Ուղղությունը՝ դեպի Լոռվա եկեղեցիներ

Չնայած նրան, որ քունս տանում էր, ինձ կարողացա զսպել և ամբողջ ճանապարհին չքնեցի: Օձունի ճանապարհին կակաչների մեծ դաշտ կար, որի մոտով անցնելիս կակաչների հոտը պատուհաններից ներխուժում էր ներս և մնում ավտոմեքենայում երկար ժամանակ: Օձունի եկեղեցին վերանորոգման մեջ էր, բայց դրանից իր գեղեցկությունը չէր կորցնում: Եկեղեցին երկար տարիների պատմություն ունի: Կառուցվել է 6-րդ դարում, բայց համարվում է առաջին դարի սրբավայր: Ասում են, որ այստեղ Թովմաս առաքյալը օծել է քահանաների ու եպիսկոպոսների, և Օձուն անունը ծագել է հենց «օծել» բառից: Փոքր ժամանակ, երբ հայրս Օձունում ինչ-որ շինարարական աշխատանքով էր զբաղված, միշտ պատմում էր եկեղեցու մասին, բայց զբաղված լինելու պատճառով, ինձ իր հետ չէր տանում՝ չնայած իմ բոլոր ջանքերին: Ուրախ եմ, որ վերջապես տեսա եկեղեցին: Սանահինում շատ բան չհասցրեցի տեսնել, բայց եկեղեցու ճանապարհին տեղավորված տաղավարները, որտեղ հայկական ազգային նախշերով պայուսակներ, տիկնիկներ և արձանիկներ էին վաճառում, հնարավոր չէր չնկատել: Սանահինում, ի տարբերություն Օձունի, զբոսաշրջիկներն ավելի շատ էին: Եկեղեցու հատակը փոխարինում էին տապանաքարերը: Այդ քարերի վրայով քայլելիս, անկեղծ ասած, ինձ վատ էի զգում: Ամաչո՞ւմ էի երևի, չգիտեմ:

Պետք է ասեմ, որ Հաղպատի եկեղեցին շատ տպավորեց ինձ. նման գեղեցիկ վայրում դեռ չէի եղել: Եկեղեցուն կպած փոքրիկ արգելապատնեշ կար: Եթե երազանք պահես և կարողանաս մինչև վերջ անցնել այդ հատվածը, երազանքդ կկատարվի: Ես էլ փորձեցի, բայց ճանապարհի կեսից վայր ընկա: Բայց ես չեմ հուսահատվում, ես ինքս էլ կարող եմ իմ երազանքները իրականության վերածել, առանց ինչ-որ հրաշքների:

Հաղպատից Ախթալա գնալու ճանապարհը հիացնում էր իր գեղատեսիլ բնությամբ: Ախթալայի եկեղեցին շրջապատված էր կանաչ, բարձր սարերով: Եկեղեցու բակում` գետնին, գեղեցիկ քարեր կային: Մի խումբ երեխաներ դրանք վերցնում էին գետնից ու փորձում վաճառել զբոսաշրջիկներին: Ինձ էլ առաջարկեցին, որոշեցի գնել, բայց մանր գումար չունեի ու չգնեցի: Հետևիցս վազեցին ու նվիրեցին: Գումարս մանրեցի ու մեկն էլ ես գնեցի: Կողքից քննադատում էին, որ գնել եմ: Ասում էին.

-Նրանք խարդախություն են անում, դու էլ քաջալերո՞ւմ ես:

Հնարավոր է՝ ընկերներս ճիշտ են, բայց այն երեխան, որը 5-6 տարեկան հասակում կարողանում է գումար վաստակելու եղանակներ գտնել, հնարավոր է ապագայում հասնի մեծ հաջողությունների: Միշտ լսում ենք, որ միլիոնատերերը մինչև հարստանալը լավ չեն ապրել, խնձոր են վաճառել և այլն: Իսկ որտեղի՞ց վերցնել առաջին խնձորը: Չէ, ես չեմ ասում, որ իմ գնած մի քարով նա կգնի իր առաջին խնձորը, բայց եթե շատ քարեր վաճառի, հնարավոր է՝ գնի, չէ՞: Ես ինքս էլ չգիտեմ՝ ինչու սա պատմեցի, և ինչ կապ ուներ այս պատմությունը եկեղեցու հետ: Պարզապես հուսով եմ, որ իմ արարքը ճիշտ էր, և նոր, ավելի մեծ խարդախություններ չի բերի այդ երեխաների կյանք:

Լոռվա մարզը հիասքանչ է և՛ իր բնությամբ, և՛ իր պատմամշակութային կոթողներով: Ցավալին միայն այն է, որ Լոռվա մարզում զբոսաշրջությունը զարգացած չէ, և այս կոթողները մնում են ստվերում. քչերը գիտեն դրանց մասին:

Ամառն ամենալավ շրջանն է Լոռի այցելելու: