Մարինե Ղահրամանյան

Ականատեսը

Շատ եմ սիրում հայ գրականությունը: Սիրածս գրողներից է Հովհաննես Շիրազը: Մի անգամ հայրիկիս հարցրի.

-Հայրիկ, տեսնես ինչ-որ մարդ կա՞, որ Հովհաննես Շիրազին տեսած լինի:

Հայրս պատասխանեց.

-Հա, կա, հայրս’, այսինքն պապիկդ:

Ինչպե՞ս, ուրեմն իմ պապը` Ալբերտ Ղահրամանյանը, տեսե՞լ է Հովհաննես Շիրազին:

Գնացի պապիկենց տուն ու խնդրեցի, որպեսզի պապիկս պատմի այդ մասին: Պապիկս սկսեց պատմել:

«1971 թվականն էր: Այդ ժամանակ 24 տարեկան էի ու սովորում էի
Երևանի N39 պրոֆտեխնիկական ուսումնարանում և ապրում էի Երևանում: Ընկերներիցս մեկն ասաց, որ ապրում է Շիրազի հարևանությամբ: Ընկերոջս խնդրեցի, որ իր հետ գնանք նրանց տուն: Հաջորդ օրը գնացինք ընկերոջս տուն, որը գտնվում էր Ամիրյան փողոցի վրա: Իրենց տան ձախ կողմի դուռը Շիրազի դուռն էր: Ընկերս դուռը ծեծեց: Ես մենակ մտածում էի` Շիրազը տունը կլինի՞, թե չէ: Դուռը բացեց Շիրազը:
Ես անակնկալի եկա ու շփոթվեցի: Ընկերս հարցրեց իր տղաներից մեկին` Սիսին: Շիրազն ասաց, որ տանն է, ու ներս մտանք: Հենց տուն
մտանք, ձախ կողմից նկատեցի Շիրազի աշխատասենյակը, որի դուռը բաց էր: Սենյակի մեջտեղում նկատեցի գրասեղան, որի վրա դրված էր հին գրամեքենա ու սևագիր գործեր: Շիրազն ընկերոջս հարցրեց, թե ով է այս տղան: Ընկերս ասաց` Շամշադինից է: Շիրազն ասաց. «Մաքուր հայաբնակ շրջանից է»: Մի փոքր զրուցեցինք Սիսի հետ և դուրս եկանք: Դրանից հետո ընկերս Շիրազի անտիպ գործերից (որոնք այն ժամանակ արգելված էին տպագրել) բերում էր, ընթերցում էինք: Շիրազի հետ հանդիպումից հետո սկսեցի ավելի հետաքրքրվել Շիրազով, ավելի շատ սիրել նրան, ավելի շատ կարդալ նրա ստեղծագործությունները:

Մինչ այժմ իմ ամենասիրելի գրողը Շիրազն է: Այդ պահը միշտ հիշողությանս մեջ է»: