Բաղանիսի լուսավորությունը

Լուսանկարը՝ Մհեր Ավագյանի

Լուսանկարը՝ Մհեր Ավագյանի

Լուսավորությունը մեծ դեր ունի գյուղացիների համար: Քանի որ գյուղը մոտ է սահմանին, չլուսավորված փողոցները կարող են լինել վտանգավոր: Սակայն մեր համայնքապետ Նարեկ Սահակյանի շնորհիվ գտնվեց մի ամերիկահայ բարերար, ով փողոցային լույսերի կատարվող աշխատանքների համար հատկացրել է խոշոր գումար: Նշեմ նաև, որ բարերարը չցանկացավ հայտնել իր անունը: Բավական լավ է, որ գյուղում կան փողոցային լույսեր: Դա գյուղացիների համար մեծ ուրախություն է, բայց մյուս կողմից` վտանգավոր: Վտանգավոր այն առումով, որ թշնամու հերթական գնդակոծության ժամանակ լույսը ավելի շատ օգնում է նրանց հարվածել գյուղին:

Ինձ հետ կատարվեց մի դեպք: Գյուղի մեծահասակներով և երեխաներով կանգնած էինք խաչմերուկում 20:00-ի սահմաններում: Մի փոքր զրուցելուց հետո լսվեցին կրակոցներ գյուղի ուղղությամբ, և այդ ժամանակ գյուղի բոլոր լույսերը մարեցին: Մենք առանց խուճապի մատնվելու թաքնվեցինք: Այդ ժամանակ մեզ հետ էր նաև գյուղի էլէկտրիկ Արարատ Հարությունյանը` լսի Արոն, որը ստացավ հեռախոսազանգ: Նա պատասխանեց.

-Ալո:
-Արո, շուտ անջատի փողոցային լույսերը:

Զանգահարողը համայնքապետն էր: Արարատը լույսերը շուտափույթ անջատեց: Լույսերը անջատելուց 5 րոպե անց դադարեցին կրակոցները: