Չէ՛, ժամանակն իսկապես թռչում է: Բոլորն էլ ինձ հետ կհամաձայնվեն, որ դեռ մանկապարտեզում երազում էինք մեծանալու մասին, հագնում մայրիկի մեծ շորերն ու կոշիկները, ու մեզ հեռու, շա՜տ հեռու էր թվում այն օրը, թե երբ են դրանք մեր հագով լինելու: Բայց… Երեկ փորձեցի մայրիկիս կոշիկները, ու դեռ մի փոքր սեղմում էին ոտքերս:
Ժամանակը կանգնեցնել անկարող եմ, ուզում եմ փոքր-ինչ ընթացքը դանդաղեցնել: Գիտե՞ք ինչպես… Որոշել եմ օրերիս համար «հագուստ» ընտրել, ու մինչ հանեմ-հագցնեմ դրանք, ընթացքը կդանդաղի:
Հագուստներն էլ ի՞նչ. օրերիս նշանաբաններն են: Այսպես,
«Երեք ուղի է տանում դեպի գիտելիքներ. մտորումների ուղի՝ այն ամենաազնիվն է, նմանակելու ուղի՝ այն ամենահեշտն է, և փորձի ուղի՝ այն ամենադառն է»(Կոնֆուցիոս):
«Ստեղծի՛ր քո սեփականը և խուսափի՛ր նմանակել ուրիշներին»:
Ու թե շորը հագնելու պահին է երևում, ապա օրվա վերջում եմ նոր միայն հասկանում՝ սազո՞ւմ է հագուստը նրան, թե՞ ոչ:
Առաջարկում եմ վաղվա օրվա համար մի նոր «հագուստ».
«Եղի՛ր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում» (Մ. Գանդի):
Սազու՞մ է. որոշեք ինքներդ…