«Որոշ անվերջություններ մեծ են այլ անվերջություններից»:
Ջոն Գրին
Ժամանակը մեկ-մեկ ուզում է, որ կանգնեցնենք իրեն: Բռնենք ու չթողնենք, որ գնա: Գրքերը մեզ միշտ խորհուրդ են տալիս ապրել ամեն վայրկյանը, բայց անգամ ներկայով ապրելը չի թողնում չմտածել վաղվա մասին: Որովհետև վաղը գալու է, ու մենք հենց «վաղվանով» ենք արդարացնում մեր «այսօր»-ը: Ու որովհետև «այսօր»-ն ու «վաղը» միայն ժամանակն են նկարագրում, ուրեմն պետք է ապրել «ժամանակը»:
Ժամանակը իր մասին հիշեցնում է միշտ: Ժամացույցի սլաքի չխկ-չխկոցը ստիպում է գիտակցել, որ վայրկյաններն անցնում են, իսկ դու դեռ նստած ես բազմոցին, ու կնստես երկար, մինչև բոլոր ձայները կլռեն, ու կմնա միայն մի ձայն՝ չխկ-չխկ…
Դե, ուրեմն ինչո՞ւ սպասել, որ «այսօր»-ն ու «վաղը» գան ու անցնեն , ու դու անգամ չզգաս, որ դրանք, քոնն էին, քո կյանքի «ժամանակները», որոնք անցան ժամացույցի սլաքի հետ, ասես, երբեք էլ քոնը չէին եղել:
Երևի, իրոք աստղերն են մեղավոր: Նրանց հաշվելու և անվերջ երազելու վրա կորցրած քո ժամանակի համար, նրանք պատասխան չունեն: Որովհետև անգամ աստղերը հարատև չեն, ու որ ժամացույցի չխկ-չխկ-ը նրանց էլ կտանի քո ստեղծած անվերջությունից, ու դու կմնաս քո ստեղծած աշխարհի վերջին բնակիչը՝ առանց ժամացույցի…
Հ.Գ. Մեջբերում Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գրքից.
«Կգա ժամանակ, երբ մենք բոլորս կմեռնենք: Բոլորս: Կգա ժամանակ, երբ չի մնա ոչ մի մարդ, ով կհիշի, թե ինչ-որ մեկը եղել է ու նույնիսկ ինչ-որ բան է արել: Չի մնա ոչինչ, որ կհիշեցնի Արիստոտելի կամ Կլեոպատրայի մասին, իմ մասին էլ չեմ խոսում: Այն ամենը, ինչ մենք արել ենք, կառուցել ենք, գրել ենք, մտածել ու բացահայտել ենք, կմոռացվեն:
Իսկ եթե քեզ անհանգստացնում է հավերժ մոռացումը, առաջարկում եմ անտեսել այդ վախը, ինչպես վարվում են բոլորը…»