ruslan aleqsanyan

Ամառ

Ամբողջ կիսամյակի ընթացքում, երբ գնում էի դպրոց, ունեի մեկ ցանկություն՝ որ արձակուրդները շուտ գան: Իսկ հիմա, երբ արդեն համարյա անցել է արձակուրդների առաջին ամիսը, հակառակ ցանկությունն ունեմ. անհամբեր սպասում եմ դասերի սկսվելուն: Դպրոցում օրն անցնում էր հետաքրքիր, և չէի նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը: Դե, արձակուրդներն էլ են հետաքրքիր անցնում, բայց, միևնույնն է, զգում եմ դպրոցի կարիքը: Արձակուրդների ժամանակ սկսվում է «լողալու սեզոնը»: Մեր Բաղանիս գյուղի մոտով փոքրիկ գետակ է հոսում: Այնտեղ կա նաև մի փոքրիկ ջրվեժ, որին գյուղացիները Ձախլիկ են կոչում: Օրվա մեծ մասն անցնում է հենց այնտեղ: Երեկոյան, երբ հովն ընկնում է, հավաքվում ենք դաշտում ու սկսում տարբեր խաղեր խաղալ: Մեծ ու փոքր չեն տարբերվում. բոլորը խաղերին մասնակցում են հավասար: Երեկոյան ավելի ուշ՝ մութն ընկած ժամանակ, հավաքվում ենք գյուղամիջում ու զրույցի բռնվում: