Ուզում եմ ձեզ ներկայացնել տատիս` Սոֆիկ Ադամյանի հետաքրքիր պատմություններից: Ի դեպ, ինձ հենց նրա անունով են կնքել: Ասեմ, որ նա քառասուներեք տարի աշխատել է դպրոցում` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, նաև ուսմասվար, իսկ այժմ թոշակի է անցել: Ծնվել և մեծացել է Վերնաշեն գյուղում: Տանը վեց երեխա են եղել. ինքն էլ` ամենափոքրը: Վերջերս տպագրվել է նրա «Գիրս մնա հիշատակող» ստեղծագործությունների ժողովածուն: Գրքում հիմնականում իր մանկության և պատանեկության քաղցր հուշերն են: Եթե պապս թեման չփոխի, տատս հազվադեպ կպատմի այդ քաղցր հուշերի մասին:
Պապս հումոր շատ է սիրում: Նրա ամեն խոսքում հումոր ու կատակ կա: Երբեմն մենք չենք կարողանում առանձնացնել նրա հումորը ճշմարտությունից: Հիշում եմ՝ մի անգամ տիեզերագնացի օրը ասաց.
-Առաջին տիեզերագնացը տատդ է, տա՛տդ:
Իմ մանկական հետաքրքրասիրությունը շարժվեց. ինչպե՞ս թե: Ես խնդրեցի տատիս, որ պատմի, թե ինչու է պապս նրան համարում տիեզերագնաց: Տատս խորհրդավոր ժպտաց ու ասաց.
-Կուզեի՞ր տիեզերագնաց տատ ունենալ:
Խնդրեցի այդ առեղծվածը մանրամասն պատմել: Մի երանելի ժպիտ խաղաց տատիս դեմքին:
-Գուցե ասեք` անդունդագնա՞ց:
-Տա՛տ ջան, խնդրում եմ, պատմիր,- անհամբերությամբ մեջ մտավ եղբայրս:
Տատս հոգոց հանեց և սկսեց.
-Ես շատ փոքր եմ եղել, նույնիսկ չեմ հիշում: Այնքան են այդ մասին պատմել, որ թվում է, թե հիշում եմ:
Մեր սարի տունը գտնվում էր մի անդնդախոր ժայռից տասը մետր հեռավորության վրա: Այդտեղ մեծացել են մեր և երկու հորեղբայրներիս տասնինը երեխաները: Ոչ ոքի մտքով չի անցել խաղալ ժայռապռնկին և հատապտուղ քաղել այնտեղ աճած փոքրիկ թփից: Ըստ պատմածի՝ ես շատ ճարպիկ եմ եղել. մեկուկես տարեկան եմ եղել, երբ այդտեղ խաղացել ու տասնհինգ մետր բարձրության ժայռից ընկել եմ ձորի մի մեծ քարի վրա: Մայրս երկար է փնտրել. վերջապես մոտեցել է ժայռապռնկին և ինձ կանչել: Ես ներքևից ձայն եմ տվել: Մորս ծնկները կպել են գետնին: Խեղճ մայրս լացել է, օգնություն կանչել, բայց շրջակայքում ոչ ոք չի եղել: Մայրս մի կերպ, ընկնել-վեր կենալով ձորի երկարությամբ վեց հարյուր մետր իջել, այդքան էլ վերև է բարձրացել ու հասել է ինձ: Լացով, հեծկլտալով ինձ քարի վրայից վերցրել է, գրկել որդեկորույս մոր մրմուռով ու դուրս եկել ձորից՝ ամեն վայրկյան սպասելով իմ մահվանը:
Ի ուրախություն բոլորի՝ ես չեմ մահացել. տասնհինգ օր բժիշկները պայքարել են ինձ ոտքի կանգնեցնելու համար:
Ինչպես տեսնում եք՝ ես կենդանի եմ մնացել:
Քանի որ նշեցի, որ տատս աշխատել է դպրոցում, հաստատ չի կարող մի հետաքրքիր բան պատահած չլինել: Ձեզ եմ ներկայացնում հետաքրքիրներից մեկը:
Ներեցե՛ք, խնդրում ենք
Երբ որ դասից փախչում տուն էինք գալիս, տատս պապիս միջամտությամբ այդպիսի չարաբաստիկ պատմություններ էր հիշում ու սկսում.
-Ձմեռային արձակուրդի նախօրյակն էր: Մի լավ սովորող ու շատ չար դասարան ունեինք: Բոլորը հպարտանում էին նրանց լավ սովորելով, բայց դժգոհում քաղցր չարաճճիություններից:
-Հիանալի դասարան է, գտե՛ք նրանց սիրտը տանող ճանապարհը,-հորդորում էի ուսուցիչներին:
Այդ դասարանում պարապող մի ուսուցիչ հիվանդացել էր: Դասացուցակը փոխեցի, կերպարվեստի ուսուցչի փոխարեն ուղարկեցի հայոց լեզվի ուսուցչուհուն:
Նախորդ ժամին լսածս դասի քննարկումը դեռ չէի սկսել, երբ աշխատասենյակիս դուռը կրնկի վրա բացվեց, ու երևաց հայոց լեզվի ուսուցչուհու՝ զայրույթից կարմրած և փքված դեմքը: «Տեսնես ի՞նչ է պատահել»,- մտածեցի:
-Ես խնդրում եմ՝ ինձ այլևս այդ դասարան չուղարկեք,- ասաց զայրացած ուսուցչուհին:
Ես դադարեցրեցի իմ աշխատանքը, ներս հրավիրեցի նրան և խնդրեցի պատմել եղելությունը: Պարզվեց, որ երեխաները հատակը մաքրելու փայտի վրա հագցրել են դույլը, դրել դռան վրա, որ կերպարվեստի ջահել ուսուցիչը, որ իրենց հետ գրեթե ընկերություն էր անում, դուռը բացի և փայտի հարվածն ստանա:
Մինչ ես մտորում էի, թե ինչպես խոսեմ, ինչպիսի «պատիժ» տամ չարաճճիներին, միջանցքից ոտնաձայներ լսվեցին: Դուռը բացեցի: Ամբողջ դասարանը շարվել է պատի տակ. ավագը կարկամ քայլերով մոտեցավ ինձ.
-Ներեցե՛ք, խնդրում ենք, թույլ կտա՞ք ներս գանք:
-Անցե՛ք,-մի կերպ զսպեցի զայրույթս: Վազքով ներս մտան, շրջանի մեջ առան վիրավորված ուսուցչուհուն: Դասարանի ամենաչարաճճին, երևի իր մտահղացումն է եղել, աղաչական ձայնով ասաց.
-Մենք Ձեզ համար չէինք արել:
Ապա բոլորը միաբերան ասացին.
-Ներեցե՛ք, խնդրում ենք:
Ինչպես միշտ աշակերտները շահեցին, և ուսուցչուհու զայրույթը փոխվեց ժպիտի: