seryoja baboyan

Ակտիվանալու ժամանակն է

Գարունն արդեն բացվել է, և դու, հա-հա, հենց դու, որ հիմա կարդում ես նյութս, կտրվիր համակարգչից կամ սմարթֆոնի էկրանից, կտրիր քեզ չոր կամ հարմարավետ աթոռից ու տնից … Դուրս արի փողոց, թաղ, բակ… Տես, թե ինչքան լավ եղանակ է։ Եթե իմ տարիքին ես`պատանի, ավելի լավ։ Կանչիր ընկերներիդ, և վերջապես մի բան արեք, ու խոսքն ամենևին էլ CS:GO խաղին  չի վերաբերում: Արեք այն, ինչ հաճելի է, արեք այն, ինչ օգտակար է, և… այլն։ 

Հիմա ասեմ, թե գարնան լավ օրերին ինչպես եմ ես անցկացնում ժամանակը, ասացի`լավ օրերին: Դե, ո՞վ չգիտի, որ լինում են օրեր, երբ չես ուզում դուրս գալ տնից։

Եվ այսպես…

Գարնանային լավ օրն ինձ համար սկսվում է կանչով: Կամ ինձ են կանչում, կամ ես եմ կանչում: Ես դուրս եմ գալիս տնից ու կանչում տղերքին, ում կարողանում եմ։ Մի քիչ դրսում խոսելուց ու ինչ որ բան քննարկելուց հետո (չէ, դա բամբասանք չի լինում), մեկի գլխում ինչ որ ֆանտաստիկ միտք է առաջանում ։ Բայց մենք հո «Հոբիթ» ֆիլմի հերոսներից չե՞նք. ֆանտաստիկ բաներ մեզ  թույլ չենք տալիս… Ուղղակի, չակերտավոր ասած, ռեսթայլինգի ենթարկելուց հետո, էլի են ինչ-որ մտքեր առաջանում, բայց դե, չերկարացնեմ: Այդ մտքերի հիման վրա էլ շարունակվում է  ողջ օրս։

Դե, մտքերն էլ…

Բարձրանալ գյուղի մոտակա սարերը, գնալ «սիբեխ» հավաքելու, կամ գնալ գետից այն կողմ, ոնց էլ չլինի, ինչ-որ հետաքրքիր բան հաստատ կլինի անելու։

ՀԳ Դու դեռ մոնիտորի առա՞ջ ես։