COAF կազմակերպությունը մեր գյուղի երեխաների համար շատ բան է արել: Գյուղում շատ խմբակներ կային, ու այդ խմբակներից մեկը մեր թատերական խմբակն էր: Մեր խմբի ղեկավարը դերասանուհի Հասմիկ Սարգսյանն էր: Խմբակը դպրոցում ստեղծվեց 4 տարի առաջ ու տևեց 2 տարի: Այն մեր դպրոցին նոր շունչ բերեց: Ամեն քայլափոխի լսում էի, թե ինչպես են խմբակի անդամները պատմում իրենց տպավորությունների մասին: Սկզբում մենք սովորում էինք բեմի վրա կանգնել, վստահ խոսել, դերասանական տարբեր հնարքներ, իսկ հետո արդեն սկսվեց ներկայացումների շրջանը: Ներկայացումների սցենարները, հագուստները և, իհարկե, բեմադրումը մեր խմբավարի ձեռքում էր: Մեր առաջին ելույթը հարազատ դպրոցի հարազատ դահլիճում էր, իսկ հետո արդեն սկսեցինք շրջագայել հարևան գյուղերով: Կարևոր դեր ուներ նաև մեր խմբի անվանումը՝ «Թռիչք»: Անունը որոշել էինք ողջ խմբով: Մեր ամեն նոր քայլով մենք նոր թափ էինք առնում ու թռչում:
Հիշում եմ, որ դեռ մանկապարտեզի հանդեսներից ինձ միշտ գլխավոր դերեր էին վստահում, ու դեռ մանկուց ես ունեի «դերասանական տաղանդ»:
«Թռիչք»-ը իմ երկրորդ տունն էր դարձել, չէ, երրորդ, մոռացել էի, որ մեր երկրորդ տունը դպրոցն էր: Նախատեսված ժամից միշտ շուտ էի գնում, որ մի վայրկյան բաց չթողնեմ: Այսօրվա պես եմ հիշում մեր առաջին ներկայացումը՝ «Սուրբ Ծննդյան հրաշքը»:
Հիշում եմ, թե ոնց էինք ետնաբեմում ուրախանում ամեն մի տեսարանից հետո: Հիշում եմ, թե ոնց էինք ուրախացել, երբ հանդիսատեսը գոհ էր ու բարձր ծափահարում էր: Գյուղի երեխաների համար դա մեծ բան է:
Ու այս ամենը մեր խմբի ղեկավարի շնորհիվ, իհարկե: Անցան մեր «թռիչքյան» օրերն ու ներկայացումները: Մեր Հասմիկին մի ուժեղ քամի թռցրեց Գերմանիա: Այսօր էլ խմբից շատերը ուսանողներ են, բայց…
Բայց ես որոշեցի ստեղծել նոր «Թռիչք»: Որոշեցի, որ այն ամենը, ինչ ես եմ ստացել այդ խմբակից, պետք է փոխանցեմ ինձնից փոքրերին: Հայտարարեցի, որ ցանկացողները կարող են գրանցվել ու լինել նոր «Թռիչք»-ի մասնակիցներ: Ու հիմա ես եմ խմբի «ղեկավարը»: Ես եմ ներկայացման սցենարը գրում, ես եմ ինձ ռեժիսորի տեղ դրած ուղղումներ անում: Հիմա ես եմ «Թռիչք»-ի «Հասմիկը»:
Ու վերջերս իմ նոր «Թռիչքը» բեմ դուրս եկավ: Հանդիսատեսն էլի նույնն էր, ոչինչ չէր փոխվել: Էլի ծափեր, գովասանքի խոսքեր, լավ մաղթանքներ: Ոչինչ չի փոխվել: Ես էլի հուզմունքից դողում էի, ինչպես առաջ:
Հիմա ես դողալով թև եմ տալիս, որ նորեկներն էլ թռչեն: