Գնացին, հետ չեկան

Ինչպես Խորհրդային Միության մյուս համայնքները, այնպես էլ իմ գյուղը` Դսեղը, իր մասնակցությունն է ունեցել Հայրենական մեծ պատերազմին:
Յուրաքանչյուր պատերազմ իր հետ վիշտ է բերում, զոհեր ու հերոսներ: 1941-1945 թվականների պատերազմին գյուղից մասնակցել է 19-48 տարեկան 763 տղամարդ, որոնցից 252-ը չի վերադարձել (ըստ Ս. Քոչարյանի «Դսեղ» գրքի տվյալների): Այդ 763 քաջերն էլ հավասարապես հերոսացվել են դսեղցիների կողմից:
Մեր դպրոցի ամենաերևացող ու լուսավոր պատին փակցված են այդ 252 հերոսների լուսանկարներն ու անունները, որպեսզի գալիք սերունդները միշտ հիշեն և առաջնորդվեն իրենց նախնիների սխրանքով:
Պատերազմին մասնակցած հայորդիներից այսօր գյուղում ողջ են միայն երկուսը: Յուրաքանչյուր մայիսի 9-ի մենք նրանց պատվին միջոցառում ենք կազմակերպում, ուշադիր զննում հագուստից կախված շքանշանները ու լսում մոտ 70 տարվա վաղեմության պատմությունները:
Պատերազմի այս երկու ականատեսների ծերացած աչքերում նշմարվում է պատերազմի դառը կնիքը, որը մեզ հավասարապես և ցավ, և երջանկություն է պարգևում:
Զոհվածների տապանաքարերի վրա գյուղացիք հաճախ գրել են ոչ թե մահվան, այլ պատերազմի տարեթվերը`«1941-1945»:
Մեր մոտ ընդունված չէ օգտագործել «զոհվել» բառը, դրա փոխարեն աշխարհամարտի զոհերին հիշատակելիս ասում են` «գնացել ա, հետ չի եկել»:

Եվ երևի սա հույս է,որ գուցե ինչ-որ մեկը դեռ կգա…