Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Երրորդ, բայց վերջին անգամ

Երևի հիշում եք վերջերս Հայաստանում տարածված համաճարակի մասին… Չնայած  գլխավոր վարակաբան Արա Ասոյանը ինձ լսելով երևի կուղղեր, ասելով, որ համաճարակ չէր… Ինչևէ:  Այդ ժամանակ, նույնիսկ հումորով, բոլորը հավաստիացնում էին, որ երեք խոզուկների անունները Նաֆ-նաֆ, Նիֆ-նիֆ և H1-N1 են: Ի դեպ հանրապետության բնակիչներից շատերը նաև համոզված էին, որ խոզի գրիպ կարող են ընկնել խոզերի հետ շփվելով, կամ խոզի միս ուտելով: 

Չգիտեմ` ինչի միս ուտելուց են թոքաբորբ ընկնում, բայց այդ ընթացքում արդեն երրորդ անգամ թոքաբորբ տարա: Ցավոք, արդեն հիվանդանոցում բոլորը ինձ լավ ճանաչում են, մոտ 2 շաբաթ հիվանդանոցում էի: Պալատում մենակ էի առաջին մի քանի օրը, հետո բերեցին Գեղամին՝ 3 տարեկան, վառ երևակայությամբ ու շատ հասկացող մի տղա երեխայի:  Առաջին օրը ջերմությունը չէր իջնում, բժիշկները ջերմաչափ էին դրել, իսկ Գեղամն անընդհատ մորն ասում էր.

-Մամ, հանի ջերմությունս, հանի էլի ջերմությունս,- ջերմաչափի հետ էր…Երևի:

Հաջորդ օրը լավ էր, աշխուժացել էր:

-Էս ի՞նչ ա,- հիվանդանոցի աթոռների վրայի անցքերը ցույց տալով հարցրեց:

-Էդ… Աթոռի աչքերն ա,- պատասխանեցի:

-Հա՞,  էս էլ բերա՞նն ա:

-Հա, բերանն ա:

Երեխաների հետ զգույշ չէ՞ պիտի խոսել. նրանց երևակայությունը շատ վառ է, նրանք նաև կարծում են, թե մեծերն ավելի շատ բան գիտեն… Հըմ… Թյուր կարծիք:

Այդ օրվանից սկսած անընդհատ նույն անցքերը ցույց տալով հարցնում էր.

-Էս ի՞նչ ա:

-Ուղղակի անցք ա, Գեղամ:

-Չէ… Աչքերն ա,- բարկացած պատասխանում էր նա,-վայ, տես, վազում ա:

-Ո՞վ ա վազում:

-Չե՞ս տենում, պատի վրա, վազում ա,- Գեղամը երբեք քո հարցին չէր պատասխանում, նա միշտ իրենն էր կրկնում: Իսկ ես միշտ փորձում էի հասկանալ , թե այդ փոքրիկի գլխում ինչեր էին պտտվում, այդ ինչէր էր նա տեսնում պատերին, բայց երևի չափազանց մեծ էի այդ ամենը հասկանալու համար:

Գեղամին մի քանի օր անց դուրս գրեցին, ափսոս, մոռացա գոնե մեկ անգամ նկարել այդ «փոքրիկ իշխանին»:

Թեև շատ եմ կարոտում նրան, բայց հուսամ այլևս երբեք հիվանդանոցում չենք հանդիպի: