Հավաքել եմ մազերս, որը միշտ մատներիդ հպումով հետ էիր տանում։
Էլ դեմքիս չեն ընկնում։
Երևի մինչև քո գալը մազերս այսպես հավաքած էլ մնա։
Թե չէ` ո՞վ պիտի ուղղի մազերս. դու հեռու ես։
Հեռու ես ու իմ օրը դատարկ է։ Դատարկ է
ճիշտ այնքան, ինչքան մինչ քեզ ճանաչելն էի դատարկ։
Ու ավելի դատարկ է, քան մեր փողոցը` գիշերային ժամերին, դե այնտեղ մարդիկ քիչ են լինում։
Իսկ գնալուցդ հետո չգիտեմ էլ, մարդիկ լինո՞ւմ են, թե՞ չեն լինում։
Գիտե՞ս, մարդկանց լինել-չլինելու հարցում անտարբեր եմ։
Տպավորություն է, որ ամեն բան տարել ես քեզ հետ։
Սպասում եմ, որ գաս։
Գաս ու հավաքես ինձ։
Ճիշտ այնպես, ինչպես մազերս եմ հավաքել…
Գաս, որ խելքս չկորցնեմ։
Գուցե կորցրե՞լ եմ արդեն:
Ինչևէ, առանց քեզ կորած եմ, դուրդ գալի՞ս է:
Դե իհարկե, դուրդ գալիս է…
Վստահ եմ, կարդալիս էլ ժպտում ես, քո ուզածն էր, չէ՞։
Իմ ուզածն էլ է, իրոք։
Մենակ թե` քեզ հետ։
Գիտե՞ս, աչքերս փակում եմ ու դիմագծերդ եմ պատկերում մտքումս։
Հետո չգիտեմ էլ ոնց, աչքիս մեջ ինչ-որ բան է մտնում, ես էլ հենց փորձում եմ հանել, արցունք է հոսում։
Թե չէ` չմտածես լացկան եմ դարձել, ճիշտ եմ ասում…
Դու հիմա ծառայիր, որ հետո ես քեզ ծառայեմ։
Որ հետո միասին ծառայենք ու բոլոր հարցերում հաջողենք։
Պատվով կատարենք մեզ բաժին հասած հրամանները:
-Դե, իսկ հիմա ժպտա, կատարե‘լ հրամանը…
-Լսու‘մ եմ…