Բյուրականյան օրագիր. մի բուռ կապույտ կանաչի վրա

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Շատ մարդկանց և նաև ինձ մի հարց է հետաքրքրում, թե ինչ գործ ունեի ես մեղվապահի մոտ: Իհարկե, ճիշտ եք… Կիսաստացված լրագրողի մասնագիտությամբ ինչ-որ մեկին էլի պիտի զոհ դարձնեի:
Ես սիրահարված եմ աշխարհին, երբ առանց ակնոցի եմ: Այդ օրը առանց ակնոցի էի: Լավ տրամադրությունն ապահովված էր: Մի քիչ հեռու կանգեցինք: Կանաչի մեջ երևի բոլորի ուշադրությունը գրավեցին այդ տնակները: Ես յուրահատուկ չէի. մեծ կապույտ տնակ, իսկ կողքին` հավաքված մեղվի բներ. կարծես ձագուկները լինեին:
-Հե՞շտ է ապրել այստեղ:
-Երբեք ու ոչ մի տեղ  ապրելը հեշտ չէ, պիտի աշխատեք, աշխատելը հե՞շտ է,- սևեռուն նայեց ինձ մեղվաբույծ Դերենիկ պապիկը:
Ժպտացի: Ես երբեք չեմ աշխատել ու հարցնում եմ արդյո՞ք հեշտ է ապրելը:
-Գիտեք, մեղուներն էլ են մարդկանց նման ,մարդկանցից ավելի խելացի ու աշխատասեր: Եթե մեկ օր աշխատավոր մեղուներից մեկը առանց նեկտարի գա, նրան տուն չեն թողնի,  բայց քո մայրը հաստատ կթողնի,- նորից նայեց ինձ: Նորից ժպտացի:
Գիտեք, երբ ուզում եք մտածել, ստեղծագործել, մի այցելեք փիլիսոփայի կամ գիտնականի: Գտեք մի լեռնցու կամ հողագործի, նստեք կողքին ու լռեք, ու ոչ թե լսեք, այլ վայելեք նրա խոսքերը: Մարդիկ, որոնք հաճախ միայն տարրական կրթություն ունեն, կարողանում են կյանքը վերլուծել հրաշալի ձևով, հասկանալ երևույթները ամենախորքային տեսանկյունիցԲոլոր գիտությունների հիմքը բնությունն է, կյանքը հիմքը ևս: Ուստի, կյանքը հասկանալու համար ուղղակի մոտ եղեք բնությանը:
-Լավ աշխատանքը գնահատվում է,- շարունակեց նա,- անկախ նրանից թե որտեղ ես, ես դժգոհ չեմ իմ աշխատանքից, հավանաբար ես լավ եմ աշխատում:

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Աշխարհից կտրված կապույտ տնակի մեջ ապրող մեղվաբույծ, առանց հեռախոսի, համացանցի, բայց ավելի երջանիկ, ավելի աշխատասեր ու գնահատող:
-Տեղեկացված եղեք ամեն ինչից, դուք չգիտեք, թե կյանքում ինչ է պատահելու ձեզ հետ: Տեսնո՞ւմ եք այն դեղատուփը, – ցույց տվեց առաստաղից կախված դեղատուփը,-դեղեր են, տարբեր դեղեր: Հիմա ենթադրենք, մեր հյուրերից մեկին մեղուն կծեց: Ալերգիա ունենալու դեպքում ես պիտի առաջին բուժօգնություն ցուցաբերեմ: Սարերում ապրելը և’ հաճելի է, և’ վտանգավոր: Եթե երեկ եկած լինեիք, մեղվից բացի նաև գայլ նկարած կլինեիք: Չնայած հնարավոր է, որ հիմա էլ  գա, անընդհատ իջնում են: Ես հորիցս եմ ժառանգել բնության հետ շփվելու կանոնները, հայրս` պապիկիցս:
-Իսկ դուք փոխանցո՞ւմ եք ձեր երեխաներին այն հմտությունները, որ ունեք:
-Անպայման, երեք տղաներիցս երկուսը շարունակելու են մեղվապահությունը, իսկ մեծ տղաս ալերգիա ունի, դժվար թե կարողանա աշխատել այստեղ:
-Իսկ այս փեթակի գույնը պատահակա՞ն է ընտրված:
-Ոչ, գույները ընտրում ենք այնպես, որ մեղուները կարողանան կողմնորոշվել, այսինքն, չխառնեն կանաչ գույնը փեթակի գույնի հետ. կարմիր, դեղին, կապույտ:
-Իսկ ո՞րն է ամենալավ մեղրը: Կան մեղվապահներ, որ շաքար են խառնում, կամ տարբեր խարդախություններ են անում:
-Ամենալավ մեղրը մարդու խիղճն է: Ուղղակի պետք է անկեղծ լինել, չպետք է խաբել, չխաբել ուրիշներին, և որ ամենակարևորն է չխաբել ինքդ քեզ:
Արդեն հեռանում էինք: Շուրջբոլորը կանաչ էր, կանաչ էր ամեն ինչ. թարմությունը, երջանկությունը, սարերում նույնիսկ սերն է կանաչ, ու միայն փեթակներն ու Դերենիկ պապիկի տնակն էր կապույտ:

Մեր մեքենան շարժվեց, ինչքան կարող էինք նկարահանեցինք: Հետդարձին անընդհատ կրկնում էի Դերենիկ պապիկի խոսքը` ամենալավ մեղրը մարդու խիղճն է: Միայն թե կարողանամ այդ մեղրը պահպանել…