Օտար երկրներից եկած բազում կամավորներ, բարեկամներ և հարազատներ եմ ունեցել: Բայց ամենաշատը շփվել եմ ամերիկացի կամավորների հետ, իսկ նրանցից մեկին յուրահատուկ կերպով եմ սիրել: Նրա անունը Լորեն է:
Առաջին անգամ նրան տեսա մայրիկիս աշխատասենյակում, չմոռանամ ասել, որ մայրս աշխատում է նաև կամավորների հետ: Երկար նայեցի նրան՝ հասկանալու համար, ճանաչո՞ւմ եմ, թե՞ ոչ: Նա նայեց ինձ իր երկնագույն աչքերով ու բարի հայացքով ժպտաց: Այդ պահից, կարծես, մենք դարձանք բարեկամներ: Մի քանի անգամ հանդիպելով՝ փորձում էր հայերեն խոսել իր տարօրինակ «ակցենտով» (հետաքրքիր առոգանություն ունեն): Հետո նա որոշեց ինձ հետ անգլերեն պարապել. ես էլ չհրաժարվեցի: Պարապմունքներն անցնում էին շատ հետաքրքիր, նաև ծանոթանցնում էր իրենց մշակույթին ու պատմում սովորույթների մասին: Երբեմն իրար չէինք հասկանում, որը ծիծաղ էր առաջացնում երկուսիս մոտ էլ:
Մի օր պարապմունքից հետո որոշեցինք նրա սիրելի խաղերից խաղալ, որը կոչվում է scrubble: Տեսնելով, որ խաղը շատ է ձգձգվում, մայրս աշխատասենյակի բանալին թողեց մեզ և գնաց տուն: Դա մի խաղ է, որի ժամանակ մեզ մոտ ունեցած անգլերեն տառերով պիտի կարողանայինք բառեր կազմել ու այդ բառերը միացնեինք իրար: Խաղը բավականին դժվար էր, այդ պատճառով էլ մենք այն ավարտեցինք ժամը 6-ին, երբ արդեն անձրևում էր: Վազելով գնացինք նրա բնակարան, որը հանրակացարանում էր ու կից էր աշխատավայրին: Ինձ տվեց իր անձրևանոցներից, զանգահարեց իր ընկերուհուն, ով նույնպես կամավոր էր, ու մենք գնացինք պիցա ուտելու: Դե՛, պատկերացրեք՝ սառը եղանակին՝ տաք պիցա… Այնպե՜ս էր բուրում: Արդեն ուշ էր: Ես վազեցի տուն:
Լորենը «Խաղաղության կորպուս»-ի կամավորներից էր, մասնակցում էր «Սահմանից սահման» ծրագրին, որի մեջ ներգրավեց նաև ինձ:
Արդեն ամառ էր: Ամառները մեր տանը համարյա ամեն օր փոքրիկ «հավաքույթներ» են լինում: Դա այն պարզ պատճառով է , որ մենք լողավազան ունենք, իսկ մենակ լողալը այնքան էլ հետաքրքիր չէ: Էլ չեմ ասում, թե ծննդյանս օրը մեր բակում ինչքան ուրախ է անցնում: Մոտավորապես շաբաթը երկու անգամ Լորենը մեր տուն էր գալիս, ու շա՜տ լավ ժամանակ էինք անցկացնում՝ լող, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտբոլ, գործնագործ ու թղթախաղ: Իմ իմացած պարերից էի նրան սովորեցնում (7 տարի հիփ-հօփ եմ սովորել), շանս հետ էինք խաղում, իսկ երեկոյան ֆիլմ էինք դիտում՝ համտեսելով մայրիկիս թխած համեղ խմորեղենները:
Այս ամառն ամենահետաքրքիրն էր:
Լորենն իր ընտանիքի միակ երեխան է, և այնքան կապված էր ինձ հետ, որ ինձ «քույրիկ» էր կոչում:
Շատ ափսոս, որ լրացավ Լորենի կամավորական ծառայության 2 տարին, և նա պիտի գնար իր հայրենիք: Ամենադժվարը նրան ճանապարհելու պահն էր. մենք հրաժեշտ տվեցինք և շատ հուզվեցինք:
Հայաստանում անցկացրած իր վերջին օրերին միշտ ասում էր.
-Շատ սիրում եմ Հայաստան, շատ սիրուն: Ձեր ընտանիք շատ լավ: Սովորեմ Ամերիկա ու գամ Հայաստան՝ իմ բարեկամների մոտ:
Այսքանը երկու տարի առաջ էր, հենց այս տարի էլ խոստացել է գալ: Մենք միշտ կապի մեջ ենք:
Անցած տարի՝ Ամանորին, նա նվեր էր ուղարկել մեզ ու փոքրիկ նամակ գրել այս բովանդակությամբ. «Շատ եմ սիրում ձեր ընտանիքը: Հուսով եմ ունեք լավ Սուրբ ծնունդ: Սոֆյա՛, Դավո՛, լսե՛ք մամա»:
Լորեն ջա՛ն, սիրով կսպասենք:
Հ.Գ. Լորեն, որը չհասկանաս, googletranslate-ը կա ու կա: