milena barseghyan

Անշունչները

-Ես հաշտեցրի աղջկան և տղային․ ամեն օր սիրուն ծաղկամանում եմ, ոտքս ոտքիս գցած, սպասում եմ, որ աղջիկը մոտենա ու բույրս զգա։

-Ես թռա ու հայտնվեցի հարսնաքրոջ ձեռքում․ բախտ դարձա, որ պիտի բացվեր։

-Ես գնացի հոգեհանգստի․ լսեցի՝ ինչպես են աշխարհից զզվող մարդիկ լաց լինում աշխարհից հեռացած մեկի համար։

-Ես հայտնվեցի եկեղեցու խորանին, ինձ ընծայեցին Աստվածամորը․ թվում է՝ թառամելուց հետո ուր էլ հայտնվեմ, մեկ է, կմնամ անթառամ։

-Ես վեցամյա մատիկներով գրկվեցի և երկա՜ր ձգվեցի դեպի բարձրահասակ ուսուցչուհին. օրվա սև ու սպիտակի մեջ ես շա՜տ գունավոր էի։

-Ես մնացի իմ հողում ու ապրեցի ուզածիս չափ․ արևն իրենով ողողեց ինձ ամե՛ն օր։

-Ես կոխոտվեցի։

-Ես հատիկ-հատիկ պոկվեցի, մեկիկ-մեկիկ ցավացի. մարդն ի՞նչ է, որ հասկանա՝ ես չեմ որոշում՝ սիրում է, թե չէ։

-Ես լեռների վրա էի․ քամու հետ մտերիմ ու քաղաքից վերացած։

-Ես քամվում եմ մեղուների կողմից․ խեղճերը մարդկանց կծելը թողած՝ մեղր են սարքում նույն մարդկանց համար։

-Ես մնացի ծաղկավաճառի դույլի մեջ այնքան, մինչև թառամեցի ու անպիտան դարձա գնորդների համար․ ես վաճառվեմ` ինձ չգնե՞ն: