Ամենատխուր լուսանկարը

-Պապի՜կ, տատի՜կ, ես, մաման, քուրիկը ու ապերիկը Ռուսաստան ենք գնում` պապաjի մոտ:

Երեկվա պես հիշում եմ` ոնց էինք հավաքում մեր ճամպրուկները, ոնց էի ուրախանում ու բոլորին ասում, որ գնում եմ Հայաստանից, որ էլ չեմ սպասելու, թե երբ են ծառի տերևները դեղնելու, որ հայրիկս տուն գա: Որ արդեն ամեն օր տեսնելու եմ նրան:

Հիշում եմ նաև պապիկիս ու տատիկիս տխուր հայացքները, արցունքոտ աչքերը և լացի ձայնը: Հոնգուր-հոնգուր լաց էին լինում և մինչև մեր ինքնաթիռ նստելու վերջին վայրկյանը դեռ հույս ունեին, որ չենք գնալու, բայց…

Բայց մենք գնացինք: Փոքր էի, չէի հասկանում, որ իմ ուրախությունից տասն անգամ ավելի պապիկս ու տատիկս տխրություն էին զգում: Մի քանի օր էր, ինչ Ռուսաստանում էինք: Ու երբ մեր գյուղից այդ նույն քաղաք եկան մեր համագյուղացիներից, պապիկս ու տատիկս մեզ դեղձ ու ծիրան էին ուղարկել, իսկ հորաքույրս նրանցից գաղտնի մի նկար էր ուղարկել, որի վրա գրված էր. «Ձեր գնալու օրը այնքան էին լացել, որ հոգնել ու քնել էին»: Նկարում տատիկս ու պապիկս էին, ամեն մեկը բազմոցի մի անկյունում կուչ եկած քնած էին: