gevorgtergbr

Անաստված կինո թատրոն

Լուսանկարը` Լիդա Արմենակյանի

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի հաղթողներին, դուք նույնպես կարող եք կարդալ և ընտրել լավագույններին:

«Ինչու է մարդն ապրում աշխարհում կամ նապաստակի կարծիքը» էսսե

Մեր օրերում բազմաթիվ գրքեր են գրվում, բայց շատերի մասին չենք էլ իմանում, որովհետև գրաքննադատություն չկա: Կամ կա, բայց շատ քիչ, ոչ էնքան, որ դրա շնորհիվ որոշ գրքեր ի հայտ գան ու հայտնաբերենք: Փաստորեն նոր հեղինակներ ու գրքեր գտնելը մարդկանց ինչ-որ զանգվածի համար բարդ է դարձել էնքանով, որ գրաքննադատություն լավ չի արվում: Բայց իրականում էդ ամենը հեշտ է էնքանով, որ հիմա գրական ակումբներ կան, կայքեր ու ծրագրեր կան, որտեղ մարդիկ իրենց կարծիքն են գրում ինչ-որ իքս գրքի մասին, մյուսներն էլ կարդում են ու հետաքրքրվում են կամ ոչ, սա արդեն ուրիշ հարց է: Ես էս բոլոր տարբերակներով եմ ինչ-որ նոր գիրք կամ հեղինակ գտնում, + գրքերի շնորհանդեսների իվենթները:

Այ, Գևորգ Տեր-Գաբրիելյանին էլ  բացահայտեցի 2018-ի ամռանը` գրքի շնորհանդեսից մի քանի օր առաջ, երբ արդեն որոշել էի գնալ շնորհանդեսին, ու պետք էր ուսումնասիրել հեղինակին ու մինչ այդ գրված գործերը: Գրքերի մի մասը հասանելի է ՅԱՎՐՈՒՀՐԱՏ հրատարակչությունում, որոշ բաներ նաև Գրանիշում: Ինչևէ, ամռանը գնացի շնորհանդեսին ու գիրքը հենց նույն օրն էլ ձեռք բերեցի: Օգոստոսի 31-ն էր կարծեմ, եթե չեմ սխալվում, էդպես էդ օրվանից դրեցի գրապահարանումս, որ մյուս ամառ կարդամ: Գիրքը, որ հաստափոր է լինում, առաջին փորձից չես տրամադրվում կարդալ: Հետո, փաստորեն ձմռանը առիթը ստեղծվեց ու որոշեցի ռիսկի գնալ: Պատկերացրածիս նման դժվար չի կարդացվում, բայց դեռ չեմ էլ ավարտել: Սեղանիս դրված է, գնում գալիս մի վերնագիր ընտրում ու կարդում եմ: Գիրքը գրված է արձակ, բաղկացած է տասը արձակ ստեղծագործություններից և չորս էսսեներից: Դե այո, էսսեներն էլ իրենցից արձակ ստեղծագործություններ են ներկայացնում, սակայն նման բաժանումն արվել է հեղինակի, և ոչ իմ կողմից, ի դեպ, թե նկարագրության բաժնում, և թե բովանդակությունում: Գրքի հետաքրքրությունն էլ երևի սկսվում է հենց այդ բաժանումից:

Գիրքը լի է նոր բառերով, բառաստեղծումներով, ինչը երևի պայմանավորված է գրողի անգլերեն և ռուսերեն լեզվամտածողությամբ: Ու դա մեղմ ասած ուրախալի է: Չգիտեմ ինչից է, բայց մեր սերնդին դուր են գալիս փոխառությունները, օտարաբանությունները գուցե, ու նաև լրիվ նոր ստեղծված բառերը, որոնք մի տեսակ խորթ են հնչում, բայց միաժամանակ հաճելի: Գիրքը ընտիր տարբերակ է լիքը բան սովորելու ու փնտրելու: Փնտրելու բաներ, որոնց մասին շատ ես մտածել կամ երբեք մտքովդ չի անցել: Գրքի վերնագրերը ևս ընտրված են այս բոլորը իրենց մեջ ներառելով: Օրինակ, «Ինչու է մարդն ապրում աշխարհում» էսսեն կարդալուց հետո միանշանակ ճիշտ ընտրություն ես համարում: Երկարաշունչ էսսե չէ, բայց առաջին տողից մինչև վերջ պարզաբանում է հարցը: Էսսեն վերնագրված է «Ինչու է մարդն ապրում աշխարհում կամ նապաստակի կարծիքը»: Վերնագրի վերջին հատվածը առաջին մասի խիստ լրջությունը մի քիչ կոտրում է ու դրանով էլ հետաքրքրացնում: Իսկ թե ինչու նապաստակի կարծիքը, միայն հայտնի է դառնում էսսեի վերջում:
Էսսեն սկսվում է հետևյալ մտքով՝ մարդն ապրում է աշխարհում ստեղծագործական աշխատանք անելու համար: Հետո հերթով բացատրվում է, թե ինչու աշխատանք, ինչու ստեղծագործական: Էսսեի առաջին հատվածում քեզ թվում է, որ ահա, դու գտար պատասխանը, ի վերջո, ինչու է մարդն ապրում աշխարհում, բայց քիչ հետո հասկանում ես, որ դա ընդամենը վարկած էր: Ըստ հեղինակի, գուցե երջանկության համար է ապրում: Բայց հեղինակն ինքն էլ չգիտի, թե երջանկությունն ինչ է: Երջանկության ու ստեղծագործական աշխատանքի արանքում մի հետաքրքիր բան կա: Հաճույքը: Օրինակ այն, որ աշխատանքը հաճույք է պատճառում: Ինչու է հաճույքն այդքան կարևոր: Գրքից այս միտքը ընդգծել եմ, որովհետև շատ մերօրյա բան է: Ասում է. «Մարդ հաստատ չի ապրում տառապելու համար: Նա համաձայն է տառապել մի քիչ, չափավոր՝ ասենք չարքաշ աշխատելով կամ պարտքից դրդված՝ որպեսզի հետո հաճույք ստանա»: Եվ սա իրականություն է: Մենք՝ մարդիկս, հաճույքի համար ենք անում գրեթե ամեն ինչ: Բայց հաճույքն էլ չէ: Հեղինակը բազում տարբերակներ է ստեղծել ու իր ընթերցողի հետ քննարկում: Օրինակ, հնարավոր է՝ մարդը գոյատևելու համար է ապրում: Սակայն ինչպես էսսեում է ասվում՝ սա ցածր նպատակ է: Հետո առաջ է գալիս մեկ այլ հարց: Ուրեմն, ի՞նչ է մարդը: Մարդը բնության շոշափուկն է: Այս մտքին դեռ էլի կգանք: Հազիվ փորձում ենք հասկանալ` ինչ է մարդը, որն է լավ և որն է վատ մարդը, երբ մի ուրիշ կարևոր միտք է առաջ քաշվում: Այս միտքը յուրահատուկ է նրանով, որ բացարձակ ճշմարտություն է հատկապես ներկա պահի համար, հատկապես Հայաստանի համար: Միտքը, որ գրողի սերունդը ապրում է ավելի լավ պայմաններում, քան բոլոր սերունդները մինչ նրա սերնդի, միանշանակ ճիշտ է: Իսկ այն, որ գրողի սերնդից հետո եկող սերունդները էլ ավելի լավ են ապրում, չհաշված, իհարկե, զոռով պատերազմ ուղարկվողներին, այ սա ստիպում է մի պահ կանգ առնել, մտածել սրա մասին, և միայն մտածելուց հետո շարունակել կարդալ: Այն, որ ամեն հաջորդ սերունդ ավելի լավ է ապրում, աքսիոմա է, ուրեմն ինչպես են ապրում  «զոռով պատերազմ ուղարկվողները»: Պատերազմ բառի շուրջ էս բառակապացությունը չեմ ուզում շատ քննարկել, բայց ցավոք, չափազանց ճիշտ են շարված այդ երեք բառերը:
Հեղինակն ասում է, որ հաճախ այս ամենը շփոթում են մարդու էգոիզմի հետ, ոմանց կարծիքով մարդ ամեն ինչ անում է իր էգոիզմի պատճառով: Սակայն սա ճիշտ չէ, քանի որ մարդը բնության շոշափուկն է, այսինքն մասնիկը, և մարդկությունը պարզապես հաճախ սխալվում է, հիմքում դնելով կա՛մ միայն անհատին, կա՛մ միայն ոչ անհատին՝ հանրությունը, բնությունը: Մարդն ազատ է ու շատ իրավունքներ ունի, սակայն բնությունն անհատից մեծ է ու գերիշխող: Ստացվում է, որ մարդը անկախ և միաժամանակ կախյալ օղակ է:

Էսսեից շատ հավանել եմ այն միտքը, որ այս ամենը մեծ շանսեր է տալիս մարդուն՝ և՛ ազատ գործելու, և՛ մխիթարվելու, եթե չկարողացավ: Եվ էլ ավելի մեծ շանսեր է տալիս՝ հասկանալու, թե բնությունը մարդուց ինչ է ուզում, և աշխատելու այդ ուղղությամբ: Չէ որ մխիթարանքը հաճախ միակ միջոցն է ինքդ քեզ հանգստացնելու և մեկ այլ նոր բան սկսելու: Եվ չէ որ մեզ պետք է հասկանալ, թե ինչպես անել ու որտեղից սկսել, ինչն առավել դժվար է դառնում, երբ չգիտես, թե քեզնից ինչ է ուզում բնությունը: Սա տարբերվում է մարքսիզմից, ըստ որի բնությանը պետք է հաղթել ու ոչնչացնել կամ կարևորը պետությունն է, և ոչ թե մարդը: Մխիթարանքի հետ կապված մի բան էլ, ասում է՝ եթե ապրում ես ու ստեղծագործում, ու գիտես դա՝ լավ է, ու մխիթարված ես, եթե ոչ երջանիկ: Եթե ապրում ես ու չի ստացվում՝ եթե գիտես, որ դու մեծի մաս ես՝ էլի մխիթարանք է: Իրականում տխուր է լինել մխիթարված, այլ ոչ երջանիկ, բայց դա հաճախ ևս ընտրություն է, որ մարդն է կատարում ու որոշում լինել երջանիկ, թե մխիթարված: Ու մարդիկ առավել հաճախ ընտրում են մխիթարված լինելը՝ կարծելով, որ երջանկությունը մի քիչ այլ բան է:
Էսսեն 2014 թվականին է գրվել, այսինքն, ուղիղ 5 տարի առաջ: Հետևյալ միտքը, որ առանձնացրել եմ, ներկայացնում եմ առանց մեկնաբանության՝ հուսալով, որ գլխի կընկնեք: «Երբ ու եթե փոքրամասնությունն իրեն կրկին ուժեղ զգաց, իր միասնական ուժը կառուցեց՝ նա կփոխի իրադրությունը»:

Կորուստներից ու անհետացումից է խոսվում, ասվում է՝ ճիշտն այն է, որ անհետանում է մի բան, տեղ տալով նորին, որն իր մեջ կրում է հինը, քանի որ հինն անհետանալ չի կարող, այն փոխակերպվում է: Եվ փաստորեն մեր հիմնական նպատակն այն է, որ երբ հինն անհետանալու է՝ այնպես անել՝ որ չանհետանա, այլ փոխակերպվի: Դա մեզ հաջողվել է ու հաջողվում է:
«Այսօր մարդն ավելի շատ ինֆոմացիա ունի չարի մասին, ու իրեն թվում է, թե չարն ավելացել է»: Հեղինակն ասում է, որ իրականում երկու բան է եղել. նախ ինֆորմացիան է հասանելի դարձել, և մարդկանց քանակն է ավելացել, այս երկուսը համադրելով մեզ թվում է, թե չարն ավելացել է: Բայց ոչ թե ավելացել է, այլ չարի մասին մեր գիտելիքն է ավելացել: Ինֆորմացիայի դարում մեզ երբեմն դժվար է ընտրել, թե որ ինֆորմացիան է մեզ պետք, հաճախ մենք փորձում ենք կանգ առնել ու պարզապես գլուխ հանել այդ ամենից: Սակայն հեղինակն ասում է, որ կանգ առնելու կարիք չկա, քանի որ ոչ ոք չի պատրաստվում կանգնեցնել բնության զարգացման ընթացքը, և մարդը երբեք չի հանդիպել իրադրության, որը չկարողանար հաղթահարել: Ուրեմն սա էլ է հաղթահարելի:
Լավ, իսկ ինչ են բնությունը, կենդանին և ֆլորան: Ըստ էսսեի՝ նրանք բոլորը թերմարդ են: Ու սրա մեջ ճշմարտություն կա: Եթե նրանք ավելի քիչ հնարավորություն ունեն իրենց արտահայտել, ապա դա նրանից է, որ այդ հնարավորության ավելի մեծ չափը տրված է մեզ, և մենք պետք է նրանց խոսեցնենք, խնամենք:
Այն, որ Հայաստանը դատարկվել է կենդանիներից և որ Հայաստանը կեղտոտ է, մեզ շատ է մտահոգում: Ճիշտ է, ուրիշ տեղեր էլ նույն վիճակն է, «բայց սա քո տունն է: Հայաստանի բնությունն ափսոս է»:
Բայց ամեն բան պարզ ու միանշանակ չէ իհարկե, ու մարդ կարող է սխալվել ցանկացած հարցում, ցանկացած ընտրության մեջ: Վերջաբանում ասվում է՝ սխալի հավանականությունը փոքրացնելու համար՝ խորհրդակցիր ու նաև լսիր ուրիշների կարծիքը, նաև՝ նապաստակի: Եվ դրա համար նրան մի ոչնչացրու… Ահա ինչու է էսսեն վերնագրված «Ինչու է մարդն ապրում աշխարհում կամ նապաստակի կարծիքը»:
Չեմ ասի, որ կարդացածս լավագույն էսսեներից է, բայց խորհուրդ եմ տալիս կարդալ ու լիքը բան սովորել: Բարի ընթերցում: