Ani avetisyan

Ազգային ինքնությո՞ւն, թե՞…

Եզդիները արիական ծագում ունեցող հնագույն ժողովուրդ են, ունեն իրենց յուրահատուկ դավանանքը, որը կոչվում է եզդիականություն: Նրանք յուրահատուկ մշակույթի, կրոնի և լեզվի կրողներ են: Իրենց ծագմամբ կապ չունեն որևէ ազգի հետ, և թյուր կարծիք է նրանց քուրդ համարելը: Սխալ է նաև այն, որ եզդիները կրակապաշտ են. եզդիները զրադաշտականության հետ որևէ կապ չունեն: 

Աշխարհում այսօր եզդիների թիվը հասնում է շուրջ երեք միլիոնի: Չունենալով սեփական հայրենիք՝ նրանք սփռված են աշխարհի տարբեր երկրներում:

Հայաստանում ազգային փոքրամասնություններից ամենամեծ թիվն են կազմում հենց եզդիները, ոչ պաշտոնական տվյալներով՝ շուրջ 60 հազար (պաշտոնական տվյալներով նրանց թիվը տատանվում է 40 հազարի սահմաններում):

Եզդիական համայնքներ կան մեր երկրի թերևս բոլոր մարզերում, ամենամեծ եզդիական համայնքն ունի Արարատի մարզը: Նոր Կյանք գյուղի դպրոցում դասավանդվում է նաև եզդիերեն:

Իմ գյուղում՝ Ոսկեհատում, ևս եզդիական ոչ փոքր համայնք կա: Այստեղ եզդիներն ու հայերն ապրում են կողք կողքի՝ լավ ու վատ հարաբերություններով, երբեմն կիսելով մեկը մյուսի ավանդույթները, հարգելով նրանց սովորույթներն ու դավանանքը: Ձուլումը, որ սովորաբար տեղի է ունենում երկու տարբեր ժողովուրդների միասին ապրելու պայմաններում, հայերի և եզդիների դեպքում այնքան էլ վառ արտահայտված չէ: Ճիշտ է, որոշ դեպքերում նրանք վերցնում են մեր ավանդույթները, մեզ հետ նշում քրիստոնեական որոշ տոներ, երբեմն հաճախում հայկական եկեղեցի, բայց մեծ մասամբ պահպանում են սեփական ազգային դիմագիծը: Ձևակերպումս կարող է մի փոքր կոպիտ հնչել, կամ չվերաբերել մյուս բնակավայրերի եզդիներին, բայց մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանք մեզնից վերցնում են այն, ինչը «ձեռնտու» է իրենց, իսկ մնացած ամեն բան պահպանում այնպես, ինչպես կա: Փորձեմ բացատրել:

Մեր դպրոցում կա մոտ երկու հարյուր աշակերտ, որոնց թվում՝ բավականին մեծ թվով եզդի երեխաներ, սակայն նրանք դպրոց գալիս են ամենաշատը մինչև 5-6-րդ դասարան, իսկ այն, որ եզդի աշակերտն ավարտում է դպրոցը, պատմական իրադարձություն է: Դա կախված է ոչ այնքան նրանց ազգային, որքան տարածաշրջանային մտածելակերպից, այսինքն՝ նույն վիճակը չկա մյուս շրջաններում, անգամ մեր հարևան գյուղերում:

Եթե գոնե մի փոքր ծանոթ եք եզդիների սովորույթներին, անկասկած կիմանաք, որ նրանց կյանքում և ավանդույթներում ամենակարևոր երևույթը ամուսնությունն է: Եզդիներին արգելված է ամուսնանալ այլ ազգերի ներկայացուցիչների հետ, նրանք չեն կարող ամուսնանալ անգամ այլ կաստաների պատկանող եզդիների հետ: Իսկ հասկանալու համար, թե ինչպիսի ծեսով է կատարվում նրանց ամուսնությունը, անհրաժեշտ է գոնե հեռվից հետևել դրան, ուստի նրանց ավանդույթների մասին այսօր չեմ պատմի, այլ կխոսեմ մեկ այլ՝ ավելի կարևոր թեմայի մասին:

Եզդի աղջիկներն ամուսնանում են 14-15 տարեկանում: Այն, ինչը մեզ համար սարսափելի է, սովորական ու նույնիսկ պարտադիր պայման է նրանց համար: Քսան տարեկանում ամուսնացած չլինելը ինչ-որ տեղ նույնիսկ ամոթ է: Երբ հայկական ընտանիքի բակում տեսնում ես երեք գրեթե հասակակից երեխաներ և մեկին՝ ավելի փոքր՝ 1-2 տարեկան, մտածում ես, որ նրանք քույր-եղբայրներ են, իսկ եզդիական ընտանիքում ավելի հավանական է, որ նրանցից մեկը այդ մանկան մայրը լինի, իսկ մյուսներն, օրինակ, ամուսնու եղբայրները: Չգիտեմ, թե սրա որ մասն է այդքան կարևոր ազգային ինքնության պահպանման համար, բայց երևույթը, մեղմ ասած, մեզ համար ընդունելի չէ:

Չեմ ուզում, որ նյութս անհանդուրժողական բնույթ ստանա, բայց միևնույնն է՝ չեմ էլ կարող ասել, որ ընդունում եմ նման «ավանդույթները»: Ախր, երբ աշխարհը զարգանում է, առաջ գնում, նրանք մեզնից ու աշխարհից փորձում են վերցնել իրենց հետաքրքրող, անհրաժեշտ երևույթները, եզդի երիտասարդներն էլ գնալով ավելի ու ավելի են մոտենում մեր հասարակությանը. արդյոք չե՞ն կարող գոնե աստիճանաբար, փոխել այդ քարացած օրենքը: