Tamara galstyan

Հայկական ֆիլմեր. սև ու սպիտակ

Մի երկու տարի առաջ, երբ մայրիկս հեռուստացույցով գրեթե միշտ հայկական ֆիլմեր էր դիտում, ես նյարդայնանում էի.

-Լավ էլի, մամ, էլի ես սև-սպիտակ կինոն ես նայում, ախր, մի հետաքրքիր բան էլ չկա, ի՞նչ էս էդքան կլանված նայում:

Այդ ժամանակ ես ընդհանրապես ցանկություն չունեի նայել այդ ֆիլմերը, որովհետև անհետաքրքիր էր (ինչ անխելքն էի): Այս տարի, քանի որ ունեմ բանավոր քննություն գրականություն առարկայից, ինձ հանձնարարված է կարդալ շատ ու շատ գեղարվեստական գրքեր: Գրքերը վերցնում էի դպրոցի գրադարանից, ու ամեն գիրք վերցնելուց գրադարանավարուհին՝ ընկեր Ջուլիկը, ասում էր, որ ֆիլմն անպայման դիտեմ, ու վաղը կիսվեմ տպավորություններով: Մտքիս մեջ ասում էի. «Վայ, էս էլի էն սև-սպիտակ կինոներից ա լինելու, հավես չունեմ նայեմ», բայց հետո մտածում էի. «Ախր, ինձ պետք ա, բա որ քննությանը դա ընկնի, գուցե ֆիլմը օգնի՞ ավելի լավ հասկանալ ստեղծագործությունը»: Գնացի տուն և առաջին ֆիլմը, որ դիտեցի, Հովհաննես Թումանյանի «Գիքորն» էր: Մինչ այդ ամբողջությամբ չէի դիտել: Հա, «Գիքորը» միակ ֆիլմն էր, որ սիրել եմ (բայց հիմա միակը չէ), երկրորդը՝ Նար-Դոսի «Սպանված աղավնին», երրորդը՝ Ստեփան Զորյանի «Խնձորի այգին», չորրորդը՝ Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արևը», և այդպես շարունակ: Չեմ թաքցնի և կասեմ, որ այս բոլոր ֆիլմերի ժամանակ արցունքները աչքերիցս հոսում էին (երբեք այդպես չէի հուզվել ֆիլմերից): Կարծիքս հին հայկական ֆիլմերի մասին փոխվեց ամբողջությամբ, դրանք իմ աչքին երևացին այնքան գունավոր, այնքան լուսավոր, այնքան հեքիաթային: Անչափ հաճելի է հայկական ֆիլմեր դիտելը, նախ, հաճելի է տեսնել բնական գեղեցկությունը: Այսօրվա ֆիլմերում կանանց շպարը շատ ցայտուն է (մի քիչ մեղմ եմ արտահայտվում), իսկ հայկական հին ֆիլմերում կնոջը տենում ես իր բնական գեղեցկությամբ: Երկրորդը՝ հայկական ֆիլմերում իսկապես շունչ ես զգում, քեզ թվում է, թե այդ ամենը քո աչքի առաջ է տեղի ունենում: Այնքան բարություն կա այդ ֆիլմերի մեջ, այնքան մաքրություն, որ մարդկանց հոգում հետք են թողնում, ամեն ֆիլմից մի կարևոր բան ես սովորում: Երբ դիտում եմ հայկական ֆիլմ, զգում եմ, թե հերոսը կամ հերոսուհին ինչ հոգեվիճակում է գտնվում: Այդ ամենը նաև շնորհիվ դերասանական անձնակազմի, հրաշալի են կատարում իրենց դերը: Այնքան բան կա ասելու հայկական ֆիլմերի մասին, բայց այսքանով այսօր կսահմանափակվեմ: Ուղղակի խնդրում եմ բոլորին. անջատեք այդ հնդկական սերիալները ու նայեք մերը՝ մեր հայկականը, հաստատ այն ամենը, ինչ ստանալու եք հայկական ֆիլմերը դիտելուց, երբեք չեք ստանա այլ ֆիլմերից: Շնորհակալ եմ, մայրիկ, ու շնորհակալ եմ, ընկեր Ջուլիկ, որ ծանոթացրիք ինձ այդ հրաշալի, սև-սպիտակ ու գունավոր աշխարհի հետ:

Հ.Գ Առաջինը դիտեք «Աշնան արևը», հետո անպայման մյուսները: Բարի դիտում: