argam voskanyan

Անկախության սերունդը

Մեծերի խոսքի մեջ շատ եմ լսել նմանատիպ նախադասություն.

-Էս սերունդը պիտանի չի:

Շատ ժամանակ որոշ մարդկանց հետ վեճի եմ բռնվել այս հարցի շուրջ, ովքեր պնդում էին, որ մեր սերունդը չի կարող երկիր պահել: Ինձ միշտ թվացել է որ իմ երկրը ազատ է, բայց որոշ ժամանակ անց հենց այդ հին սերնդի շնորհիվ սկսեցի մտածել, որ մեր երկիրը ազատ չէ: Մոտ երկու տարի առաջ հասկացա, որ անկախությունը տարատեսակ զենքեր և հզոր երկիր ունենալու մեջ չէ, այլ մարդկանց մտածելակերպի:

Հին սերունդը, ասելով, որ մենք անկախ չենք, մոռանում է, որ հենց իրենք են պայքարել այդ նույն անկախության համար: Երբեմն մեզ քննադատողներին թվում է, որ անկախ նշանակում է` լինել հզոր պետություն, բայց ավելի հեշտ է քննադատել իշխանությանն ու ասել. «Երկիրը երկիր չի», քան նպաստել այդ նույն երկրի հզորացմանը: Տպավորություն ստեղծվեց, թե ես էլ իմ հերթին եմ քննադատում հին սերնդին, բայց ես միայն ցանկանում եմ ցույց տալ մեր սերնդի լավ կողմերը և որոշ մարդկանց մեջ վստահություն ներշնչել դեպի մեր սերունդը:

Մարդկանց մեջ թերահավատությունը մեր սերնդի հանդեպ տիրում էր մինչև 2016 թվականի ապրիլը: Ապրիլյան պատերազմը որոշ չափով փոխեց հին սերնդի կարծիքը նոր սերնդի մասին, երբ ինձնից երկու տարով մեծ իմ եղբայրները կանգնեցին սահմանին ու կռվեցին հանուն հայրենիքի: Մենք ապացուցեցինք, որ կարող ենք անել այն, ինչ չեն արել հին սերնդի ներկայացուցիչները: Մենք կարող ենք երկիր կառուցել, մեզ պետք չէ քննադատել, ապագան հուսալի ձեռքերում է:

Մի քանի օր առաջ փողոցով քայլելիս պատահաբար լսեցի երկու տղաների խոսակցություն. նրանցից մեկն ասում էր, որ չի ցանկանում բանակ գնալ, իսկ մյուս ընկերը պնդում էր հակառակը, որ բանակ գնալը ամեն հայի պարտքն է: Տուն հասա և սկսեցի մտածել, թե արդյո՞ք երիտասարդներից որի կարծիքն էր ճիշտ, ու նորից վերադարձա նույն հարցին` մենք անկա՞խ ենք, թե՞ ոչ:

Հենց այդ պահին մտքիս եկավ Արցախյան պատերազմը` հանուն ինչի՞ զոհվեցին մեր հարազատները: Ու միանգամից գտա հարցի պատասխանը` հանուն մեզ: Եթե ոչ ոք չգնա բանակ, մենք կկորցնենք այդքան մեծ կորուստների գնով վաստակած անկախությունը ու կթերթենք մեր պատմության վերջին, բայց ամեն դեպքում փառավոր էջը:

Եթե յուրաքանչյուր հայ իր մեջ ուժ գտնի պայքարելու, հաստատ երկիրը երկիր կդառնա: