Ռուսլան Ալեքսանյանի բոլոր հրապարակումները

Մեղրահավաք

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Օգոստոս ամսվա  կեսերին  գյուղում մարդիկ սկսում են մեղրահավաքը: Այն այդքան էլ երկար չի տևում, բայց մարդիկ հավաքում են ամիսների իրենց չարչարանքի արդյունքը: Ոչ այդքան հոգնեցուցիչ, բայց կարելի է ասել, շատ ցավոտ գործ: Ցավոտ, որովհետև մեղուները, փորձելով պաշտպանել իրենց մեղրը, խայթում են մարդկանց:

Իսկ հիմա պատմեմ, թե ինչպես է կատարվում մեղրահավաքը ամեն ինչ հերթականությամբ:

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Նախ, վառում են թուքսը, որը սովորաբար մեր տանը վառում է եղբայրս: Հետո բացում են փեթակները և սկսում նայել ու հանել այն շրջանակները, որոնց վրա մեղր կա: Բայց այս ամենը անելու համար անհրաժեշտ է մեղուների մասին իմացող մարդ, քանի որ ոչ բոլոր շրջանակներն են հանում: Այդ մարդը մեր տանը պապիկս է:

Երբ արդեն ավարտում ենք մեղրահավաքը, շրջանակները դասավորում ենք մեծ տաշտերի  մեջ և սպասում երեկոյան մեղրի քամելուն: Այդ աշխատանքը սովորաբար մարդիկ կատարում են երեկոները, որովհետև երեկոները մեղուները հանգիստ են լինում:

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Ռուսլան Ալեքսանյանի

Եկավ այսքան սպասված երեկոն: Նկուղում նստած հայրիկս մեղրի շրջանակից «չեչն» էր հանում, որպեսզի դնեք քամիչում և մեղր հանենք: Սովորաբար ես եմ մեղր քամում, բայց այս տարի գործս հանձնել էի եղբորս, քանի որ պետք է լուսանկարեի այդ ամբողջ գործընթացը հոդվածիս համար:

ruslan aleqsanyan

Հունձք

Լուսանկարը` Ռուսլան Ալեքսանյանի

Լուսանկարը` Ռուսլան Ալեքսանյանի

Վարդավառին հաջորդեցին նորից ու նորից շարունակվող աշխատանքները: Մի պահ, երբ աշխատանքից հոգնած գլուխդ վեր ես բարձրացնում, թվում է, թե այդ աշխատանքներին վերջ չկա: Վարդավառից հետո էլ եկավ հացահատիկը հնձելու ժամանակը:

Լուսանկարը` Ռուսլան Ալեքսանյանի

Լուսանկարը` Ռուսլան Ալեքսանյանի

Այրող արև, կոմբայնի խլացուցիչ ձայն և իրար հետ վեճի բռնված գյուղացիներ: Իմ ընտանիքը նույնպես մտնում է այն ընտանիքների թվի մեջ, որոնք հացահատիկ են ցանել: Մեր հողերն այդքան էլ մեծ չեն՝ իրար հետ վերցրած՝ 10 հեկտարին մոտ: Ճիշտ է՝ միշտ չէ, որ առատ բերք ենք ստանում, բայց ինչպես գյուղացիներն են ասում՝ էլածից գոհ կլինեն:

Լուսանկարը` Ռուսլան Ալեքսանյանի

Լուսանկարը` Ռուսլան Ալեքսանյանի

Առաջին օրվա հունձը լավ ստացվեց, կոմբայնավարը գրեթե ավարտել էր իր աշխատանքը, սակայն մութը վրա հասավ: Գիշերն էլ անձրև եկավ և հաջորդ օրը անհնար էր հունձ անել:

Լուսանկարը` Ռուսլան Ալեքսանյանի

Լուսանկարը` Ռուսլան Ալեքսանյանի

Երկու օր անց հունձը նորից վերսկսվեց, սակայն այդ օրն էլ չավարտվեց, քանի որ կոմբայնավարն իրեն լավ չէր զգում: Հաջորդ օրը վերջապես ավարտվեցին այդքան ձգձգվող աշխատանքները:

ruslan aleqsanyan

Բաղանիսի Վարդավառը

Վարդավառը մեր մոտ նշում են հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը: Գյուղում սովորաբար այդ օրը մարդ չես գտնի: Գյուղացիների մեծ մասը հիմնականում գնում է սար: Սովորաբար շաբաթ երեկոյան մարդիկ խարույկ են անում և հավաքվում են նրա շուրջը, մանուկ թե ծեր, և սկսում են ուտել ու խմել, և իհարկե զրուցել ու կատակել միմյանց հետ: Գյուղացիների մյուս մասը գնում է աղբյուր: Աղբյուրում էլ է ուրախ անցնում ժամանակը, բայց ոչ այնքան, որքան որ սարում: Շատ քիչ մարդիկ են մնում իրենց տներում:

Այս տարի մենք Վարդավառը նշեցինք տանը սովորականի պես: Եղբայրս ճամբար էր գնացել, այդ պատճառով ել չգնացինք որևէ տեղ: Բայց կարող եմ ասել, որ տանն անցկացրած Վարդավառը չես համեմատի մնացած վարդավառների հետ:

ruslan aleqsanyan

Գյուղացու կյանքը ամառվա ամիսներին

Ամռանը գյուղում սկսվում է աշխատանքային եռուզեռը: Սկսվում է խոտ հնձելու սեզոնը, որը ես, ճիշտն ասած, այդքան էլ չեմ սիրում: Հունիսի վերջերից սկսած բոլորը սկսում են խոտը հնձել, հավաքել: Շատերը տուկ են կապում, որոշ մարդիկ չեն կապում՝ ասելով, որ տուկ կապելիս ընկնում է խոտի որակը:

Այսօր ինձ համար այդ դաժան օրերից մեկն էր:

Մենք գյուղում ամեն տարի ամենաշուտն ենք սկսում խոտ հնձել, և արդեն ավարտել էինք հնձելն ու հավաքելը: Պետք է խոտը դաշտից բերեինք տուն, դարսեինք խոտի համար հատուկ պատրաստված «չարդախում»: Պապիկս նույնպես կարծում է, որ տուկ կապելիս խոտի որակն ընկնում է, այդ պատճառով մենք տուկ չենք կապում: Նաև ասեմ, որ խոտը կրելն ավելի բարդ է, քան տուկը: Երևի հենց այդ պատճառով էլ չեմ սիրում խոտ կրելը:

Վաղ առավոտյան լսեցի հայրիկիս ձայնը, որը փորձում էր ինձ արթնացնել, ինչն այդքան էլ հեշտ չէ: Այդքան շուտ արթնացնելու պատճառն այն էր, որ գնում էինք խոտը բերելու: Գյուղում բոլոր գյուղացիներն այդ ժամանակ զբաղված են իրենց գործերով, այդ պատճառով էլ ես պետք է գնայի հայրիկիս օգնելու: Այս տարի ամենաբարդն էր: Ես և հայրս ամբողջ օրը խոտ կրեցինք, բայց աշխատանքն այդպիսով չվերջացավ. մնացածը մնաց վաղվան:

ruslan aleqsanyan

Ամառ

Ամբողջ կիսամյակի ընթացքում, երբ գնում էի դպրոց, ունեի մեկ ցանկություն՝ որ արձակուրդները շուտ գան: Իսկ հիմա, երբ արդեն համարյա անցել է արձակուրդների առաջին ամիսը, հակառակ ցանկությունն ունեմ. անհամբեր սպասում եմ դասերի սկսվելուն: Դպրոցում օրն անցնում էր հետաքրքիր, և չէի նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը: Դե, արձակուրդներն էլ են հետաքրքիր անցնում, բայց, միևնույնն է, զգում եմ դպրոցի կարիքը: Արձակուրդների ժամանակ սկսվում է «լողալու սեզոնը»: Մեր Բաղանիս գյուղի մոտով փոքրիկ գետակ է հոսում: Այնտեղ կա նաև մի փոքրիկ ջրվեժ, որին գյուղացիները Ձախլիկ են կոչում: Օրվա մեծ մասն անցնում է հենց այնտեղ: Երեկոյան, երբ հովն ընկնում է, հավաքվում ենք դաշտում ու սկսում տարբեր խաղեր խաղալ: Մեծ ու փոքր չեն տարբերվում. բոլորը խաղերին մասնակցում են հավասար: Երեկոյան ավելի ուշ՝ մութն ընկած ժամանակ, հավաքվում ենք գյուղամիջում ու զրույցի բռնվում:

ruslan aleqsanyan

Գյուղի առօրյան

Գիշերը ժամը երեք անց կես էր, հանկարծ տեղիցս վեր թռա: Երազում տեսել էի, որ տանը ինչ-որ գործեր են առաջանում, և ստացվում է այնպես, որ ես պիտի տանեմ անասուններին արածեցնելու անտառում: 

Նախ ասեմ, որ անասուններին պահելը իմ ամենաչսիրած գործն է, և երբ արթնացա, շատ ուրախացա, որ դա երազ է: Սակայն ուրախությունս երկար չտևեց: Առավոտյան 6 անց 15 լսեցի տատիկի ձայնը, ով փորձում էր արթնացնել ինձ: Պատճառն այն էր, որ պապիկը գնացել էր խոտ հնձելու, և տատիկս ասաց ինձ.

-Ռուսլան ջեն, լա մի վի կացի՝ ապրանքը դու տիս տանիլ հանդը: Պապը գնացել ա խոտ հնձե:

Այնպես որ ուրախությունս երկար չտևեց: Արթնացա, հագնվեցի, հաց-մաց արի ու գնացի հանդը: Սկզբից լավ էր. արևը չէր խանգարում, անասուններն էլ հանգիստ արածում էին: Ժամը 4-ի կողմերը արևն սկսեց այրել, իսկ կովերն էլ փախան, ինչպես մեր մոտ՝ Բաղանիսում են ասում՝ «կովերը կետ արին»: Ամբողջ օրը վազեցի նրանց հետևից, միայն երեկոյան կարողացա տուն բերել:

Հիմա հոգնած նստած համակարգչի առաջ ն նյութ եմ գրում ու մտածում եմ, թե ինչպես է անցնելու վաղվա օրս:

Գյուղի առօրյան ուրիշ է:

Ֆուտբոլն իմ սիրած զբաղմունքն է

ruslan aleqsanyanԱյսօր ուզում եմ պատմել իմ հետ տեղի ունեցած դեպքերից մեկի մասին,որը տեղի է ունեցել վերջերս:Ուզում եմ պատմել մեր գյուղի և մնացած գյուղերի միջև տեղի ունեցած ֆուտբոլի մրցումների մասին,որը մինչև հիմա էլ ընթացքի մեջ է:

Երեք օր առաջ մեր գյուղը մրցեց <<Բագրատաշեն>> գյուղի հետ:Այդ խաղում մենք պարտվեցինք 6-0 հաշվով:Բագրատաշեն գյուղի տղաները շատ լավ էին խաղում բացի այդ նաև մենք լավ չխաղացինք,որը դարձավ մեր պարտության պատճառ:

Երկու օր առաջ մենք մեր ուժերը փորձեցինք Նոյեմբերյանի դպրոցի թիմի հետ:Այդ խաղը ավարտվեց 1-0 հաշվով:Մենք տոնեցինք մեր առաջի հաղթանակը:Այդ խաղի ժամանակ մենք շատ կազմակերպված և գեղեցիկ խաղ ցուցադրեցինք և նույնիսկ ունեիք մի քնի իրական պահ որը կարելի էր գոլի վերածել:

Անցած օրը մենք որ ոքի խաղացինք Ոսկեվան գյուղի տղաների հետ:Խաղի ժամանակ մենք հաղթում էինք երկու գնդակի առավելությամբ սակայն խաղը ավարտվեց 4-4 հաշվով:Պատճառը երևի այն էր, որ մենք մի պահ վստահ էինք մեր հաղթանկի վրա և թուլացրեցինք հսկողությունը նրանց հարցակվողներ նկատմամբ:

Չնայած ոչ ոքիին մենք դեռ կարող էինք դուրս գալ եզրափակիչ բայց վերջի հույսը մարեց վերջի խաղի հետ միասին:

Մեզ բաժին էր հասել մի շատ բարդ մրցակից, որը նույնիսկ դարձել էր Հայաստանի չեմպիոն:Մենք խաղացինք Բերթավանի հաետ և պարտվեցինք 6-1 հաշվով և դուրս մնացինք հետագա պայքարից:

Ես շատ եմ սիրում ֆուտբոլը և ինձ առանց նրա չեմ պատկերացնում:

Ռուսլան Ալեքսանյան 15 տ., Տավուշի մարզ, գ. Բաղանիս:

*** davit aleqsanyan Սովորական առավոտ էր։ Ես քայլում էի փողոցով ու մտածում կիսամյակային գրավոր աշխատանքներիս մասին։ Հասա դպրոց ու դեռ դասարան չէի մտել, ընկերս կանչեց թենիս խաղալու։ 

Մեկ էլ մեր ֆիզկուլտուրաի ուսուցիչը եկավ ու ասաց, որ Բերդավանում ֆուտբոլի մրցումներ են կազմակերպում, կուզե՞նք մասնակցել, թե ոչ։ Դե մենք բնականաբար համաձայնվեցինք։

Մի երկու օր հետո ուրախ տրամադրությամբ շարժվում ենք դեպի Բերդավանի ֆուտբոլի խաղադաշտ։ Առաջին խաղը մեզ համար բարդ էր։

Անսովոր խաղադաշտ, անսովոր թիմ, մի խոսքով պարտվեցինք։ Երկրորդ խաղը մեը օգտին դասավորվեց. հաղթանակ տոնեցինք Նոյեմբերյանի հետ խաղում:

Երրորդ խաղը ընթացավ հավասարը հավասարի հետ. ոչ ոքի խաղացինք մեր հարևան Ոսկեվանի հետ։

Չորրորդ խաղից առաջ մենք գիտեինք, որ պարտվելու ենք, քանի որ խաղալու էինք բարձր խաղամակարդակ ունեցող Բերդավանի հետ։

Այդպես էլ եղավ: Մենք պարտվեցինք խոշոր հաշվով։ Բայց մեկ է, մենք ուրախ էինք։

  Դավիթ Ալեքսանյան 15 տ., Տավուշի մարզ, գ Բաղանիս 

ruslan aleqsanyan

Ինչու են դատարկվում սահմանամերձ գյուղերը

Այս անգամ էլ փորձում եմ անդրադառնալ մի խնդրի, որը տարիների ընթացքում իր լուծումը չի գտնում: Ուզում եմ խոսել այն մասին, թե ինչու են դատարկվում գյուղերը մանավանդ`սահմանամերձ բնակավայրերը: Այսքան մտածում-մտածում եմ այդ հարցի մասին, բայց պատասխանը չեմ կարողանում գտնել: Մի՞թե պատճառն այն է, որ գյուղերը գնդակոծվում են, թե պատճառն այն է, որ գյուղերում աշխատատեղեր չկան:

Մարդիկ հեռանում են՝ անտեր թողնելով իրենց տները: Մարում են տների լույսերը, անտեր են մնում հայրենի հողերը:

Մեր գյուղից էլ են հեռանում շատերը: Կան մարդիկ, որոնք գնում են արտագնա աշխատանքի՝ վերադառնալու նպատակով, բայց այլևս չեն վերադառնում, կամ էլ վերադառնում են իրենց ընտանիքներին տանելու նպատակով: Կան նաև այնպիսի մարդիկ, որոնք ասում են.

-Ծնվել ենք այստեղ, կմեռնենք այստեղ:

Իմ քեռին իր ընտանիքով նույնպես տեղափոխվել է Ռուսաստանի Դաշություն: Սկզբից նա գնացել էր աշխատելու՝ վերադառնալու նպատակով, բայց հետո իր հետ տարավ նաև իր ընտանիքը, և արդեն 15 տարի է՝ ապրում է այնտեղ և արդեն գյուղ է գալիս որպես հյուր: Ճիշտ է, նա շատ կցանկանար վերադառնալ հայրենի գյուղ, բայց աշխատանք չլինելու պատճառով չի կարողանում:

Ես հաճախ եմ զրուցում տատիկիս հետ տարբեր թեմաներով: Այս անգամ էլ ցանկացա զրուցել նրա հետ այս թեմայով, բայց դեռ խոսքս ամբողջությամբ չէի ավարտել, երբ տեսա, որ տատիկիս աչքերը լցվեցին արցունքով: Ախր, նա հինգ տարի առաջ է տեսել իր թոռներին և շատ է կարոտել նրանց:

Ես հուսով եմ, որ մի օր բոլորը հետ կգան իրենց հայրենիք:

ruslan aleqsanyan

Պատմում է պապիկս

Չգիտեմ ինչու, այս անգամ ցանկանում եմ գրել 1991 թվականին տեղի ունեցած դեպքերի մասին: Այս ամենի մասին պատմում է ինձ պապիկս` Ժորա Ալեքսանյանը, ով նույնպես մասնակցել է այդ թվականներին տեղի ունեցած պատերազմին: Այդ ժամանակ նա աշխատում էր ՀՀ ոստիկանությունում` որպես փոխգնդապետ:

Նա պատմում է.

-Այս ամենը տեղի է ունեցել 1991 թ. ապրիլ ամսին: Ես, Ալբերտ Գուլքանյանը, Սարգիս Շահվերդյանը (ովքեր նույն պես ոստիկանության աշխատողներ էին) և մի քանի Բաղանիս գյուղի գյուղացիներ`Ռուստամ Ալեքսանյանը, Եղիշ Ալավերդյանը, Յուրիկ Սահակյանը «վիլիս» մակնիշի մեքենայով գնում էինք Ոսկեպար՝ գյուղի այգիներով, երբ մեզ վրա սկսեցին ինտենսիվորոն կրակել թշնամիները: Մի փոքր ժամանակ անց, երբ կրակն արդեն թուլացել էր, ցանկացանք շարունակել ճանապարհը, սակայն միանգամից կտրուկ կանգ առա և նայեցի ոտքիս տակ, որը դեռ չէի դրել գետնին: Նայեցի և տեսա մեկ հակահետևակային ական, իսկ քիչ հեռու ճանապարհին, մեքենայի անվահետքերի տակ երկու հակատանկային ական: Մեծ դժվարությամբ կարողացանք դուրս գալ ականապատ տարածքից և շարժվեցինք առաջ: Այդ օրը մենք գրավեցինք թշնամու մեկ ամենագնաց՝ «ԲՏՌ» և Ներքին Ոսկեպար գյուղը:

Ես լսում էի և հպարտանում մեր գյուղի հերոսներով: