Ամենամառախլապատ ու ամենապայծառ օրը

Նոյեմբերի տասին ասմունքի համահայկական տասնմեկերորդ փառատոնի մարզային փուլն էր, որը կայանալու էր Գորիսում: Դե, ինչպես արդեն գիտեք (եթե, իհարկե, հասցրել եք իմանալ)՝ ես Սյունյաց աշխարհի կենտրոնից եմ՝ Կապանից: Հաղթահարելով քաղաքային փուլը՝ ես ու ինձ նման մի քանի խենթեր ամսի տասին՝ վաղ առավոտյան ճանապարհվեցինք Գորիս: Հաճախ հոգնեցուցիչ և ձանձրալի թվացող Կապան-Գորիս ճանապարհն այնքա՜ն հաճելի էր, երբ լցված էր գույնզգույն կատակներով, «Ալիաս» խաղով, մի մանդարինը տասը կեսի բաժանելով ու, իհարկե, ճանապարհից անպակաս մառախուղով: Ես հենց սրա համար եմ սիրում այս մրցույթը. արդեն երրորդ անգամ այն ինձ հնարավորություն է տալիս վայելելու իմ այդքան չսիրած Թասի ոլորանները:

Գորիսի քաղաքապետարանի մոտ մի քիչ զբոսնելուց հետո գնացինք թիվ 4 դպրոց, որտեղ պիտի կայանար մրցույթը: Իմ լավագույն ընկերուհին Գորիսից է, մրցույթներն ու օլիմպիադաները որ չլինեին, մենք միմյանց դեմքերը կմոռանայինք: Նա էլ պիտի գար այդ դպրոց՝ ինձ ոգևորելու: Տեղի ունեցավ ամենատարօրինակը: Ինչպես միշտ՝ իմ անպատասխանատու սիրելին ուշացավ, ու միջոցառումն սկսվեց: Միջոցառման առաջին կեսին նա ընթացքին հետևել է պատուհանից: Այդ պահին ես հասկացա, թե ինչքան անարդար կարող է լինել կյանքը: Ինչպե՞ս կարելի է ութ ամիս ընդմիջումից հետո տեսնվել պատուհանից պատուհան: Մի կերպ հաջողվեց Անուշիկին դահլիճ բերել: Երբ նա եկավ դահլիճ, մեր լեզվով ասած՝ «արխային» եղա: Հիմա պիտի կենտրոնանայի իմ բանաստեղծությունների վրա, որոնք ներկայացնելու էի մրցույթում: Ասմունքելու էի Տերյանի «Մի խառնեք մեզ…»-ը և Հրաչյա Սարուխանի «Հայաստան»-ը: Ժյուրիի կազմում վաստակավոր դերասաններ էին, գրականության ու ասմունքի ոլորտում մեծ հաջողությունների հասած մարդիկ, որոնց գնահատականը ցանկացած ասմունքողի համար, կարծում եմ, կարևոր է: Ահա, իմ հերթն է: Ուրեմն ասեմ, որ ինձ դուր եկավ իմ ասմունքը, ես գոհ էի: Ինձ համար կարևոր էր, որ կարողացա ասմունքել այնպես, ինչպես ցանկանում էի՝ զգալով բանաստեղծությունն ու հասկանալով այն:

Երբ ավարտեցինք ասմունքելը, ժյուրին ընմիջում հայտարարեց՝ ամփոփելու արդյունքները: Այդ ընթացքում ես ու Անուշիկը որոշեցինք գնալ ու ինձ համար Գորիսից մի սվիտեր գնել, իմիջիայլոց՝ իմ աշխատած գումարով: Ես՝ աշխարհի ամենանվնվան ու բծախնդիր էակս, ութ րոպեում փորձեցի ու ընտրեցի սվիտերը, վերջում էլ արագ վճարեցի ու դուրս եկա, որ չհասցնեմ փոշմանել: Հասանք դպրոց, դեռ ամփոփումը չէր սկսվել: Երբ երեխեքին ասացի, որ հասցրել եմ ինձ համար սվիտեր գնել, շշմել էին: Ռեկորդ էի սահմանել իմ տասրոպեանոց գնումով: Եկավ ամփոփման պահը: Ասեմ, որ երկու տարիքային խմբով էինք ներկայանում: Ես մեծերի խմբից էի: Սկզբում փոքրերի խմբի հաղթողներին սկսեցին հայտարարել: Կապանից մրցանակակիրներ ունեինք, լուսանկարում էի նրանց տարբեր կողմերից, երբ սկսեցին հայտարարել մեծերի խմբի հաղթողների անունները: Այո-այո, հաղթողներից մեկն էլ ես էի: Ուրախ էի, տպավորված ու նաև հպարտ: Ես այնտեղ Անահիտը չէի, ես կապանցի Անահիտն էի: Բացի ինձնից՝ ես նաև իմ քաղաքն էի ներկայացնում: Ահա և մենք՝ մարզային փուլի հաղթողներս, ովքեր պիտի մասնակցեն հանրապետական փուլին: Դե ինչ, հաջողություն մեզ: