Անձրևներ են

Լուսանկարը` Վիրսավիյա Դանիելյանի

Լուսանկարը` Վիրսավիյա Դանիելյանի

Գիշեր է: Լռություն: Դե, հարաբերական: Լսում եմ անձրևի ձայնը. երկինքը լացում է… Շատ եմ սիրում անձրևը: Մի տեսակ սենտիմենտալություն կա նրանում: Հետո, զգացե՞լ եք, անձրևից հետո ամեն ինչ կարծես նոր է դառնում՝ օդը, բնությունը… Երանի թե անձրևը մարդկանց սրտերն էլ մաքրեր չարությունից, այնպես, ինչպես բնությունն է մաքրում: Հետաքրքիր կլիներ, չէ՞: Մի գեղեցիկ օր ուտոպիական հասարակություն կունենայինք, որտեղ կիշխեր բարությունը, սերը, գիտելիքը…

Ավաղ, անձրևն ի զորու չէ դրան:

Ֆիզիկայի տեսանկյունից, անձրևը հասարակ ֆիզիկական երևույթ է, բայց ես անսահման գեղեցկություն եմ գտնում նրանում, իսկ հոգիս խաղաղվում է: Այս դեպքում՝ գեղեցիկն ու շքեղը հասարակի մեջ է:

-Ես չեմ հասկանում. ի՞նչ կա սիրելու, անձրև է, էլի:

-Ցեխոտ ճանապարհներից ի՞նչ հաճույք կարելի է ստանալ:

-Կամ թրջվելու հաճույքը ո՞րն ա:

Հաճախ եմ լսում: Երբևէ փորձե՞լ եք այս ամենից ավելին տեսնել: Ուղղակի հնարավոր չէ «ավելին»ը բառերով ներկայացնել:

Կամ, ասենք, կյանքն էլ անձրևի պես է. կան և՜ «ցեխոտ ճանապարհներ», և՜ ձանձրանալու աստիճան հասարակ պահեր, երբեմն էլ կյանքը տեղատարափ անձրևի պես փորձություններ է տեղում վրադ, և այդ փորձություններից անտանելի «թրջվում» ես ու սկզբում սարսռում: Բայց հետո… Քիչ-քիչ համակերպվում ես և, ավելին, կարողանում ես ժպտալ: Բայց բոլորս էլ սիրում ենք, չէ՞ կյանքը: Ուրեմն ինչո՞ւ անձրևն էլ չսիրել…

«Դու չե՞ս փորձել, շատ բան մարդ տեսնում է զգալով»: Նար-Դոսի «Սպանված աղավնին» գրքում եմ կարդացել:

Փորձենք այսուհետ նոր աչքերով ու նոր սրտով նայել (զգալ) ու բավականություն ստանալ անձրևային օրերից: