seda mkhitaryan

Գարունը նրանց մեջ էլ է կաթացել

Այսօր էլ շուտ եկա, վերջին երկու շաբաթվա ընթացքում էդպես է ստացվում։ Կրկին բացում եմ դուռը ու էլի մենակ եմ, դե, եթե չհաշվենք սեղան-աթոռները, գրատախտակը, պահարանն ու հանգած վառարանը։ Հանգած, որովհետև դեռ չեն հասցրել վառել, ամեն օր էլ էդպես է լինում։

Պատուհանից այն կողմ երկու աղջիկ հայտնվեցին՝ քույրեր են, գարունը կաթացել է նրանց մեջ ու ձեռքներին մի-մի մանուշակի փունջ, իսկ դեմքներին՝ մի-մի կտոր ժպիտ դրել։ Գարնան մասին մտորումներս ընդհատում է դռան ձայնը։ Վառարան վառողն է, տեսնելով ինձ ժպտում է, բարևում ու սկսում այսօրվա իր զրույցը, երևի արդեն սովորական է դարձել նախորդ օրվա դեպքերն ինձ պատմելը։ Պատմեց, աղջկա ծնունդն էր եղել, փաստորեն կարգին ուրախացել էին: Զրույցն ավարտեց ու գնաց։

Հիմա գրչիս ու թղթիս հպումի ձայնից բացի նաև վառարանի ճտճտոցն է հասնում ականջիս՝ ամենասիրուն երաժշտությունը աշխարհում, եթե ուզում եք պատկերացնել այն, ուղղակի փակեք ձեր աչքերը ու հիշեք ձեր ամենասիրելի երգը, և ամեն ինչ տեղը կընկնի (եթե հնարավոր լիներ, կձայնագրեի ու կկցեի նյութիս)։

Ասում են՝ տղաներն են միշտ ուշանում, բայց հիմա երևացող 5 աշակերտներից միայն մեկն է աղջիկ, ու չնայած դրան՝ զրույցի է բռնվել տղաների հետ և ուրախ ժպիտով գալիս է (գարունը այս մեկի գլխին էլ է խփել)։

Էլի երեխաներ հայտնվեցին, քայլում են, խոսում, ծիծաղում, իսկ ես, պատուհանի դիմաց կանգնած, նայում եմ աշակերտների ու ուսուցիչների անփոփոխ խմբերին։ Միշտ նույն մարդիկ միասին են գալիս ու նույն հերթականությամբ։ Դասընկերներս միշտ ամենավերջում են գալիս, գրեթե դասը սկսվելու հետ, միաժամանակ, և նրանց ուշանալու արդյունքն էլ այն է, ինչ այժմ կարդում եք։

Այնուամենայնիվ, նրանք եկան: Նրանք այն մարդիկ են, ում հետ ես կիսում եմ այս դասարանի լռությունը։ Տեսնելով ինձ՝ ժպտում են, հավանաբար մտածում՝ էլի շուտ է եկել, տեսնես բան ու գործ չունի՞։ Ես արագ պահում եմ տետրս պայուսակիս մեջ ու սպասում նրանց գալուն, դուռը բացվում է՝ եկան։ Արդեն վառարանի ձայնը չի լսվում, դե աղմուկն իրենով լցնում է օդը, ու մարդկային խոսակցությունները հաղթում են փայտի ճարճատյունին։

Դուռը էլի բացվեց, վառարան վառողը մի անգամ էլ երևաց՝ ստուգելու թե ամեն ինչ նորմա՞լ է կրակի հետ։ Այո՛, նորմալ է, դե չհաշված խեղաթյուրված ձայնն ու այն, որ նրա տաքությունը այսօր այնքան էլ հաճելի չէ: Արդեն արևն իր փոխարեն տաքացրել է իմ դասասենյակը։