Աննա Էզդանյան

Բերդավանի մեկ օրը

Ողջույն: Ես Աննան եմ, 17 տարեկան:  Ծնվել և մեծացել եմ Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որը գտնվում է ադրբեջանական սահմանից 2 կմ հեռավորության վրա: Գյուղի շրջակայքում է գտնվում Ղալինջաքարբերդ ամրոցը, որը կառուցվել է դեռևս 13-րդ դարում: Ըստ որոշ տվյալների, այդտեղ է եղել նաև Աշոտ Երկաթը իր զորքով:

Ընտանիքս բաղկացած է 4 հոգուց` հայրս, մայրս, եղբայրս և ես: Ընտանիքիս գլխավորը հայրս է, ով աշխատում է ալյուրի արտադրամասում: Նա աֆղանական և հայ-ադրբեջանական պատերազմների մասնակից է, ունի բազմաթիվ շքանշաններ և պատվոգրեր: Տան հաջորդ անդամը, ով ամբողջ օրը ոտքի վրա է,  մայրս է: Նա փորձում է ամեն ինչ անել, որպեսզի մենք ոչ մի բանի պակասություն չզգանք: Մայրս բանասեր է և աշխատում է գյուղի դպրոցում որպես ուսուցչուհի: Տան կրտսերը եղբայրս է` Արտյոմը, ով սովորում է  7-րդ դասարանում: Արտյոմը  զբաղվում է ֆուտբոլով և երազում է ֆուտբոլիստ դառնալ:

Այժմ պատմեմ իմ մասին: 2-րդ դասարանից հաճախել եմ երաժշտական դպրոց, որտեղ սովորել եմ 7 տարի դաշնամուրային բաժնում: Դեռ փոքր հասակից շատ եմ սիրել նվագել և երգել: Երազանքներիցս մեկը երգչուհի դառնալն էր, սակայն հայրս միշտ ասում էր. «Դա քու բանը չի: Նստի` դասերովդ զբաղվի»:

Քանի որ այս տարի ավարտում եմ դպրոցը, արդեն որոշել եմ ապագա մասնագիտությունս և ուզում եմ դառնալ տնտեսագետ: Անդամակցում եմ մի քանի կազմակերպությունների:                                                  Մասնակցում եմ գրեթե բոլոր ծրագրերին, որոնք անց են կացվում մեր գյուղում: Մեր դպրոցում նաև աշակերտական խորհրդի անդամ եմ` տեղեկատվական  բաժնի ղեկավար: Դպրոցն ունի բասկետբոլի  խմբակ, որում ներառված եմ նաև ես: Ահա այսպիսին եմ ես: Չգիտեմ` կարողացա՞ պատկերացում տալ իմ մասին, թե ոչ, բայց հույս ունեմ, որ հետագայում նույնպես կգրեմ նյութեր իմ, ընկերներիս, ընտանիքիս և այլ թեմաներով, որոնք կհետաքրքրեն ձեզ: Սա իմ կյանքն է ամենօրյա, իմ և իմ հասակակիցների առօրյան, սակայն մի օր այս ամենը խառնվեց իրար և ասես, կանգ առավ:

2015 թ… Սեպտեմբերի 24-ը… Բերդավանում խաղաղ օր էր, բայց աղետալի ավարտ ունեցավ: Մինչև հիմա հիշում եմ: Ժամը մոտավորապես 5:30-ի սահմաններում էր, երբ լսվեց մի բարձր ձայն: Մարդկանց մի մասը դրսում հողագործությամբ էր զբաղված, մի մասը աշխատանքի վայրում էր, իսկ մի խումբ երեխաներ գյուղի մերձակայքում գտնվող մարզադաշտում ֆուտբոլ էին պարապում: Մարդիկ նույնիսկ չէին պատկերացնում թե ինչ կարող էր լինել: Բոլորը թաքնվելու փոխարեն դուրս էին եկել և գոռում էին.  «Էս ո՞ւմ տանն ա դիբե՜լ, էս ո՞ւմ տանն ա դիբե՜լ»:  Բարձր ճիչեր… Մանկան լաց…

Գնդակոծությունը շարունակվեց մոտավորապես 2 ժամ: Հակառակորդը ինտենսիվորեն կրակ էր բացել ոչ միայն դիրքերի, այլև բնակավայրի վրա: Հակառակորդը կրակ էր բացել մշակույթի տան, մանկապարտեզի, ինչպես նաև երաժշտական դպրոցի և բնակելի տների ուղղությամբ: Այդ ընթացքում եղան անմեղ զոհեր, վիրավորներ: Ազերիների գնդակին զոհ գնացին 90-ամյա Շուշան Ասատրյանը, ով գտնվում էր հենց իրենց տան ներսում և 40-ամյա Սոնա Ռևազյանը, ով եղել էր իրենց բակում:

Որոշ մարդիկ գյուղից դուրս էին հանում երեխաներին, որոշներն էլ պնդում էին, որ եթե իրենք գյուղից հեռանան, էլ ով պետք է պահի գյուղը: Գնդակոծությունը ծանր հետք թողեց մարդկանց սրտերում, որը վերականգնել այլևս հնարավոր չէ:

Գնդակոծության հենց հաջորդ օրը ժամանեցին բարեգործական խմբեր, մի շարք լրագրողներ, գրանցեցին կորստի չափը և սկսեցին օգնություն ցուցաբերել:

Ավերվել էին մշակույթի տան պատուհանների և աստիճանների մի մասը, երաժշտական դպրոցի պատուհանների մի մասը, և շուրջ բոլորը կիսավեր տներ էին:

Այդ դեպքից հետո գրեթե ամեն շաբաթ գալիս էին տարբեր կազմակերպություններից և սովորեցնում էին, թե ինչպես պետք է պաշտպանվել կրակոցների ժամանակ: Սա նույնպես ես համարում եմ բարեգործական աշխատանք: Մենք մեզ մենակ չէինք զգում: Ես համոզվեցի, որ մեր օրերում էլ կան մարդիկ, ովքեր դեռևս մտածում են ոչ միայն իրենց՝ այլ նաև դիմացինների մասին:

Հիմա Բերդավանում կյանքն էլի իր հունով է ընթանում, ինչպես այդ աղետալի օրից առաջ: Շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր կազմակերպություններին և անձանց, ովքեր աջակցել են մեզ վերականգնել կորուստները: