mariam tonoyan

Ամեն բան սկսվեց 17.am-ից

Մարդու կյանքում ընդամենը մի րոպեն, մի միտքը, մի ցանկությունը, մեկի կարծիքը կարող է լինել շրջադարձային։ Երկու-երեք տարի առաջ, երբ ինձ հարցնում էին հիմնական նախասիրության, ապագա մասնագիտության կամ աշխատանքի մասին, ես վստահ պատասխանում էի, որ լավագույն նախասիրությունս ու հետագա պլաններս կապված են միայն գերմաներենի հետ, իսկ այժմ սիրած զբաղմունքներիս առաջին հորիզոնականը գերմաներենը կիսում է լրագրության հետ։ Զարմանալի է, ո՞վ կպատկերացներ՝ ես, որ միշտ բացառել եմ լրագրողի մասնագիտությունը ու միշտ բացասական վերաբերմունք եմ ունեցել լրագրողների հանդեպ, մի օր, մի մտքի ազդեցության տակ կզբաղվեմ լրագրությամբ ու դեռ ավելին՝ որոշ հաջողությունների կհասնեմ։

Առաջին քայլերս այս ասպարեզում հեռանկար չունեին, այլ պարզապես դպրոցական ձանձրալի առօրյայից բացի ինչ-որ այլ բան անելու ձգտման արդյունք էին, մի քիչ էլ տարիքային սկզբունքի հարց՝ չէ՞ որ դպրոցի ակտիվ սաներից շատերը որոշել էին մասնակցել 17.am-ի հետագա աշխատանքներին ու ցանկություն էին հայտնել թղթակցելու։ Ահա և 17.am-ի բազմաթիվ հետաքրքիր հոդվածների շարքում տպագրվեց նաև իմ առաջին հոդվածը գերմաներենի մեր խմբակի մասին։ Արձագանքներն ու գովեստի խոսքերը ոգևորեցին ինձ, ու ես սկսեցի մեկը մյուսի հետևից հոդվածներ գրել, գտնել հետաքրքիր մարդկանց, հետաքրքրվել քաղաքիս առօրյայով ու լինել ավելի տեղեկացված։

Առաջին ամենալուրջ, ամենակարևոր ձեռքբերումներիցս մեկը «Մանանա» թիմի հետ ծանոթանալն էր, այդ մեծ ու ջերմ ընտանիքի մի անդամը դառնալը։ Հենց 17.am-ն էլ դարձավ դեպի այլ՝ անսպասելի ձեռքբերումներ ու հաջողություններ տանող լուսավոր ուղին։ «Մանանայի» մրցանակաբաշխությանը մասնակցելուց ու անակնկալ կերպով լավագույններից մեկը ճանաչվելուց հետո, լցվեցի անսահման սիրով թե՛ լրագրության, թե՛ լրագրողի դժվար աշխատանքի հանդեպ։ Հենց այդ օրվանից էլ որոշեցի ամեն հնարավորություն օգտագործել լրագրությանն ավելի մոտ կանգնելու համար։ Ամիսներ անց հանկարծ ստանում եմ հրավեր՝ մասնակցելու լրագրության սեմինարների։ Միանշանակ համաձայնում եմ, ընդլայնում գիտելիքներիս սահմանները՝ շուտով ընդունելով նաև հաջորդ առաջարկը՝ asparez.am-ին թղթակցելու։

Ի տարբերություն 17.am-ի, այստեղ ամեն ինչ խիստ աշխատանքային էր ու դժվար, քանի որ հարկավոր էր գործ ունենալ նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ, վերահսկել նրանց գործունեությունը, հետազոտել, քննադատաբար մոտենալ, ինչն ինձ համար դժվար էր, քան կարող էի պատկերացնել։ Դրան էլ հարմարվեցի, իսկ հաջորդ քայլս եղավ հեռուստալրագրության դասընթացներին մասնակցությունը։ Այն հաճելի ու ավելի թեթև թվաց ինձ, երբ գրելուց, լուսանկարելուց բացի, ռեպորտաժներ պատրաստելով, տարբեր հնարքներով հնարավորություն ունես դիտորդին փոխանցել լուրը։ Այցերը հեռուստատեսություն, սեփական հեղինակային ռեպորտաժներ պատրաստելը չափազանց պարտավորեցնող էին։ Դե քանի որ ես էլ սիրում եմ իմ հասցեին ուղղված շնորհավորանքներ ու դրանցից հետո անասելի ոգևորվում ու գերագնահատում եմ ինձ, ի վերջո որոշեցի անել մի բան, որ երբեք չէի համարձակվի։ Համացանցում տեղադրված երիտասարդ լրագրողների միջազգային մրցույթի մեկնարկի մասին կարդալուց հետո մեկ շաբաթ չէի կողմնորոշվում՝ մասնակցել ու գրել հոդված, թե՞ չմասնակցել, քանի որ որպես Հայաստանը ներկայացնող լրագրող պետք էր արժեքավոր ու հետաքրքրաշարժ ինչ-որ նյութ ներկայացնել։ Կկարողանայի՞ արդյոք։ Դասընկերներիս հորդորներից հետո որոշեցի գրել դասընկերուհուս մասին ու պարզապես մասնակցել՝ առանց հաղթանակի հույսի։ Շուտով հոդվածս իր տեղը գտավ մրցույթի մասնակիցների այլ հոդվածների, տեսահոլովակների, ֆոտոշարքերի կողքին։ Անցավ մոտ մեկ ամիս, ոչ մի լուր չկար, ու արդեն մոռացել էի, որ թե՛ հաղթելու, թե՛ պարտվելու դեպքում մեզ հաղորդագրությամբ տեղեկացնելու են արդյունքների մասին։ Օրեր առաջ կեսգիշերն անց հանկարծ ստացա ռուսերեն հաղորդագրություն՝ Поздравляем Вас  с победой (Շնորհավորում ենք Ձեզ հաղթանակի կապակցությամբ)… Անտարբեր կարդացի, սկզբում չհասկանալով, թե ինչ հաղթանակի մասին է խոսքը, իսկ հասկանալուց հետո սկսեցի ուրախությունից թռչկոտել սենյակից սենյակ՝ արթնացնելով ընտանիքիս անդամներին, միաժամանակ մտովի հիշելով անցած ճանապարհս, դժվարություններն ու դրանց արդյունքում ունեցած երջանիկ պահերը, որոնցից մեկն այդ րոպեներին էի վայելում։  Հաղթողների շարքում էի… Հաղթողներին հնարավորություն էր տրվելու ստանալ ուղեգիր 20 օրով դեպի Մոսկվա՝ մասնակցելու մեդիաֆորումի՝ հագեցած տարբեր ուսուցողական ծրագրերով։ Առայժմ չգիտեմ՝ կհաջողվի՞ օգտվել ստեղծված հնարավորությունից, բայց երջանիկ եմ հաղթելու առաջին վայրկյաններից, որ հաղթանակներս սկսվեցին հենց 17.am-ից։