Այսօր տարվա ամենաերկար գիշերն է

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Ամեն օր արևածագ է լինում, հետո՝ մայրամուտ: Մենք ոչինչ չենք կարող փոխել:  Որքան էլ սիրենք արևը, այն ընդմիշտ մեզ հետ չի մնալու: Բայց այն ժամանակահատվածները, որոնք ընկած են արևածագի և մայրամուտի միջև, այն 12 ժամերը, որոնցից կազմված է մեր կյանքը, գտնվում են մեր ու ժամանակի լիակատար տիրապետության տակ:

Ամենից շատ ես չեմ սիրում միապաղաղ կյանքը, դրա համար եմ 17.am-ում նյութեր գրում, որ ծառից տերև ընկնելու մեջ լոկ ֆիզիկական ու բնական գործողություն չտեսնեմ, որ կողքիս ապրող հետաքրքիր մարդկանց չանտեսեմ: Դրա համար եմ գրքեր կարդում, որ «տուն-դպրոց-տուն» երթուղին երբեմն էլ երևակայական աշխարհներով, առասպելական մոլորակներով համալրեմ: Ես այս ամենն անում եմ նրա համար, որ տարբերեմ իմ կյանքի հազարավոր արևածագերը իրարից: Որ ամեն օրը ինչ-որ բանով հետաքրքիր դառնա, տպավորիչ, հիշվող: Օրինակ, այն օրը, երբ իմ առաջին նյութն էր հրապարակվել 17.am-ում, մայրամուտը շատ գեղեցիկ էր, իսկ արևածագը՝ սովորականից ավելի արևոտ:
Մենք անընդհատ փոփոխություններ ենք պահանջում: Պահանջում ենք, որ արևածագի փոխարեն մայրամուտ լինի: Բայց, ինչպես գրված է հայտնի գրքում. «Եթե ես իմ գեներալին հրամայեմ ծովային ճայ դառնալ,- մտածում էր 325 աստղակերպի թագավորը,- և եթե իմ գեներալը չկատարի հրամանը, ոչ թե նա,  այլ ես մեղավոր կլինեմ»:

Մինչդեռ հարկավոր է հրամաններ արձակել այն ժամանակահատվածում, որի տերն ես դու: Եվ հրամայել ոչ թե ուրիշներին, այլ ինքդ քեզ: Այդպես մի օր ես ինքս ինձ, իմ մոլորակի վրա, միակ հպատակիս  հրամայեցի լինել այնպիսին, ինչպիսին հաճելի է ինձ, ոչ թե ուրիշներին, ու ստացվեց, որովհետև հպատակը իրավունք չունի չկատարել թագավորի հրամանը: Նույնիսկ եթե թե՛ թագավորը,  թե՛ հպատակը հենց ես եմ:
Կյանքը գեղեցիկ է նրանով, որ այն անընդհատ կարող ես փոխել, կարող ես չլճանալ, չմնալ նուն տեղում: Մենք էլ հո ծառ չենք, որ հավերժ մեր կանգնած տեղում մնանք, մահանանք այնտեղ,  որտեղ ծնվել ենք:
Ես դեռ շատ մայրամուտներ ու արևածագեր կունենամ, յուրաքնչյուրը տարբեր ու յուրովի գեղեցիկ, բայց կարևոր է ոչ թե այն պահը, երբ արևը դադարում է երևալ,  կամ նորից է դուրս գալիս,  այլ այն, ինչը կատարվել է մինչ այդ:
Իմաստավորեք ձեր մայրամուտները,  որ արևածագերն ավելի երջանիկ լինեն:

Այսօր տարվա ամենաերկար գիշերն է, մտածելու ժամանակը: