Tamara galstyan

Ամանորի նախօրեին

Քայլում եմ ամբոխի միջով, մարդիկ այս ու այն կողմ են վազում` Ամանորի համար անհրաժեշտ իրերն ու ապրանքները գնելու համար: Մարդկանց աչքերում տեսնում եմ և՛ տխրության, և՛ ուրախության թախիծ: Ամանորյա գնումներ, բարձր գներ՝ դա է նրանց տխրության պատճառը: Սակայն տոնը տարվա մեջ մեկ անգամ է տեղի ունենում, ինչո՞ւ չուրախանալ… Հատկապես, երբ այս տոնի ժամանակ երեխաների աչքերն սկսում են ավելի վառ փայլել: Այս ու այն կողմից լսվում են մարդկանց խոսակցություններ, որոնք միայն Ամանորի նախօրեին ես լսում.

-Խոզի բուդը թանկ է, բայց դե, առանց դրա ի՞նչ Ամանորի սեղան:

-Մնաց բաստուրման ու սուջուխը գնեմ ու գամ:

-Էս հրուշակեղենը ինչքա՜ն են թանկացրել:

-Այս խմորեղենից երկու տուփ պատվիրում եմ, 31-ի առավոտյան կգամ, կտանեմ:

Եվ այսպես շարունակ, այս ամենը դեռ լսելու ենք մինչև Ամանորի գիշերը: Շատերն այս գնումների, բարձր գների պատճառով սկսում են չսիրել Ամանորը: Հիասթափվում են, տխրում, բարկանում, բայց մի բան լավ հիշեք՝ այս տոնը տարվա մեջ մեկ անգամ է տեղի ունենում, ու ինչպես սկսում, այնպես էլ շարունակում ես:

Կարևորն այն չէ, որ սեղանին ամեն տեսակ ուտելիք լինի, կարևորն այն է, որ բոլորս միասին լինենք, սիրենք ու գնահատենք միմյանց: Ուրախ ու հաճելի միջավայրում դիմավորեք Նոր տարին, և ջերմությունը չպակասի, ինչքան էլ, որ ցուրտ լինի: