Ani Harutynyan

Առավոտ՝ 8:35, կիրակի օրը տանը մնալու մտքեր

Ամբողջ շաբաթվա ցանկությունդ կիրակի օրը մի քիչ երկար քնելն է, բայց գյուղն այլ պլաններ ունի: Առավոտ 8:35 է, առաջիկա 3 ժամն արթնանալու միտք չունես, երբ մեքենայի բարձր ազդանշան ես լսում: Սկզբում թվում է` երազումդ քեզ հետապնդող ավազակախումբն է ազդանշան տալիս, որ կանգնես, հետո քիչ-քիչ վերականգնվում է գիտակցությունդ, արթնանում ես, զգում արևի շողերն աչքերիդ մեջ ու հասկանում, որ աղմուկը ձեր փողոցից է:

Ինչ-որ մեկը որոշել է բանջարեղենն առավոտ շուտ վաճառել, որ հասցնի տարածքի բոլոր գյուղերում շրջել, հերթով բակերում կանգնել ու գյուղի կանանց հետ լոլիկի գնի շուրջ երկար վիճել, խնդրել, որ խառը լցնեն, ոչ թե միայն գեղեցիկներն ու լավերն ընտրեն. ախր, էդպես օրվա վերջում ոչ ոք այլևս ոչինչ գնել չի ուզի:

Ազդանշանը չի դադարում, որովհետև վաճառողը պետք է համբերատար սպասի, մինչև մարդիկ կհասկանան, որ ինչ-որ բան են վաճառում, դուրս կգան` տեսնելու, թե ինչ է, հետո կստուգեն` արդյոք իրենց ինչ-որ բանջարեղեն պե՞տք է, հետո գումար կվերցնեն ու կգան դուրս: Իսկ այդ ամբողջ ընթացքում դու լսում ես ազդանշանն ու կրկնում` ինչի՞ համար, աստված իմ, ընդամենը մի օր պիտի մի քիչ երկար քնեի:

Եթե անգամ քո իրավունքներին տեր կանգնող մեկն ես, որ ցանկացած այլ պարագայում պատրաստ է դուրս գալ ու պահանջել` այլևս աղմուկ չանել ու չխանգարել անդորրը, գյուղում այդ մտքերն անգամ չեն էլ ծագում գլխումդ. այստեղ մարդկանց օրը սկսվում է ժամը 7-ից, ամռանը` 6-ից: 8:35-ին մարդիկ իրենց երկրորդ սուրճն են խմում ու գործերի մեծ մասն արդեն արել են, իսկ դու համարձակվելու ես գնալ ու պահանջել, որ մարդն իր բանջարեղենը չվաճառի՞:

Գյուղի խաղաղության մեջ առավոտյան ամեն ձայն բարձր ու հնչեղ է. երբ ոռոգման ժամանակն է, ջրի համար հարևանների վեճերն են արթնացնում, շաբաթվա մեջ մեկ օր աղբ հավաքող մեքենան է գալիս, մյուս օրը` ջուր վաճառող, հանգստյան օրերին էլ մեկն անպայման կորոշի առավոտ շուտ բանջարեղեն վաճառել: Երբ, միևնույն է, արդեն արթնացել ես, առաջին պահի զայրույթդ անցել է, սկսում ես սիրել գյուղի աղմուկը, հատկապես` ամռանը, հատկապես, երբ դեռ արևը չի վառում, բայց կա, ու մարդիկ լուսաբացի հետ նոր օրվա կյանքն ու աշխատանքն են ազդարարում: