Կյանքը իրար հետևից իր հարվածներն է հասցնում՝ առանց շունչ քաշելու ժամանակ տալու, և ի՞նչ է մեզ մնում, եթե ոչ հնազանդորեն կրել մեզ բաժին հասած ճակատագիրը: Բայց մարդն ունի նաև մտածելու և ամեն ինչ վերլուծելու աստվածային կարողություն, և կյանքի մեծ մասը քննում է իր հետ կատարվածը:
Ես էլ, ինչպես բոլորը , ունեմ իմ յուրահատուկ ներաշխարհը, իմ երկնաթռիչ երազանքները, սպասումները, բայց… Երևի ուրիշ ժամանակ ես այսպես չէի մտածի և աշխարհը չէի ընկալի այսպես. չէ որ այնքան սպասել էի… Այս ուստարվա սկզբին ես մասնակցեցի Ամերիկյան խորհուրդների Վաշինգտոնյան գրասենյակի կողմից անցկացվող Flex ծրագրին, քննությունները, կարծում եմ, այնքան էլ վատ չէի հանձնել, ու անհամբերությամբ գարնանն էի սպասում` պատասխանն իմանալու համար: Վախենում էի երազել, բայց երազանքները գաղտագողի ներթափանցում էին ուշադրությանս պատուհանի փոքրիկ ճեղքից և, ինձ իրենց ձեռքերի վրա առնելով, տանում հեռու-հեռու՝ դեպի Նոր աշխարհի ափերը: Իմ մտահորիզոնում Ամերիկան պատկերանում էր կոլումբոսյան Եվրոպայի բնակիչների աչքերով, այսինքն, մի հեռու, ոսկով ու արկածներով լի աշխարհ, որտեղ միայն ես եմ պակասում հեքիաթն ամբողջացնելու համար: Հետո հանկարծակի արթնանում էի ճամփորդությունից, և, օրինակ, գտնում ինձ դասասենյակում նստած երկար դասամիջոցին, երբ բոլորը դրսում են, իսկ ես, չգիտես ինչու, մոռացել եմ դուրս գալ: Բարկանում էի ինքս ինձ վրա, բայց երևակայությունս միշտ հաղթում էր ինձ: Բայց ահա պատասխանը եկավ բացասական: Չգիտեմ ինչ զգացի, երբ պատահաբար աչքովս ընկավ այդ նամակը: Երևի ոչինչ, ես չտխրեցի, քանզի այլևս տխրելու տեղ չկար, իմ ողջ կենտրոնացումը, ուշադրությունն ու մտքերը հայրս էր. մյուս օրը նա հիվանդանոց էր գնալու, և շատ հավանական էր, որ սրտի շտապ վիրահատություն կատարվեր:
Համակարգչի առջև նստած իբր գիրք էի կարդում՝ փորձելով անհանգստությունս բթացնել, երբ հանկարծ էլփոստս բացվեց ու տեսա նամակը: Թեթև քմծիծաղ անցավ դեմքովս, ես տեսա այնքան խնամքով կառուցված երազանքիս փլուզումը, որն ինձ համար այլևս նշանակություն չուներ: Թե ինչպես եկավ հաջորդ օրը, չիմացա, բայց երբ հայրս զանգեց հարցնելու` ինչպես եմ (ինչ-ինչ պատճառներով ինձ չհաջողվեց ուղեկցել նրանց), ես հազիվ տիրապետելով թրթռացող ձայնիս, սկսեցի ոգևորել պապայիս, բայց այդ խոսքերը գուցե ավելի շատ ասվում էին ինձ քաջալերելու համար, քան նրան: Հետո հիվանդանոց, սպասման անանց ժամեր…
Երբ մարդը նյարդերի գերլարումով ինչ-որ բանի է սպասում, ցանկացած պատասխան հանգեցնում է անզուսպ արցունքների: Հենց այդպես եղավ, երբ քույրս զանգեց ու ասաց, որ ստուգման արդյունքը բոլորովին էլ այն չէ, ինչ մենք էինք կարծում: Հոգիս թռավ, բարձրացավ երկնքից էլ վեր և… Աշխարհն այնտեղից այնքա՜ն գեղեցիկ էր: Ես ինձ մեծ զգացի, իսկ այդ մեծությունից, ա՜խ, Ամերիկան այնքա՜ն փոքր էր…
Հիմա նստած եմ խաղաղ, երջանկությունից նույնիսկ մի քիչ ապուշացած, և ոչինչ չի պղտորում հոգուս անդորրը: Եվ այն, ինչ հիմա մտքիս գալիս է, այն է, որ աշխարհում կան մեծ ու փոքր բաներ, որ հաճախ փոքրերին մենք նայում ենք խոշորացույցով, տխրում, լալիս, երջանկանում ու երազում խոշորացված: Բայց այսօր իմ խոշորացույցն ընկավ ձեռքիցս, ու կյանքը տեսա իրական չափերով: Ես հասկացա, որ մեծացել եմ: