Անելանելի երազներից մինչև մոդուլով սեր

Սենյակում, չգիտեմ ինչու, մութ է, ես էլ, չգիտեմ ինչու, պառկած եմ, բայց դա կապ չունի, ես պարզ նախադասությունները փոխակերպում եմ բարդի: Ես շատ կարևոր գործ եմ անում, շատ: Ինչ-որ զարթուցիչիս ձայնին նման ձայն է լսվում: Միայն թե ոչ հիմա, ախր ես փոխակերպումներ եմ անում, չի կարելի հիմա արթնանալ: Հինգ րոպեից, գոնե հինգ րոպեից, գոնե մի նախադասություն էլ գրեմ, նոր: Զարթուցիչս ձայնը չի կտրում: Ես ամուր զգում եմ գրիչը ձեռքերիս մեջ: Գրի՞չ, ձեռքերիս մե՞ջ, հիմա հաստատ բարձս կթանաքոտեմ: Զարթուցիչի ձայնը գնալով ուժեղանում է: Ի՞նչ գրիչ, ձեռքերիս մե՞ջ, անկողնու՞մ: Հա, էլի իմ աննորմալ երազներից էր: Լավ է արթնացա: Մի կերպ բացում եմ աչքերս, կամ հաճախ չեմ էլ բացում ու սողում եմ դեպի լոգարան: Կարևորը վեր կենալն է, արթնանալը` հետո: Պատրաստվում եմ ու գնում դեպի կանգառ, որ դպրոց գնամ: Երթուղայինում գարնանային հաճելի արևը ընկնում է վրաս, աչքերս նորից փակվում են: 

-Արագացրու, Մարիամ, արագացրու:

-Չէ, ես չգիտեմ պատասխանը: Իսկ գուցե հատույթը AC կողմո՞վ է անցնում:

-Ես չգիտեմ:

-Դու հիմա բաց կթողնես կանգառդ: Դու պետք է լուծես խնդիրը, թե չէ չես կարող իջնել:

Կանգառը մոտենում է: Ես պետք է լուծեմ տարածաչափական բարդ խնդիրը, թե չէ չեմ կարողանա իջնել: Տագնապը ուժեղանում է, և ես զգում եմ սրտիս զարկերը: Մտածիր, մտածիր, մտածիր, թե չէ հավերժ երթուղայինում կմնաս: Վախն ավելի է ուժեղանում ու վերջապես բացում եմ աչքերս:

-Կանգառում կկանգնեք:

Ինչ լավ է, որ իրականում երթուղայինի դռների վրա ծածկագիր չկա երկրաչափության խնդրի տեսքով: Լուծիր խնդիրը, թե չէ հավերժ քնած կմնաս, կամ երթուղայինի մեջ: Ինչ լավ է, որ սրանք ընդամենը իմ երազներն են, արդեն սովորական դարձած իմ հիմար երազները: Դպրոցի մոտ ինչ-որ կատվի հետևից եմ ընկնում ու գնում դասի:

-Էլի փիսոների հետևի՞ց էիր վազում,- հարցնում է ընկերուհիս:

-Հա,- պատասխանում եմ ես ու տեսնելով մշտական դեմքը` ինձնից ու իմ փիսոներից հոգնած, շարունակում եմ,- չէ, դու չես հասկանում: Իմ սերը փիսոների նկատմամբ բացարձակ ա, մոդուլով, հասկանու՞մ ես: Ես իրանց սիրում եմ առանց հպարտության, ուրիշ ոչ մի բան ես մոդուլով չեմ սիրում: Ես փիսոների հետևից վազում եմ իմ հպարտությունը մոռացած, ընդհանրապես ինձ մոռացած, հասկանու՞մ ես,- նկատելով, որ էլ ինձ ոչ ոք չի լսում, ձայնս կտրում եմ: Մոդուլով սեր, բան գտա ասելու:

Ուղղակի երևի մաթեմատիկան մի քիչ վրաս ազդել է: Արդեն կատակներս էլ են մոդուլով, մոդուլից դուրս են գալիս առանց հումորի զգացումի:

-Մարիամ, հասնու՞մ ես:

-Արմատ տասը րոպեից տանը կլինեմ:

«Արմատ տասը, շատ զվարճալի էր»,- ինքս ինձ ձեռ եմ առնում ամեն հիմար կատակից հետո: «Il vaut mieux երկխոսություններդ անգիր անես»: Ինքս ինձ ձեռ առնելու պատճառներից մեկն էլ վերջերս հայտնաբերած «շնորհս» է: Ես ոչինչ չեմ կարողանում անգիր անել: Նկատելով այս հատկությունս ուսուցիչներս տարբեր ռեակցիաներ տվեցին:

-Պետք էլ չի, շատ լավ, ամեն ինչ մտածելով կանես,- ասաց մաթեմիս դասախոսը:

-Ոչինչ, Մարիամ ջան, փորձիր կապել ինչ-որ բանի հետ, որ հիշես,- մխիթարեց ֆրանսերենի ուսուցչուհիս, որովհետև ֆրանսերենում պետք է գալիս ինչ-որ բաներ պարզապես հիշել: Ֆրանսերենը ուրիշ է:

-Թարգմանություն կանենք մինչև 40-ը,- հայտարարեց պարապմունքի վերջում ուսուցչուհիս:

-Բա՞ց միջակայք, թե՞ փակ,- հարցրի ես ու զարմացա, թե ինչու է ամբողջ խումբս ժպիտով ինձ նայում: -Նկատի ունեմ 40-ը ներառյա՞լ:

Իսկ հիմա այդ արտահայտությունը դարձել է մեր խմբի մշտական արտահայտություններից մեկը, բոլորն էլ արդեն այդպես են ասում` բաց միջակայք, կամ փակ…

Չգիտեմ ուղղանկյուն սեղանը փոքր հիմքի շուրջը պտտելիս ինչ պատկեր է ստացվում, բայց ինձ արդեն մի քիչ արձակուրդ է հարկավոր: