Եվրոպայի հետ միասին

-Բարև ձեզ, իմ անունը Մարիամ է, ես ներկայացնում եմ 17.am պատանի թղթակիցների ցանցը…,- իմ ամենաշատ օգտագործվող արտահայտությունը:

Այս տարի առաջին անգամ Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությանը ներկայացա որպես լրագրող, ոչ թե ուղղակի հանդիսատես: Անկեղծ ասած, մի տեսակ տարօրինակ էի ինձ զգում այդ դերում, սկզբում ուղղակի նկարում էի, չգիտեի էլ ոնց սկսեմ մարդկանց հետ խոսել: Եվ այսպես հանգիստ կանգնած նկարում էի, մեկ էլ մի աղջիկ մոտեցավ և հարցրեց.

-Դուք մամուլի՞ց եք:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Չհասցրեցի էլ այո ասել, ձեռքիցս բռնեց և տարավ ուրիշ լրագրողների մոտ, ասելով, որ մամլո ասուլիսը սկսվել է: Մամլո ասուլիսը ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ էր: Վերջապես անցա աշխատանքիս, միացրեցի ձայնագրիչը, տեսախցիկս վերցրեցի ձեռքս և սկսեցի:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Բարև ձեզ, մենք շատ ուրախ ենք լինել Վանաձորում: Մենք այստեղ ենք Եվրոպայի օրը նշելու նպատակով: Ինչպես գիտեք, Եվրոպայի օրը նշելու տոնակատարությունները սկսել ենք Գյումրիից, և այսօր մենք Վանաձորում ենք: Վանաձորը, որպես քաղաք կարևոր է մեզ համար, ոչ միայն իր գեղատեսիլ բնությամբ, այլ նաև նրանով, որ ունի խելացի և ակտիվ երիտասարդություն: Եվրոպայի օրը այս տարի տոնվում է հետևյալ կարգախոսով` «Եվրոպան Հայաստանի համար»: Եվրամիությունը Հայաստանում ամենամեծ նվիրատուն է: Աշխարհի բոլոր երկրներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ընդհանուր աջակցության 50%-ից ավելին տրամադրվում է Եվրամիության երկրների կողմից: Մենք ցանկանում ենք, որ Եվրամիությունը ավելի ակտիվ աշխատանք ծավալի մարզերում և հատկապես ավելի ակտիվ լինի այնպիսի քաղաքներում` ինչպիսին Վանաձորն է,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լրագրողներից մեկը հարց տվեց, թե ինչ ծրագրեր է իրականացնում Եվրամիությունը Հայաստանում, և ինչպսի ներդրումներ են կատարվում այդ ծրագրերը իրականացնելու համար:

-Այս պահին մենք դեռ աշխատում ենք մի շարք բավականին կարևոր փաստաթղթերի մշակման ուղղությամբ: Որոշ ծրագրեր դեռ քննարկվում են: Հայաստանին աջակցելու վերաբերյալ կա փաստաթուղթ` սահմանված մինչև 2020թ-ը, որը այժմ քննարկվում է Բրյուսելում, և դեռ պետք է պաշտոնապես հաստատվի: Բացի այս, փաստաթուղթը կան ևս երկու փաստաթղթեր, որոնցից մեկը նախատեսված է 2017-2019թթ-ի համար: Այս պահին մենք իրականացնում ենք ծրագրեր, որոնք վերաբերվում են ճանապարհաշինարարությանը (Եվրամիությունը արդեն աջակցում է Հյուսիս-հարավ ճանապարհի որոշ հատվածների կառուցմանը), փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը (Եվրամիության գործընկեր կազմակերպությունները պատրաստվում են իրականացնել երկու մեծ ծրագրեր՝ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը նպաստելու համար):

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Բազմամիլիոնանոց ծրագրեր են սպասվում գյուղատնտեսության մեջ: Կան արդեն գործող ծրագրեր, որոնցից մեկը «ENPARD» ծրագիրն է (ծրագրի նպատակը` աջակցել գյուղատնտեսական կառույցներին, նպաստել ֆերմերների ասոցիացիաների զարգացմանը և բարելավել սննդի հասանելիությունը): Այս ծրագիրը մենք համարում ենք ամենահաջողվածներից մեկը: Արդարադատության ոլորտում` իրավական բարեփոխումների համար, մինչ օրս 15 մլն եվրո է ծախսվել, և աջակցությունը շարունակվում է: Հայաստանում մի քանի դատարանների շենքեր են վերակառուցվել: Ինչպես արդեն նկատեցիք, մեր ծրագրերի ցանկը իսկապես բավականին հարուստ է, և մենք շարունակելու ենք մեր ծրագրերը, սկսելով նաև նորերը: Ամեն շաբաթ Եվրամիությունը Հայաստանի վրա ծախսում է 1 մլն եվրո, և դա բավականին մեծ գումար է:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Այս բոլոր ծրագրերի մասին լսելուց հետո որոշեցի հարցնել, թե ի՞նչ միջոցառումներ են իրականացվում երիտասարդների և պատանիների համար: Պատասխանը եղավ այն, որ Եվրամիությունը ակտիվորեն խրախուսում է այն երիտասարդներին, ովքեր ունեն հետաքրքիր գաղափարներ և բիզնես ծրագրեր: Եվրամիության կողմից աջակցություն ստացած և հաջողված ծրագրերից մեկը «Erasmus+»-ն է, որը բավականին օգտակար է եղել երիտասարդների համար (ծրագիրը նախատեսված է Եվրոպական երկրներում կրթություն ստանալու համար):

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Ինչպես միշտ, Եվրոպայի օրը նշելիս ավանդական են Հայքի հրապարակի կենտրոնում` բեմի հետևում, տեղավորված տաղավարները, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է Եվրամիության կողմից իրականացվող կամ ֆինանսավորվող որևէ ծրագիր:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Հիշում եք, որ ամենասկզբում ասացի, որ ինձ ներկայացնող արտահայտությունը շատ էի օգտագործում: Պատճառն այն է, որ ես հերթով մոտենում էի բոլոր տաղավարներին, ներկայանում և ծանոթանում ծրագրերին: Բոլորի մասին խոսել չեմ կարող, որովհետև ցավոք աղմուկի պատճառով շատ ձայնագրություններ անիմաստ բնույթ են կրում, և բացի այդ էլ, բա այդքանի մասին խոսել կլինի՞: Դրա համար կառանձնացնեմ տաղավարներից մի քանիսը:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Առաջինը կցանկանայի խոսել «Նետոյի առասպել»-ի մասին: «Նետոյի առասպել»-ը խաղ է, որի միջոցով ներկայացվում են կոռուպցիայի հետևանքները: Խաղի հերոսը գտնվում է մի ֆանտաստիկ աշխարհում, և նա նկատում է, որ իր քաղաքում անարդարություններ են կատարվում: Եվ հերոսը սկսում է գտնել անարդարություններ իրականացնողներին և փորձում է խնդիրներին լուծումներ տալ:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Այս ծրագիրը իրականացնում է «Թումո» կենտրոնը` Եվրամիության հետ համատեղ: Խաղը հասանելի է «Play Market»-ում: Անպայման ներբեռնելու եմ, սիրում եմ մեր հայկական արտադրության խաղերը:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Հաջորդ տաղավարը ներկայացնում էր ոչ թե ծրագիր, այլ եվրոպական երկիր` Շվեդիան: Շվեդիան ներկայացված էր որպես կանաչ երկիր, ներկայացված էր շվեդական խոհանոցը և իհարկե ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ուսանել Շվեդիայում:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Բոլոր տաղավարների ծրագրերին հերթով ծանոթանում էր նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Երկար սպասելուց հետո, վերջին տաղավարի մոտ կարողացա քաղաքապետին մի քանի հարց ուղղել:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք անել, որպեսզի Եվրոպական միությունը ավելի շատ ներդրումներ կատարի Վանաձորում և ավելի շատ ծրագրեր անցկացնի այստեղ:

-Մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Մասնակցում ենք Եվրամիության կողմից տրամադրվող դրամաշնորհային մրցույթներին: Այսօր մենք բանակցություններ ենք վարում Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի հետ, որպեսզի քաղաքի զարգացմանը ուղղված հարցերով կարողանանք վարկեր վերցնել: Եվրոպական տարբեր կառույցների հետ մեր համագործակցությունը բազմակողմանի է և արդյունավետ:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

-Քաղաքացիների իրավունքներին վերաբերվող ծրագրերը, որոնք իրականացնում է Եվոպական միությունը արդյո՞ք ռեալ ազդեցություն են ունենում Հայաստանում, թե` ոչ:

-Այդ ծրագրերը նոր չէ, որ անցկացվում են, ես ինքս որոշ ժամանակ մասնակցել եմ այդ ծրագրերից մեկին: Կարծում եմ, որ ուսուցողական ցանկացած ծրագիր, կվերաբերվի դա հասարակության զարգացմանը, քաղաքացիական հասարակությանը, թե ընդհանրապես քաղաքացիների շահերի պաշտպանությանը, դրանք միշտ պրոդուկտիվ և կարևոր են:

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Լուսանկարը՝ Մարիամ Բարսեղյանի

Երեկոյան բեմի առջև հավաքվեց Վանաձորի գրեթե ողջ երիտասարդությունը: Մաշա Մնջոյանի և Հայկ Պետրոսյանի երգերի ներքո բոլորը պարում էին և վայելում երեկոն: Քաղաքը իսկապես տոնում էր այս օրը Եվրոպայի հետ միասին: