emanina

Մեկ մեծ կոլա, համբուրգեր ու միջին ֆրի…

Միշտ ինչ-որ նույն բանը շատ անելը, դրա մեջ հմտանալը, ու նույն բանը անընդհատ կրկնելը ոչ մի լավ արդյունքի չեն հանգեցնում։ Երբ շատ ես անում ինչ որ մի բան, սովորում ես դրան, կորցնում ես արածիդ մանրուքներով հիանալու ցանկությունը։ Քեզ սկսում է հետաքրքրել միայն ստացված արդյունքը, իսկ ընթացքը ուղղակի դառնում է սովորական և ձանձրալի շարժումներ, որոնք անդադար կատարելով հասնում ես նպատակիդ:

Օրինակ, «Մաքդոնալդսում» աշխատող մեկը չի էլ նկատում թե ինչպես է կարտոֆիլները տեղավորում թղթե ամանի մեջ:  Նրա համար մեկ է դառնում այդ գործընթացը, և մեկ է դառնում անգամ այն մեկ հատիկ ֆրին, որ ամանից ընկավ: Նրան միայն հուզում է կտրոնը տպելու գործընթացը։ Այդպես էլ մենք. շատ սիրելուց հետո դադարում ենք զգալ մանրուքները: Սովորում ենք սիրելու բոլոր օրենքները, ու արդեն իներցիայով շարժվում ենք առաջ, կետ առ կետ, ժամադրություն առ ժամադրություն։

Քեզ արդեն մեկ է դառնում նրա հայացքը, որով նա քեզ է նայում, երբ դու փռշտում ես, մեկ է դառնում, նա քեզ ծաղիկներ նվիրո՞ւմ է, թե` ոչ:  Ձեռքեր բռնելը դառնում է սովորական, որոշ պայմաններում, անգամ պարտավորված երևույթ։ Այստեղ գալիս է տխմար հայացքով մեկը ու ասում, որ խնդիրը նրա մեջ չէ, խնդիրը միայն ու միայն քո մեջ է։ Նա մեղավոր չէ, որ դու շահագործել ես սիրելիքը, ու սիրահարվելու կոճակը շատ անգամ սեղմելուց անդառնալի կոտրվել է։

Ու արդեն մի տեսակ այնքան միևնույն է դառնում ապագան, այնքան մեկ է դառնում այն ու նրա ամեն մի փոքր դետալը։ Սկսում ենք ֆրին կիսատ-պռատ դնել թղթե տուփի մեջ ու շտապում ենք կտրոնը տպել. ուղղակի այս գործընթացը արագացնելու և շուտ արդյունքին հասցնելու համար: Արդեն չենք էլ հաշվում. Արդյո՞ք այդ մի ամանի մեջ քսան հատ ֆրի է, թե մնացել է միայն երկուսը: Կտրոնը… Կարևորը ՝ կտրոնը տպվի, մուծես նրանում նշված գումարը և հեռանաս:

Ինչի՞ց է տեսնես, որ ասում են` առաջին սերը ամենախենթն ու ամենատպավորիչն է…

Որովհետև դրանից հետո հոգնում ես արդեն, կորցնելով արածիդ մանրուքներով հիանալու ցանկությունը:

-Մեկ մեծ կոլա, համբուրգեր ու միջին ֆրի, մոտեցեք։