mariam tonoyan

Շեքսպիրի նորօրյա հերոսը

Ներքին կեղեքող լռությունը սղոցեց ամբոխի աղմուկն ու բարձր երաժշտության ձայնը՝ թողնելով նրա մտքերում լռության անդորրի մեջ մեխի պես մխրճված մի բառ՝ չգնաս։ Հայացքը գետնին հառած՝ նա փորձում էր շպարի տակ թաքցնել զգացմունքների ազդեցության տակ ծնված այն աղի հեղուկը, որին մարդիկ արցունք են անվանում։

Կինը գեղեցիկ էր, ավելի գեղեցիկ, քան այդ համերգասրահում գտնվող մյուս պճնազարդ գեղեցկուհիները և միաժամանակ ավելի լարված էր ու անհանգիստ։ Նրա հայացքը, որ սկսեց սահել սրահում հավաքված ամբոխի մի մարդուց մյուսը, լցված էր զարհուրանքով ու կարծես ինչ-որ մեկին էր փնտրում։
Մի պահ կինը կարծես մեխվեց տեղում, գունատվեց, երաժշտության ռիթմի տակ շարժվող ձեռքերը սկսեցին դողալ։ Ցանկացավ դուրս գալ սրահից, բայց չհամարձակվեց։ Ամբոխի միջից սևազգեստ ու խոժոռադեմ մի փոքրամարմին տղամարդ ինքնավստահ քայլերով մոտեցավ կնոջը։
Տղամարդը կանգնեց ուղիղ կնոջ դիմաց, կոպիտ ձեռքով կնոջ ականջի վրայից մի կողմ տարավ մազափունջը ու, թեքվելով նրա վրա, շշնջաց ականջին.
-Կարծես թե դու ինձ չհասկացար։

Կինը չշարժվեց, դողացող շուրթերը շարժելով՝ հազիվ արտաբերեց.
-Միջոցառման ներկա գտնվելը հանցագործություն չէ։
-Դու իմ սեփականությունն ես։ Կա՛մ կենթարկվես ու տուն կգնաս, կա՛մ բաժանվում ենք։
-Չեմ կարող լքել աշխատանքային կոլեկտիվս ու գնալ։ Փորձիր հասկանալ, ամոթ է։
-Ամո՜թ է, ինչպես չէ, ամո՜թ է,- սպառնալից հայացք նետելով կնոջ վրա՝ վերջինս արագորեն անհետացավ ամբոխի մեջ։
-Օթելլոդ էլի նեղացրե՞ց,- կնոջը մոտեցավ մի շիկահեր աղջիկ, որը, հավանաբար, նույնպես նույն աշխատանքային խմբին էր պատկանում։
-Ես երևի տուն գնամ։
-Չէ, մի գնա, համերգը դեռ նոր է սկսվել, մի քիչ ուրախանանք, կգնաս,- շիկահերը բռնեց նրա ձեռքից ու տարավ պարող խմբի մոտ։
Տղամարդը չէր գնացել։ Կանգնել էլ անկյունում, ամբողջ ընթացքում հայացքով հետևում էր կնոջը, անկարողությունից ժպտում՝ ձեռքերը բռունցքների վերածած, ուզում էր մոտենալ կնոջը, ասել ամենը, ինչ որ կար ներսում, զայրույթից գուցե և խփել, բայց զսպում էր իրեն։ Չէ՞ որ ամո՜թ էր։
Կինը ռոբոտի նման այս ու այն կողմ էր շարժվում՝ իբր պարում էր, ժպտում էր՝ թե ուրախ է։ Ո՞վ կհասկանար, որ ներսում ինքնասիրությունն ու ազատության ձգտումը կռիվ էին տալիս սիրո հետ, որն այլևս չկար, մարել էր ամուսնությունից շատ չանցած։ Ո՞վ կհասկանար։ Մարդիկ գրեթե միշտ մնում են չհասկացված, իսկ դիմացինը միշտ հմտորեն ու կարեկցանքով համոզում է, լցնում մեր ուղեղը, թե հասկանում է, պատմում, որ ավելի վատ բաներ են իր գլխով անցել։
Տղամարդու համբերությունը սպառվեց։ Մոտեցավ, ամուր բռնեց կնոջ թևից ու դուրս տարավ։
Դեպքը պատահեց ակնթարթորեն, ամենայն հավանականությամբ՝ քչերը հասկացան, որ խանդի, անվստահության ու անհնազանդության պատճառով քայքայվեց երիտասարդ ընտանիքը։ Քչերը հասկացան, բայց բոլորն էլ իրենց համոզեցին, թե հասկացել են։ Ճիշտ են հասկացել։ Միշտ են հասկանում։ Չեն սխալվում։ Կարեկցում են։ Մարդի՜կ։ Նրանք Շեքսպիրին էլ են հասկանում, երբեմն նաև խրատում են, քննադատում, չէ՞ որ մենք միշտ հասկանում ենք բոլորին։ Մարդի՜կ։ Մարդիկ ամենուր ու բոլոր ժամանակներում նույնն են. օթելլոներ էլ են ծնվում, վերթերներ էլ, նարցիսներ ու դիոգենեսներ էլ…

Ամեն ինչ ու ամեն ոք կրկնվում է, միայն թե մեկ աստիճանով «կատարելագործված»։

Նայենք մեր շուրջը, գուցե կիսագրագետ շեքսպիրներին ու գյոթեներին էլ նկատենք։