anahit ghazakhecyan

Ականջդ բեր՝ ասեմ

Շըշշշշ: Լռի՛ր: Հոգնած-քնած են՝ տեսնո՞ւմ ես:

Այ լսիր՝ երբ որ երազանքդ մեծացնում, դարձնում ես լիարժեք, լցնում հազար գույնով ու հեքիաթով, պիտի գնաս-գաս խփվես երազովդ, օրագրումդ մեծատառ տպատառերով գրես, որ աչքդ ծակի թերթելիս, մեկ-մեկ չդիմանաս ու մեկի ականջին փսփսաս նրա մասին, ձեռքը բռնած մտնես գրախանութ, իրիկունները միասին գնաք տաք պոնչիկներ ուտելու, բարձրաձայն կարդալ չես սիրում, բայց իրա համար ամեն օր մի քանի էջ կարդաս, հետո ծածկես ՝չմրսի, հիվանդանա, տաքությունն էլ՝ կախված եղանակից: Երազանքը հույսի ամենասիրուն կերպարանքն ա: Ականջներիս դեռ մանկուց են ծանոթ խոսքերը՝ հույսը չի մեռնում: Դե, հետն էլ, ուրեմն, երազանքները:

Փոքր ժամանակվա ընկերներիս մեծ մասը ապագա տիեզերագնացներ էին: Դե, թռչելու հետ ես էլ սեր ունեի, այ, տես՝ ամենամեծն է, պատի տակ պառկածը: Էսօրվա պես հիշում եմ մարդկանց զարմացած հայացքները, երբ հարցին՝ ինչ եմ ուզում դառնալ, պատասխանում էի.

-Ռազմական օդաչու:

Չդարձա: Տաք ծածկեցի երազանքիս, թողեցի հանգիստ քնի:

Երազանքներս շնչակտուր, իրար հերթ չտալով, փոխվում էին ամեն գրքից, ֆիլմից, հանդիպումից ու ծանոթությունից հետո: Դրա համար սենյակում ասեղ գցելու տեղ չկա: Մի սենյակ երազ: Սիրուն են, չէ՞:

Ռեմարկից հետո Լիսաբոն գնալն ու ինչ-որ մեկի հետ գիշերը զրուցելը, Էքզյուպերի, որ վերջերս ծանոթացա, կարդալուց հետո համոզվեցի՝ եթե օդաչու դառնայի, հաստատ Փորքիկ Իշխանին կտեսնեի, Փոթերից հետո Հոգվարթսը մի քանի օր հանգիստ չէր տալիս, երբ որ Սիրադեղյան եմ կարդում, խեղճանում եմ, ասում եմ՝ էս ոնց ա գրում ու էլի ինչ-որ բանի մասին երազում:

Փոքր երազանքները սենյակում իրենց մանր ու օտար են զգում: Քնում են ծաղկամանի կողքին, պատուհանգոգի տակ, զարդատուփի մեջ կամ մեծերից մի քիչ ծածկոց գողանալով ՝ մի պատի տակ: Չգիտեն, որ ամենասիրունն իրենք են ու համ-հոտ տվողները: Մեծերին ձգտում ենք, որ իրենց իրականացնենք: Գնանք Փարիզ, որ Արվեստների կամրջով վազենք: Մոսկվայում Վագանկովսկու գերեզմանատուն հասնենք, որ մի փունջ ծաղիկ ու մի ամբողջ սեր թողնենք Եսենինի ու Վիսոցկու մոտ: Ամստերդամում ինձ արվարձաններն են հետաքրքիր, Պրահայում՝ կարմիր տանիքները:

Գիտե՞ս, մեկ-մեկ չարաճճի երեխայի նման մեկնումեկի վրայից քաշում եմ ծածկոցը, մրսում-արթնանում է, քունը կիսատ թողածի պես թարս-թարս նայում, չի հասցնում մի բան ասել, բացատրում եմ.

-Կեսօրն անց է արդեն, ժամանակդ եկավ:

Այ, տեսնո՞ւմ ես պահարանի կողքին պառկածին: Հա-հա, սիրուն սև հոնքերով ու սև խուճուճ մազերովը: Այ նրա մասին… Ականջդ բեր՝ ասեմ:

Հուլիս, 2016