Գործազրկությունը, զբաղվածության կենտրոնների մասամբ կամ ամբողջությամբ բացակայությունն առաջացնում են հասարակության լայն շերտի դժգոհությունը: Աշխարհում չկա այնպիսի երկիր, որ վերը նշված խնդիրները չունենա: Հայաստանը նույնպես բացառություն չէ: Լինելով աշխարհագրական անբարենպաստ դիրքում` ՀՀ կառավարությունն ամենից առաջ կարևորություն է տալիս երկրի պաշտպանությանն ու ապահովությանը, այդ իսկ պատճառով մի շարք ոլորտներ մղվում են ետին պլան:
Մենք` պատանիներս, ունենք մեր ընդհանուր հիմնախնդիրները: Իմ կարծիքով, դրանցից ամենակարևորը զբաղվածության ապահովումն է: Խոշոր քաղաքներում տվյալ խնդիրը որոշ չափով լուծված է, իսկ մանր քաղաքներում կամ գյուղերում…
Վերջիններում կարելի է ասել այն ընդհանրապես բացակայում է` ստեղծելով պատանիների միջև անհամատեղելիություն, որն իր հստակ ազդեցությունն է ունենում գյուղաբնակ պատանիների ինքնաարտահայտման ու ազատ շփման վրա: Հաճախ առաջանում են հարցեր. ինչո՞ւ է իմ գյուղը կամ նույնիսկ քաղաքը զուրկ սպորտդպրոցներից, ժամանցի վայրերից, թանգարաններից: Հարցերի պատասխանները ձեզ կթվան պարզ ու հստակ, սակայն դրանց լուծում չի տրվում:
Երկրորդ հիմնախնդիրը վերաբերվում է կրթական ոլորտին, իսկ ավելի կոնկրետ, ավագ դպրոցին: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչի համար և ինչ նպատակով են ստեղծվել այս դպրոցները: Ստեղծվել են, որպեսզի աշակերտը ավելի խորը ուսումնասիրի նախընտրած առարկան և առանց կրկնուսույցի օգնության մուտք գործի համալսարան: Սակայն մերօրյա ավագ դպրոցները չեն կարողանում կատարել իրենց առաջ դրված խնդիրը, և աշակերների ճնշող մեծամասնությունը շարունակում է հաճախել կրկնուսույցներ մոտ:
Վերջին խնդիրը մասնագիտության ընտրությունն է: Հայաստանում միայն ցանկությունը բավարար չէ: Մինչև ընտրություն կատարելը հարկավոր է հասկանալ`որ մասնագիտությունն է առավել պահանջված, և պահանջված լինելով` արդյո՞ք մի քանի տարի անց տվյալ մասնագիտությամբ հնարավոր կլինի աշխատանքի ընդունվել: Ներկայումս պատանիներից շատերը, եթե ոչ բոլորը, ցանկանում են դառնալ բժիշկ, իրավաբան, ծրագրավորող ու մի շարք «նորաոճ» մասնագետներ: Այսպիսով, բազմաթիվ մասնագիտություններ «հնանում են»` աշխատատեղերի պակասի ու անմրցունակության պատճառով: