Վաղվանից

Երևի չեն լինի մարդիկ, ովքեր իրենց կյանքում գոնե մեկ անգամ ասած չլինեն այս նախադասությունը. «Վերջ, վաղվանից այսպես եմ անելու»: Օրինակ, վաղվանից շուտ եմ արթնանալու, որպեսզի վազեմ, մարզվեմ կամ վաղվանից դիետա եմ պահելու, որոշակի ռեժիմի եմ անցնելու, և այլն և այլն: Իսկ հենց գալիս է այդ պատասխանատու վաղվա օրը, ամեն բան երեկվա օրվա պես է ստացվում. կրկին ուշ ենք արթնանում, ուտում ենք այն, ինչը որոշել էինք չուտել, բայց էլի ինքներս մեզ մխիթարում ենք և ասում. «Լավ, ոչինչ, այսօր չլինի` վաղը կլինի», ու այդպես շարունակ:

Հիմա ներկայացնեմ ինձ տվյալ իրավիճակում: Ես ամեն օր ինքս ինձ խոստանում եմ, որ վերջ, վաղվանից կենտրոնանալու եմ միայն դասերիս և քննություններիս վրա, սակայն զուր ջանքեր, ինչպես միշտ, գնում եմ դասի, սկզբի դասաժամերին մնում եմ խոստմանս տերը, այսինքն ուշադրությունս կենտրոնացնում եմ բացառապես դասերին և քննություներին վերաբերող հարցերին, ապա աստիճանաբար գիտակցաբար, թե անգիտակցաբար սկսում եմ ուշադրությունս կենտրոնացնել դասընկերներիս հումորների, խոսակցությունների և այլ բաների վրա: Ես ինքս իմ կամքով դառնում եմ մասնակից: Հետո, երբ գնում եմ տուն, մտածում եմ. «Լավ, գոնե տանը համակարգչով զբաղվելու փոխարեն գիրք կարդամ»: Այո, այո, մի քանի րոպեով ստացվոմ է: Վերցնում եմ գիրքը, ծանոթանում գրվածքի ծավալին, թերթում, նկարների դեպքում դրանք  ուսումնասիրում, ապա շատ գեղեցիկ և հանգիստ փակում եմ գիրքը, անկախ ինձանից մոտենում համակարգչին, սեղմում միանալու կոճակը, իսկ առավոտյան կրկին անգամ խոստանում նույնը: Երանի գա այն օրը, երբ ամեն բան կանեմ իմ պլանավորածի պես, այլ ոչ թե սովորությանս համաձայն: