-Ես կգամ:
-Ես էլ,- բացականչեցինք ես ու Նելլին, երբ որոշվում էր, թե ով է հովիվների և կովեր նախիրի հետ գնալու գյուղ՝ ճանապարհին, իհարկե, նկարելով նրանց:
Երկուսով ճանապարհ ընկանք:
-Ուրեմն, ես կխոսեցնեմ, դու կնկարես,- ասացի ես Նելլիին, ու մենք համաձայնության եկանք:
-Նել, արի արագ հասնենք հովիվներին, էս շունը ինձ թարս ա նայում,- վախեցած վազեցի ես՝ նայելով վրաս մռնչացող շանը:
Մենք վազելով հասանք հովիվներին և նկարեցինք նրանց: Պարզվում է, որ բոլոր կովերը գիտեն իրենց տան տեղը, և երբ մտնում են գյուղ, բոլորն առանձնանում են ու գնում ճիշտ իրենց տան կողմը և կանգնում դարպասների առաջ: Չբավարարվելով միայն հովիվներով՝ ես ու Նելլին որոշեցինք նկարել նաև այդ տեսարանը և մի կովի հետևից թեքվեցինք դեպի քարքարոտ զառիթափը:
-Նկարի, նկարի, նկարի:
-Ստեղ հնարավոր չի, շատ քարքարոտ ա:
-Լավ, արի արագ գնանք հետևից, տուն մտնելուց կնկարենք:
Արագ. լավ էր ասված, բայց այդ քարքարոտ ճանապարհով արագ գնալը նույնքան անհնար էր, որքան այդ կովի հետ նկարահանման համար պայմանավորվելը: Ճանապարհի երկու կողմերից էլ մեծ փշեր էին, և մինչ ես նվնվում էի, որ փուշը պատռել է ձեռքս, կովը անհետացավ մեր տեսադաշտից:
-Լավ, չեմ հասկանում, էդ մեծ կովը ո՞ւր կորավ,- դեռ շարունակում էի նվնվալ ես՝ նկատելով, որ շուրջս տներ չկային, ուր կարող էր մտած լինել կովը:
-Արի` հետ գնանք գլխավոր փողոց,- առաջարկեց Նելլին:
-Էսքան եկել ենք, որ հետ գնա՞նք,- ընդդիմացա ես,- ոչ մի հետ, էդ փշերի միջով, միայն առաջ,- բացականչեցի ես և ավելացրի,- փշերի միջով:
Իմ գաղափարով շարժվեցինք առաջ լրիվ անծանոթ գյուղում, լրիվ անծանոթ փողոցով, եթե իհարկե, դա կարելի էր փողոց անվանել:
-Հա լավ, փոքր գյուղ ա, ոնց էլ լինի` մի տեղ դուրս կգանք,- կատակում էի ես:
-Արի, արի, մի տատիկ ա երևում:
Մենք վազեցինք տատիկի մոտ, որը մեզ փրկարար էր թվում: Այս տատիկը, ինչպես նաև Բյուրական գյուղի մյուս բոլոր բնակիչները, շատ հյուրասեր ու մարդամոտ էր: Ճանապարհը մեզ ցույց տալուց հետո նա սկսեց հետաքրքրվել, թե ինչ ենք նկարում, և ինքն էլ պատմեց գյուղի մասին, ինչը մենք նույնպես նկարեցինք:
-Հեսա, Տիգրանս եկավ, հետաքրքիր բա՞ն եք ուզում, Տիգրանս կպատմի, գիտե՞ք ինչ լավ տղա ա,- իր հարևանին էր գովում տատիկը, երբ մեզ մոտեցավ կապույտ մեքենայով Տիգրանը:
-Երեխեք, էս ի՞նչ եք էսքան նկարում:
-Մենք «Մանանա» կենտրոնից ենք…,- հերթական անգամ սկսվեց պատմությունը:
-Ուրեմն, ես մի հատ հին դարբնոց ունեմ, գործում է, կարող եք գալ նկարել,- առաջարկեց Տիգրանը, և մենք ուրախացանք, որ մի հետաքրքիր բան էլ ենք գտել:
Բայց էլ չէինք կարող երկար զրուցել. մեր խումբը մեզ էր սպասում: Ստիպված հրաժարվեցինք տատիկի սուրճի հրավերից և շարժվեցինք մեզ ցույց տված ճանապարհով: Գլխավոր ճանապարհը հարթ էր, ասֆալտապատ, բայց կտրուկ զառիթափ: Իսկ մենք ստիպված էինք շտապել: Սառը քամին այրում էր մեր կոկորդները: Վերջապես տեղ հասանք և նստեցինք մեքենան: Այստեղ էլ ավարտվեցին Մարիամի ու Նելլիի այդ օրվա արկածները, որոնք դեռ երկար տառապեցին մկանացավից, բայց ուրախ էին, որ մի քանի կադր ավել են նկարել: