mariam tonoyan

Անընդհատ շարժում

Ահա վերցնում եմ քննական հարցերի պատասխաններ խզմզելուց հոգնած գրիչս ու երկար դադարից հետո վերջապես գրում հերթական հոդվածս։

Վերջերս ամենուր լսում եմ. «Մեր հայերը ուրիշ են, էլի…» արտահայտությունը։ Իրոք, մտածում եմ, մենք՝ հայերս‚ շատ տարբերվող ազգ ենք։ Մենք տարբերվում ենք մյուս ազգերից մեր թե՛ դրական, թե՛ բացասական առանձնահատկություններով։
Քայլում եմ դրսում, վայելում հայրենի հրաշագեղ բնությունը, մտածում եմ մեր ազգային սովորույթների, մեր կարծրատիպերի մասին, նայում նորակառույց շենքերին, շրջող մարդկանց… Մեկ էլ, հո՜պ… Մի գեղեցիկ հայուհի է անցնում կողքովս՝ չադրա հիշեցնող երկար ու գորշ զգեստ հագած, մազերը գույնզգույն ներկած, ձեռքերին էլ վերջերս մոդայիկ դարձած հնդկական «մեհենդի» կոչվող զարդարանքներով շպարված։

Սկսում եմ ուշադրություն դարձնել կողքովս անցնող անծանոթ մարդկանց հագուկապին, նկատում, որ այն հայերը, որոնց ես տարբերվող էի համարում, այժմ բոլորովին նման են ոչ միայն միմյանց, այլև մնացած ազգերին՝ կորզելով յուրաքանչյուրից ազգային մի աննշան նմուշ։ Մի՞թե մենք ի զորու ենք ուրանալ մեր ազգայինը, հանուն «մոդայիկ եվրոպականի կամ հնդկականի», մի՞թե իմ տարբերվող ազգը ձուլվում է օտարներին… Օտարապաշտություն. ահա թե ինչն է խանգարում հայ ազգի ծաղկմանն ու բարգավաճմանը իր սեփական ուղով։
Ամոթ է, երբ երիտասարդ հայը չի տարբերում հայկական ազգային տարազը այլ ազգային հագուկապից, երբ օգտագործում է օտար բառեր իր խոսքում, որի համարժեք հայերենը չգիտի, երբ ազգային երաժշտությունը լսելիս ոչ թե հպարտությամբ պարում է, այլ անտարբեր խնդրում փոխել երաժշտությունը, որովհետև դա հնացել է արդեն:
Իսկ արժե՞ մտածել՝ ինչ ազգություն են ունենալու մեր ապագա հայորդիները, որոնց ծնողները միայն լսել են, որ հայեր են, այնինչ սերնդեսերունդ փոխանցելու ոչինչ չունեն։ Արժե՞։ Անշու՛շտ։ Բոլորս էլ կանցնենք, կգնանք, բայց գոնե կարողանանք մեր սերունդներին դաստիարակել հայավարի։
Կյանքը շարժում է, բնության մեջ հանգիստ կոչվածը միայն տերմին է, որը իրականում չի գործում։ Շարժումը նույնիսկ մահվան մեջ է։ Մինչև անգամ դիակի քայքայումն է շարժման ձև։ Աշխարհում ամեն ինչ շարժման մեջ է՝ տիեզերքը, բնությունը, մենք ինքներս։ Անգամ երբ քնում ենք, մեր սրտխփոցից մեր արյունը վազում է մեր երակներով։ Ապրենք այնպես, որ կյանքի այս շարժման հետ համատեղ ընթանա նաև հայ ազգը, չկորցնելով ազգային դիմագիծն ու հավերժ հարատևի։