմ, որ գոնե ինձ նման մի քանիսի ծնողները կարդան ու գիտակցեն, թե ինչպես են վարվում իրենց երեխայի ապագայի, ինչու չէ նաև հոգեբանության հետ