Դե ինչպես նյութերից կռահում եք, մենք գտնվում ենք Դիլիջանի «Իմպուլս» հյուրանոցում` այս տարվա երկրորդ Մեդիա ճամբարին: Առաջին և երկրորդ օրերը մենք ծանոթացանք, քննարկեցինք ֆիլմի գաղափարներ, նյութեր գրեցինք, կերանք, խմեցինք, քնեցինք:
Եկավ սպասված երրորդ օրը, և այդ օրը պետք է տարբերվեր մյուսներից` պետք է գնային ֆոտոարշավի` Սեմյոնովկա գյուղ (ասեմ, որ Հայաստանի գյուղերով շրջում եմ «Մանանա» կենտրոնի շնորհիվ, և ի դեպ, շատ հետաքրքիր է գյուղական կյանքը, ու շատ եմ հավանում):
Քայլում էինք, քայլում էինք ու հանկարծ նկատեցինք դեզ հավաքող երիտասարդների (իսկական պահն էր ապարատը գործի դնելու):
-Կարո՞ղ ենք ձեզ լուսանկարել:
-Է~հ երեխեք, նկարելու եք, տանեք մի տեղ գցեք` խայտառակ լինենք, -ասացին երիտասարդները:
-Չէ~, մենք ուղղակի սովորում ենք ֆոտո անել,- մեր սրտից ելնելով` պնդեց Լիլիթը:
-Հա~, լավ, բա հետո ի՞նչ եք անելու:
-Լավ է~, նկարեք, բայց լավ կլիներ նկարելու փոխարեն օգնեիք էս դեզը հավաքեինք,- կատակեց տղաներից մեկը:
Ու գնա~ց. չըխկ, չրըխկ, չըրխկ. ամեն կողմից, ամեն կադրից:
Հետո շնորհակալություն հայտնեցինք համաձայնվելու համար ու շարունակեցինք մեր ճանապարհը: Հանկարծ նկատեցինք, որ ներքևից ձայներ են գալիս: Իջանք և տեսանք մի գյուղական համով-հոտով ընտանիք` տատով, պապով ու թոռով: Միանգամից զրույցի բռնվեցինք:
-Բարև, էրեխեք ջան: Էս դուք որտեղի՞ց եք, -հարցրեց Գնունի տատիկը (ամենից շատ ինձ դուր եկան այդ գյուղի տարօրինակ անունները, երբ հարցնում էիր որևէ մեկի անունը, արդեն սպասում էիր, որ մի անծանոթ ու տարօրինակ բան կասեն):
- Ճիշտն ասած, Հայաստանի տարբեր տեղերից, բայց մեզ «Մանանա» կենտրոնն է միավորել, ու հիմա եկել ենք ձեզ լուսանկարելու և Սեմյոնովկա գյուղի մասին հետաքրքիր փաստեր հավաքելու:
-Հա~, մեզ էլ նկարեք, մեր տունն էլ, կարաք մտնեք բախչան էլ, մեր ցանածն էլ նկարեք: Մի անգամ ամերիկացի կամավորներ եկան` տունը նկարելու, նկարեցին, հետո էլ փող տվեցին գնացին (դե «նամյոկ» էր, էլի):
-Վա~յ, շատ շնորհակալություն, բայց մենք մենակ ձեզ կնկարենք:
Հանկարծ անկյունում նստած մի պապիկի նկատեցի ու սկսեցի լուսանկարել:
-Էն երեխան ի՞նչ ա անում- հարցրեց Գնունի տատիկը:
-Մարդուդ ա նկարում, ինչ ա անում,- պատասխանեց նրանց աղջիկը:
-Ձեր անունն ի՞նչ է,- հարցրեցի ես ծառի տակ նստած պապիկից:
Սակայն ոչ մի պատասխան չստացա, քանի որ պարզվեց, որ պապիկը կույր է տարիքի պատճառով, բայց ինձ հենց գրավել էին նրա` ծովի պես կապույտ աչքերը: Ես նույն հարցը ավելի մոտիկից տվեցի:
-Հա, աղջիկ ջան, ես Սերյոժա Ավետիսյանն եմ, 85 տարեկան:
- Էս գյուղի ամենատարեց մարդն ա, բալա ջան,- ավելացրեց տատիկը:
-Օհո~:
-Բա~, ձմերուկի պես մեծացել ա…
-Որտեղի՞ց ես, աղջիկ ջան,-հարցրեց Սերյոժա պապիկը:
-Ես Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքից եմ, պապիկ ջան: Եղե՞լ եք Եղեգնաձորում:
-Հա~, կոլխոզի ժամանակով եկել եմ, գործ ունեի, Մալիշկա էլ երկու գիշեր մնացել եմ:
-Լավ: Հիմա շատ ա փոխվել Եղեգնաձորը:
Այդ պահին դուրս եկավ նրանց հարսը, ջուր հյուրասիրեց և առաջ անցանք:
Տեսանք մի խումբ երեխաների` բակում խաղալուց, լուսանկարեցինք: Վազեցին մտան տուն. ծիկ-վիկ էին անում: Դուրս եկավ նրանց տատիկը:
-Բարև Ձեզ: Մի քիչ Ձեր մասին կպատմեք:
-էրեխեք ջան, ես Ջավահիր տատիկն եմ, 69 տարեկան: Էս գյուղում արդեն 52 տարվա բնակիչ եմ: Էս իմ ընտանիքն ա, իմ հարսները, իմ էրեխեքը, մենակ տղաներս են բացակայում:
-Հա~, երևի Ռուսաստան են:
-Է~հ, Ռուսաստան` ընտանիք են պահում, ախր, գործ չկա: Մենակ մի տղաս ա ստեղ: Դե ընտանիքին գոնե մի տղամարդ պետք ա, չէ՞:
-Լավ, տատիկ ջան:
-Դուք բոլորդ էլ մամա, պապա ունե՞ք:
-Հա, ինչի՞:
-Իրանց պինդ պահեք: Միշտ հիշեք, որ ում էլ գտնեք, մեկ ա, ծնողները ձեզ ամենամոտ մարդիկ են մնալու:
- Լավ, շատ շնորհակալություն խորհրդի համար:
Բարձրացանք վերևի տուն:
-Բարև ձեզ, էրեխեք ջան, ոնց հասկացա` լրագրողներ եք, սպասեք մի քիչ մեր գյուղից պատմեմ:
- Հա, մոտ եք: Բայց նախ` ներկայացեք:
-Ես Գայանե Ղաջոյանն եմ, 53 տարեկան: Սկսեմ ամենասկզբից: Դե, լսած կլինեք մոլոկանների մասին: Ճիշտն ասած, հենց իրենք էլ դրել են մեր գյուղի անունը` Սեմյոնովկա: Էն ժամանակ մեր գյուղում հայերը` տեղացիները, շատ քիչ էին. հիմնականում քրդեր ու մոլոկաններ էին:
-Բա հիմա ո՞ւր են:
-Հետո գնալով ցրվեցին: Ծանր տարիներ էին: Հիմա այստեղ միայն երկու քուրդ ընտանիք կա:
-Իսկ կապ կա՞ կամ եղել ՞ա նրանց հետ:
-Տենց շփվել ենք, բայց չեմ կարող ասել, որ հիմա շփում կա: Միայն գիտենք, որ մի երկու ընտանիք Սևանի մոտերքում են տնավորվել:
-Իսկ տարբերություն կա՞, որ այն ժամանակ մայրուղին այստեղով էր անցնում, իսկ շրջանցում է գյուղը:
-Հա~, հիմիկվա ու էն ժամանակվա միջև սարերի տարբերություն կա: Էն ժամանակ ամեն մեկս մի աշխատանք ունեինք` մեկս սովխոզում, մյուսս` գրադարանում, ես էլ խանութում գործավար էի: Հիմա բոլորս էլ տանը նստած ենք, կամ էլ անասուն ենք պահում: Էս էլ մեր գյուղապետի կնիկն ա` Բելլան:
Նրանց տղայի` Արտակի հետ բարձրացանք սար` հեռվից Սևանը տեսանք, լուսանկարեցինք և շտապեցինք. մեքենան մեզ էր սպասում: