Պապիկս հաճախ էր պատմում իր գյուղի՝ Բաղանիսի մասին, ուր մեծացել էր բազմանդամ ընտանիքում: Մի հետաքրքիր պատմություն, որ պատմել էր պապիկս իր եղբոր մասին, գրավեց իմ ուշադրությունը:
Ուսուցիչների ավանդական օրվա կապակցությամբ Կոթիի միջնակարգ դպրոցում հանդիսավոր նիստ է անցկացվում, որին մասնակցում են ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, հյուրեր: Ըստ ավանդույթի, կազմակերպվում է ճաշկերույթ, թամադա է նշանակվում տարիքով ավագ ուսուցիչ Հայկազ Բայրամյանը, ով բաղանսեցի է, երկար ժամանակ ապրում ու աշխատում է Կոթիում:
Հնչում են բաժակաճառեր, ջերմ խոսքեր և բարեմաղթանքներ: Վերջում տեղացի ուսուցիչներից մեկը, կատակով թե լուրջ, հանդիմանում է.
-Ինչո՞ւ է խնջույքը ղեկավարում բաղանսեցին:
Նրան արձագանքեցին և իրենց տրտունջը հայտնեցին որոշ տեղացիներ: Սեղանապետ Հայկազը դիմում է սեղանակիցներին:
-Դուք ինձ ընտրեցիք և տրտնջում եք, ըմբոստանում: Մի՞թե մի քանի ժամով սեղան ղեկավարելը այդքան մեծ բան է:
-Այո՛, շատ մեծ բան է, անգամ ամոթ է, որ կոթեցին չի ղեկավարում,- վրդովված ասում են մի քանի հոգի:
-Բայց դուք գիտեք, որ բաղանսեցին Կոթիում քյոխվա է եղել (տանուտեր): Ինչպե՞ս եք հանդուրժել,- ասում է Հայկազը:
-Չի կարող պատահել, հորինված բան է,- գոռում են շատերը:
Հայկազն ասում է, որ դա իրական փաստ է: Գրազ են գալիս և գնում ակումբի մոտ զրուցող ծերունիներից իմանալու:
-Այ հալիվորներ, մեր գյուղում բաղանսեցին քյոխվա եղե՞լ է,- հարցրեց տեղացի ուսուցիչներից մեկը:
-Եղել է,- ասում են ծերունիները:
-Ապա՛, ինչո՞վ կապացուցեք,-ըմբոստանում են ուսուցիչները:
-Եթե մեջքներս բացեք` կերևա քյոխվայի պլետի (մտրակի) հետքեր:
Մեկնաբանություններն ավելորդ են: Գրազը տարվում են տեղացի ուսուցիչները և հաջորդ օրը ըստ պայմանավորվածության խնջույք կազմակերպում:
Չգիտեմ, թե այս պատմությունը հնարած է թե չէ, և ինչ կտա մեր ընթերցողին, բայց եթե պապս հիշում ու պատմում է, ուրեմն մի բան կա: