Ազատ թռիչք

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Խլղաթյանի

Երբ արդեն ամբողջությամբ հավատում էի, որ եկել է գարունը, կրկին եկավ ձյունը և ամեն ինչ փչացրեց:

Շաբաթ օր էր՝ մռայլ եղանակ էր, և ձյուն էր տեղում: Հանկարծ, քույրս արագ տուն մտնելով, գոռաց.

-Լի՜լ, արագ ջուր բեր:

Նրա ձեռքերի մեջ մի փոքրիկ ճնճղուկ կար։ Թռչունը կարծես գիտակցությունը կորցրել էր: Ես արագ, մի փոքր ջուր վերցրեցի և շաղ տվեցի նրա վրա, մի քանի անկանոն շարժում անելուց հետո նա բացեց աչքերը…

Քույրս` Սոֆին, մի քանի բառով պատմեց. «Դրսում էի, երբ նա վերևից ցած ընկավ, չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ես այնտեղ չլինեի»: Փոքր եղբայրս` Արեգը, շատ էր ուրախացել։ Նա ուրախությունից վազում էր այս ու այն կողմ: Ու մեկ էլ՝ հո՜պ, ճնճղուկը քույրիկիս ձեռքերից թռավ: Մի քանի րոպե նա թռչում էր այս ու այն կողմ, և Սոֆիին շատ դժվարությամբ հաջողվեց բռնել նրան: Մի քանի րոպե էլ նրան պահեցինք մեր տանը, որպեսզի տաքանա, և հետո որոշեցինք դուրս հանել և թողնել, որ գնա:

Եվ այդպես էլ արեցինք, տնից դուրս եկանք` Սոֆին բացեց ձեռքերը, և այդ փոքրիկ թոչունը թռավ հեռո՜ւ, շա՜տ հեռու:

Չեք պատկերացնի, թե ինչքան մեծ էր մեր ուրախությունը։ Չէ՞ որ մենք կարողացանք օգնել նրան․․․

Վերադարձանք տուն, Արեգը լաց էր լինում: Նա լալիս էր, որովհետև մենք բաց թողեցինք իր նոր ընկերոջը: Բայց ուրիշ ի՞նչ կարող էինք անել, չէ՞ որ այդ խեղճ թռչունը սովոր է ազատ թռիչքին և սիրում է ազատությունը։ Ինչպե՞ս պահեինք մեր տանը: Ճիշտ է, Արեգը մի քանի րոպե լաց եղավ, բայց դե փոքր է՝ չի հասկանում, իսկ մենք շատ ուրախ էինք և գոհ, որովհետև կարողացանք օգնել մի անմեղ էակի և նրան ազատ թռիչքի հնարավորություն տվեցինք․․․