(Պատասխան Մարիամի ու Վահեի նյութերին)
Եթե հիշում ես, բայց դժվար թե հիշես, անցած անգամ ասում էի, որ պիտի կյանքի ամեն վայրկյանը ապրենք: Ապրելու համար իմաստ գտնել պետք չի, որովհետև ինչքան շատ փնտրես, էդպես էլ չես գտնի հիմնական նպատակը, ավելի լավ է, քո համար ապրես:
Վահեն ու Մարիամը լիքը հավես մեկնաբանությունն էին տալիս, 17 և 18 տարեկան լինելու ու ոչ մի բանի հավես չունենալու հետ կապված: Չգիտեմ, երբ հասնեմ 17, հետո էլ 18 տարեկանի, գուցե մի նյութ էլ ես գրեմ, ոչնչի հավես չունենալու մասին, բայց փառք Աստծո, ես 15 տարեկան եմ ու ամեն ինչի հավես ունեմ:
Եթե մայրիկիս հարցնեք, կասի որ ես, անպոչ գդալի պես, ուր հասնի, ինձ մեջ եմ գցում: Չէ, չափից դուրս հետաքրքրասիրությունը չի պատճառը, ուղղակի անընդհատ քնել, արթնանալ, լվացվել, հագնվել, գնալ դպրոց, գալ տուն, հաց ուտել , դաս անել, հետո նորից քնել, այ սրանից եմ հոգնել:
Մի մտածիր, որ աչքերիս վարդագույն ակնոցներ են, կարևորը վարդագույն հոգին է: Մի քիչ փիլիսոփայեցի, լավ, էս հեչ:
Ո՞ւր էինք հասել, հա, հիշեցի: Ես մտածում եմ, որ էն՝ քնել, արթնանալ, լվացվել… -ը մարդ պիտի սիրելով ու հավեսով անի: Մի մտածիր, որ ես միշտ էդպես եմ անում, բայց ինքս ինձ համոզում եմ էդպիսին լինել, որ հետո չասեմ՝ «Կյանքս անցավ, բան չհասկացա»…
Փողոցում քայլող պապիկին ուղղակի նայելուց, կարելի է մոտենալ, բարևել, գլխարկի ձևն ուսումնասիրել, հետո անցնել, ու մինչև քո ուզած տեղը հասնելը, մտածել, որ իրեն առանց գլխարկ ավելի կսազեր, կամ էլ այդպես ավելի լավ էր:
Ամեն անգամ խանութից ձու գնելուց, ինքդ քեզ նորից ու նորից հացնել. «Հա՞վն է ձվից, թե՞ ձուն հավից»: Ու երբ վաճառողուհին ընդհատի միտքդ, ուղղակի վճարել ու դուրս գալուց բացի, բարի առևտուր մաղթիր, ու դուռը կամաց փակիր, որ հետևիցդ չասեն. «Կամա՛ց, գոմի դուռ չի»:
Գրելու ու պատմելու շատ հավես կա, որովհետև 15 տարեկան եմ ու ամեն ինչի հավես ունեմ: