Juliabrahamyn12

Այ բալա, խելքդ գլուխդ հավաքիր

Բարև ձեզ։ Եկել եմ` արագ մի բան պատմեմ ու գնամ։
Ուրեմն այսօր առավոտյան՝ կարանտինային մի զարմանահրաշ առավոտ՝ ժամը 16։09, արթնացա ու մի կերպ գնացի մեր բակի խանութ՝ պաղպաղակ գնելու։ Մեղքս չթաքցնեմ՝ էլ չէի դիմանում առանց պաղպաղակի։

-Բարև Ձեզ, ո՞նց եք։

-Սենց էլի, այ բալա, յոլա։

-Լավ ա, լավ ա։

Տարիների ընթացքում ես մեր բակի աշխատողի համար մնացել եմ «այ բալա», երբ ավարտում էի՝ «այ բալա, ավարտեցի՞ր», երբ ընդունվում էի ՝ «այ բալա, ընդունվեցի՞ր»։ Հիմա ուղղակի ստանդարտ «այ բալա» եմ, քանի որ ո՛չ ավարտում եմ, ո՛չ ընդունվում և ո՛չ էլ ամուսնանում։ (Կյանքի ամենակարևոր երեք փուլերը՝ ըստ հայ մտքի տիտանների)։ Ճիշտն ասած՝ մի տեսակ հոգեհարազատ է այդ մականունը, իհարկե գիտեմ, որ ուղղակի անունս չգիտի կամ չի հիշում, բայց «այ բալա»-ն էլ չի խանգարի պաղպաղակ գնելուն։

Ուրեմն, երբ փոքր էի, մայրս մի հիմար կատակ արեց։ Ասաց․

-Տարվա մեջ առաջին անգամ ինչ-որ բան ուտելուց երազանք պահիր՝ կկատարվի։

Ու ծիծաղեց։ Ես էլ չէի կարող նման առիթը բաց թողնել ու սկսեցի երազանքների շարանը։ Նոր տարվա առիթների ժամանակ միանգամից սեղանի յուրաքանչյուր ուտելիքից գոնե մի բան պետք է ուտեի, որպեսզի երազանքը չկորչեր։

Չզարմանաք, բայց մինչև հիմա էլ այդպես եմ անում։ Կյանքիս յուրաքանչյուր փուլում երազանքները փոխվել են, բայց չորս տարի՝ չգիտեմ էլ, թե ինչու, նույն երազանքն եմ պահում։ Չհաշված ծննդյան ու նոր տարվա երազանքները, սնահավատ երազանքներն ու փառահեղ «11։11»-ի երազանքը։ Բոլորը նույնն են ու արդեն սովորություն է դարձել։ Պաղպաղակը կծելու պահին ուղեղս միացավ բերանիս և կրկին նույն երազանքը մտքումս կրկնեցի։ Մայրս էլ սա կարդալուց հետո կասի․

-Հլը ասա՝ ի՞նչ երազանք ա։

Իսկ ես կպատասխանեմ․

-Երբ ասում են՝ չի իրականանում։

Իհարկե՝ չի իրականանում երբեք, բայց քանի դեռ կան նոր տարիներ ու նոր ուտելիքներ՝ ես կփորձեմ։ Ինչպես 7-8 տարեկան երեխաները, երբ հասկանում են, որ Ձմեռ պապն իրական չէ (եթե չգիտեիք, ապա ներողություն եմ խնդրում), բայց սպասում են, որ ծնողներն ասեն, ու իրենք էլ վերջնականապես հույսը կտրեն։
Ես էլ հոգուս խորքում գիտեմ, որ դա ընդամենը հիմար կատակ էր, բայց քանի դեռ մայրս չի ասել՝ կշարունակեմ հավատալ։ Մանավանդ, որ նա մոռացել է այդ «երազանք»-ի մասին։

Պաղպաղակից հետո մի տեսակ տխրեցի, որովհետև հասկացա, որ արդեն 17-րդ տարին է անցնում, իսկ ես հիմարի պես ուտելիքի երազանք եմ պահում։ Հենց այդպես էլ կանվանեմ՝ «ուտելիքի երազանք»։ Հուսադրող է։

Ու մի օր, երբ վերջնականապես կհամոզվեմ, որ դա չի իրականանա, երբ մայրս կասի․ «Հա, բայց ես կատակ էի անում, Ջուլ ջան», մի գիրք կգրեմ, հավանաբար՝ «Այ բալա, խելքդ գլուխդ հավաքիր» վերնագրով ու մականունս էլ մեր բակի խանութի վաճառողի անունը կդնեմ։ Հա՛մ ինքը կհարստանա, հա՛մ ես կթեթևանամ։

-Էհ, այ բալա, տենց բաների ոնց էլ հավատում ես։

-Հավատում եմ, էլի։ Սա ստացեք, Ձեզ լավ օր, տիկին․․․