Անտառում

Լուսաբացներն ու մայրամուտները անտառում առավել քան հրաշալի են։ Կարծես ֆիլմից հատված լինի, երբ հայացքդ սևեռում ես երկինք ու փորձում գտնել ճյուղերի հետևում թաքնված արևը, որից օրեր առաջ ինքդ էիր թաքնվում։ Եթե լավ փնտրես, քեզ մոտ հաստատ կստացվի որսալ որոշ ճառագայթների ու թույլ տալ, որ դեմքիդ ընկնեն։ Դու կզգաս ամբողջ ջերմությունն ու վերջապես կորոշես բացել աչքերդ, որոնք փակել էիր հենց այդ նույն ճառագայթների պատճառով։

Կարծում եմ ամեն բան մեզնից է կախված։ Մեր որոշումներից ու այն մարդկանցից, ովքեր նույնպես մեր որոշումն են։ Երևի ամեն բան ավելի հաճելի ու հեքիաթային է, երբ կողքիդ իրենք են։ Երբ ունես մեկին, ում հետ դիմավորում ես լուսաբացներդ։ Ով նայում է քեզ նույնքան զարմանքով ու հիացմունքով, որքան դու մայրամուտի ժամանակ մայր մտնող արևին։ Ում հետ արևը առավել ջերմ է, իսկ գիշերվա քամին` մեղմ ու հպանցիկ։

Երազանքս էր լինել անտառում, գիշերել գոնե մեկ օր ու հավատալ հրաշքների գոյությանը։ Ծննդյանս օրվա նախօրեին ընկերներս իրականացրին այն։ Վրան, լույսեր, խարույկ և անտառային տրամադրություն, թերևս ամենագեղեցիկ պահերն իմ կյանքում։ Հենց այդ օրը հանդիպեցի նրան, այն մեկին, ով դարձավ իմ որոշումը։ Նա վախեցած էր, շփոթված, ու վայրկյան առ վայրկյան հոր զգուշացումներից ավելի էր շփոթվում, որովհետև որսորդ լինելը նույնպես արվեստ է, որին պիտի կարողանալ ճիշտ տիրապետել։ Ես հիշում եմ նրա աչքերը, որոնք լուսավորված էին արևից, երևի հենց դա էլ պատճառ դարձավ, խոսելու արևի մասին այնպես, ինչպես խոսել եմ րոպեներ առաջ, ու ինչպես խոսելու եմ միշտ։ Չէր կարողանում դիպուկ հարվածել նշանակետին, միգուցե հենց այդ նույն արևն էր պատճառը: Կամ գուցե լարվում էր իմ ու ընկերներիս ներկայությունից։ Բայց բավական էր հոր մեկ հայացքը, որ ամեն բան միանգամից տեղն ընկներ։ Սիմոն պապի թոռն էր Արամը, սակայն տարիները ստիպել էին երկուսին էլ բազում դժվարություններ հաղթահարել, զգալ միայնության դառը համը ու սովորել մեկը մյուսի ներկայությանը։ Արամին պապն էր մեծացրել, հոր ու մոր կարոտը պապից էր առնում, չնայած նրան, որ ողջ կյանքը կարոտ մնաց և’ հորը, և’ մորը։ Պապին հայր էր կոչում ու շարունակ կրկնում, որ իր Հայրը հենց Սիմոն պապն է։ Բնակվում էին անտառի մոտ գտնվող փոքրիկ գյուղում, իսկ անտառում հաճախ էին լինում, որպեսզի Արամը պապից որսորդություն սովորեր։ Արամը փոխեց ամեն բան։ Սովորեցրեց ինձ լսել, որից միշտ թերացել եմ։ Սովորեցրեց գնահատել իմ մարդկանց, որոնք իմ որոշումների արդյունքում են հայտնվել կողքիս ու սովորեցրեց տեսնել արևը, որն առաջին անգամ հենց իր աչքերում էի նկատել։ Անտառում եղավ այն, ինչի մասին անգամ գրքերում չէի կարդացել, և այո, գուցե ես այնքան էլ կինոման չեմ, սակայն ֆիլմերում էլ չեմ տեսել ինձ հետ կատարվածը։ Անտառում գտա լույսը, որը սովորաբար պակասում էր օրերիս մեջ։ Գտա այն, ինչի մասին գրեթե միշտ երազել էի։ Երազանքս իր հետ նոր երազանք նվիրեց ինձ, բայց արդեն իսկ իրականացած։ Անտառում լինելը ինձ թույլ տվեց տեսնել շուրջս կատարվող ամեն բան, չթաքնվել արևից, այլ հակառակը` ամեն բացվող օրվա հետ գրկել ճառագայթները, փակել աչքերս ու խորը շունչ քաշել, մտքում գրքի կամ ֆիլմի սցենար գրել, ու խելքը կորցնելու աստիճան սպասել աչքերիս բացվելուն, որովհետև այն արևը, որին որսում եմ, գտնվում է Արամի աչքերում, իմ Արամի, ում հանդիպեցի իմ երազանքի անտառում…